ARMSME

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին․ Մաս 1

Բիզնեսում հաջողության հասնելու գլխավոր բանաձևերից մեկը հետևյալն է, երբ գոհ են աշխատակիցները՝ գոհ են հաճախորդները։

Այդ պատճառով անչափ կարևոր է ունենալ այնպիսի աշխատակիցներ, որոնք միշտ կլինեն գոհ և մոտիվացված։ Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելը, այսօր կներկայացնենք 10 միջոց, որոնց շնորհիվ ձեր աշխատակիցները միշտ մոտիվացված կլինեն։

1․ Լավ վերաբերմունք և աշխատանքային լավ միջավայր

Բիզնեսում հաջողության հասնելու համար անչափ կարևոր է աշխատանքային լավ միջավայրը։ Ինչպես դուք եք վերաբերվում ձեր աշխատակիցներին, այնպես էլ հաճախորդները կվերաբերվեն ձեզ։ Ինչու՞ են նրանք՝ ձեր աշխատակիցները, պարտավոր բարեհամբույր լինել հաճախորդի հետ, եթե նրանց հետ վատ եք վարվում անձամբ դուք։

Երբ ձեր աշխատակիցը լավ է կատարում իր աշխատանքը, ապա պետք է գովաբանել նրան՝ խրախուսել, իսկ երբ թերանում է, պետք է բացատրել և փորձել սխալների ուղղում կատարել։

2․ Գնահատական

Աշխատակիցներին մոտիվացնելը ձեզանից շատ մեծ ծախսեր չի պահանջի։ Ընդամենը 1 հեռախոսային զանգը, որը կպարունակի շնորհավորանք և երախտիքի խոսք հաջողված շաբաթի մասին երբեմն ավելի շատ են մոտիվացնում աշխատակիցներին, քան ինչ որ նյութական պարգևատրում, սակայն դրա մասին ևս պետք չէ մոռանալ։

Իհարկե, կլինեն պահեր, երբ անհնար կլինի նյութականով մոտիվացնել աշխատակցին, սակայն պետք է պահել նրա հետ ջերմ շփումը, որպեսզի նա զգա իր կարևորությունը թիմի և ընկերության համար։

3․ Ճիշտ շեշտադրումներ

Շատ կարևոր է, որ գործատուն աշխատանքի ընթացքում հստակ բացատրի աշխատանքային առաջադրանքներն ու նպատակները։ Օրինակ, լինում են դեպքեր, երբ բարդ ժամանակաշրջաններում պետք է ավելացնել վաճառքները։ Այդ դեպքում տնօրենը պետք է իրական նպատակներ դնի իր աշխատակիցների առջև, որպեսզի նրանք դրանք իրականացնելու դեպքում ոգեշնչվեն։

4․ Աշխատանքի ճիշտ կազմակերպում

Ինչ պայմաններում էլ ընթանա աշխատանքը, այն պետք է լինի ճիշտ կազմակերպված։

Ինչու՞ է սա կարևոր։ Լինում են դեպքեր, երբ մեծ կազմակերպություններում մեկի աշխատանքը խստորեն կապված է մյուսի աշխատանքից։ Այսինքն, երբ առաջին աշխատակիցը չի ավարտել իր առաջադրանքը, երկրորդը չի կարող սկսել։ Սա, իհարկե, աշխատակիցների մոտ կառաջացնի մոտիվացիայի պակաս։ Եվ հակառակը՝ երբ ամեն ինչ ճիշտ է կազմակերպված, աշխատակիցները ոգեշնչվում են։

5․ Մի փորձեք պահել նրանց, ովքեր չեն համապատասխանում ձեր պահանջներին

Եթե դուք լավ եք ղեկավարում ընկերության աշխատանքները, ապա հստակ գիտեք, որ թիմում պետք չէ պահել նրանց, ովքեր չեն համապատասխանում ձեր պահանջներին։ Սա առաջին հայացքից կարող է թվալ տրամաբանական, սակայն հնարավոր է հարց առաջացնի, թե ի՞նչ կապ ունի այս ամենն աշխատակիցների մոտիվացիայի հետ։ Պատճառը մեկն է․ աշխատակիցներից մեկը տեսնելով, որ մյուս աշխատակիցը թերի է անում իր աշխատանքը և շարունակում է մնալ թիմում՝ չի գործադրի ոչ մի ջանք ավելին անելու համար, քանի որ իրեն արդեն ապահովագրված կզգա, ինչը, իհարկե, բացասաբար կանդրադառնա աշխատանքի որակի վրա։

6․ Նորամուծություններ

Ցանկացած, նույնիսկ ամենահետաքրքիր և սիրելի աշխատանքը կարող է ձանձրացնել ժամանակի ընթացքում։ Երբեմն աշխատակիցների մոտ հնարավոր է զգացվի հոգնածություն և միապաղաղաություն, այդ պատճառով պետք է ուղղակի նորամուծություններ մտցնել՝ անընդհատ փոխելով կանոնները, տարածքը, տեղանքը և այլն։ Նոր հետաքրքրությունները միշտ դրական են անդրադառնում աշխատանքի որակի վրա։

7․ Պարգևատրման 2 «ոճ»

Ամսական և եռամսյակային կամ այլ պարգտատրումները միշտ դրական են անդրադարձել աշխատանքի որակի վրա, սակայն աշխատակիցների օրական մոտիվացիոն չափաբաժինը լրացնելու համար անհրաժեշտ է մտածել նոր բան։ Կարող եք գնել ինչ-որ նվերներ, որոնք աշխատակիցները կստանան անմիջապես կարևոր և բարդ առաաջադրանքը կատարելուց հետո։

Ավելի լուրջ և թանկարժեք նվերները կարող եք տալ ձեր աշխատակիցներին, երբ նրանք անհատապես բարձր որակներ են ցուցադրում և նոր հաջողությունների են հասնում։ Այդպես, օրինակ կազմակերպություններից մեկում «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն պարգևատրվել էր «Մանչեսթեր Սիթի»-«Բարսելոնա» հանդիպման տոմսով, քանի որ եղել է անգլիական ակումբի երկրպագու։ Սա ևս խոսում է այն մասին, որ պետք է շատ լավ իմանալ ձեր աշխատակիցների նախասիրությունները։

8․ Մշտական ուսուցում

Տարբեր դասընթացների հաճախակի կազմակերպումը ոչ միայն կօգնի բարձրացնել ձեր աշխատակիցների որակավորումը, այլ նաև մոտիվացիան։ Աշխատակիցները կզգան, որ ղեկավարները ոչ միայն հետաքրքրվում են ընկերության արդյունքների մասին այլ նաև օգնում են հասնել դրանց։

9․ Աշխատանքային լավ պայմաններ

Դուք պետք է վստահ լինեք, որ ձեր աշխատավայրում ամեն ինչ ստեղծված է նորմալ աշխատելու համար։ Տարածքը պետք է լինի մաքուր, ունենա ջուր, սուրճի հնարավորություն և այլն։ Հիշեք, որ ցանկացած աշխատակցի բավարարելը ևս ձեր խնդիրն է։ Մարդկանց պետք է հաճելի լինի այն միջավայրը, որտեղ նրանք աշխատում են և եթե ղեկավարները դա հասկանում են, ապա աշխատակիցները անպայման գնահատում են դա։

10․ Կարիերայի աճ ապահովելը

Քանզի աշխատաշուկան երիտասարդանում է, շատ կարևոր է, որ երիտասարդ աշխատակիցները տեսնեն իրենց կարիերայի հնարավոր աճը՝ ձեր ընկերությունում աշխատելիս։ Հնարավոր աճը, տեսանելի աճը միշտ մոտիվացնում են աշխատակցին։ Հիշեք, որ կարիերայում վերելքի յուրաքանչյուր աստիճան նոր հնարավորություններ կբացի նրանց առաջ։

Շուտով կտեղադրենք և 10 միջոց, որոնք կմոտիվացնեն ձեր աշխատակիցներին, իսկ մինչև այդ, դրամաշնորհային ծրագրերին և կրթական այլ նյութերին ծանոթանալու համար բաժանորդագրվեք մեր տելեգրամ ալիքին սեղմելով այստեղ։

Կիսվել նյութով