Բիզնես ինկուբատորը կազմակերպություն է, որը տարբեր տեսակի աջակցություններ է տրամադրում երիտասարդ ընկերություններին զարգացման տարբեր փուլերում՝ անկախ նրանց բիզնես մոդելից: Ինկուբատորի գործը ծառայությունների անվճար տրամադրումն է: Նման աջակցությունը կարող է սկսվել հենց բիզնես գաղափարի զարգացումից և ավարտվել առևտրայնացմամբ։
Նմանատիպ առաջին կազմակերպությունը ստեղծվել է դեռևս 1959 թվականին, երբ Ջոզեֆ Մանկուսոն գործարան գնեց Նյու Յորքի Ջենսի կոմսությունում։ Այս պահեստը կոչվեց «Բատավիայի արդյունաբերական կենտրոն» և սկսեց օգնել տեղական բիզնեսներին ու խանութներին։ Մանկուսոյի պահեստի նմանությամբ շուտով այդպիսի ձեռնարկություններ սկսեցին բացվել ամբողջ Միացյալ Նահանգներում, մինչև 1985 թվականը դրանց թիվը գերազանցեց 70-ը:
Ինկուբատորը՝ բիզնես տերմին
Բիզնես ինկուբատորները սովորաբար ֆինանսավորվում են պետության կողմից՝ նպատակ ունենալով զարգացնել փոքր կամ միջին բիզնեսը և հասնել տնտեսական հաջողությունների։ Այս աճը ձեռք է բերվում ինկուբատորի կողմից նախագծում ներդրված ռեսուրսների միջոցով: Դրանք կարող են ներառել ինչպես ֆիզիկական տարածքներ, այնպես էլ ֆոնդեր, մարզչական, մասնագիտական ծառայություններ, ծրագրային ապահովման տեղադրում և այլն:
Բիզնես ինկուբատորների դերն ու գործառույթները
Բիզնես ինկուբատորները դեռևս մեծ պահանջարկ ունեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, քանի որ դրանք իրականացնում են հետևյալ գործառույթները.
- Նրանք իրենց վրա են վերցնում ֆինանսական ծախսերը (մասնակի կամ ամբողջությամբ): Սա է ցանկացած բիզնես ինկուբատորի հիմնական գործառույթը, ինչի պատճառով էլ ստարտափները հաճախ դիմում են առաջին հերթին նրանց օգնությանը։ Օրինակ, ինկուբատորները թույլ են տալիս ընկերություններին խնայել մարքեթինգային ծախսերը կամ արտադրանքի թողարկումը:
- Լրացուցիչ անվտանգություն. Բիզնես ինկուբատորները օգնում են ստարտափներին հարկային հաշվետվությունների հարցում և այդ ընթացքում աջակցում են նրանց բյուրոկրատական ճանապարհին` երաշխավորելով հուսալիություն և ապահովելով օգտակար գործարար կապեր:
- Մենթորություն. Քանի որ բիզնես ինկուբատորները կազմված են փորձառու փորձագետներից և մենեջերներից, ստարտափը ցանկացած պահի կարող է նրանցից խորհուրդներ և առաջարկություններ ստանալ: Ըստ էության, ձեռնարկատերը սովորում է, թե ինչպես սկսել բիզնեսը գործնականում, ինչպես նաև սովորում է, թե ինչպես մրցակցել, մշակել ռազմավարություններ, լինել առաջնորդ:
Միևնույն ժամանակ, ինկուբատորները հարմար են բոլոր տեսակի բիզնեսների և ոլորտների համար՝ ճարտարապետությունից մինչև արդյունաբերություն: Տնտեսության և ընդհանուր առմամբ պետության շրջանակներում կարևոր ու մեծ դեր են խաղում բիզնես ինկուբատորները, քանի որ դրանք.
- Ստեղծում են աշխատատեղեր. Շատ կարևոր է, որ բիզնեսի ինկուբացիոն ծրագրերն անխուսափելիորեն հանգեցնեն զբաղվածությանը և կարիերայի հնարավորությունների ավելացմանը: Որոշ ինկուբատորներ առաջարկում են աշխատանք հատուկ ուսանողների համար, ովքեր ցանկանում են բիզնեսի փորձ ձեռք բերել փորձագետների հսկողության ներքո: Նաև պետություններն իրենք են ներդրումներ անում բիզնես ինկուբատորներում՝ խթանելու տարածաշրջանային բիզնեսը, ինչի շնորհիվ բիզնեսը հնարավորություն ունի ընդլայնելու մասնագետների կազմը։
- Նպաստում են տնտեսական զարգացմանը. Բիզնես ինկուբատորները հաճախ մատուցում են ոչ միայն գործնական ծառայություններ, այլ նաև մենթորություն և կրթություն:
- Նպաստում են նորարարության զարգացմանը. Ինկուբատորները կարող են իրենց թույլ տալ օգտագործել բարձր տեխնոլոգիաներ և հաճախ այն ներմուծել իրենց հովանավորության ներքո գտնվող բիզնեսում: Այս կերպ տեխնոլոգիաները մասսայականացվում և տարածվում են։
Թերություններ
Եթե խոսենք ինկուբատորների թերությունների մասին, ապա պետք է նշել սրանք.
- Տրամադրված տարածքի տեսակը և ձևաչափը ընտրելու անկարողությունը. Եթե բիզնես ինկուբատորը հետաքրքիր է համարում ձեր բիզնեսը, ապա առաջ է քաշում պայմանները։ Բիզնեսը կարող է միայն համաձայնվել դրանց հետ կամ ոչ:
- Որոշ դեպքերում վճարովի ծառայություններ. Ոչ բոլոր ինկուբատորներն են հոգում ծախսերի 100%-ը: Հաճախ վճարվում է ծախսերի միայն կեսը կամ վճարում ինկուբատոր համայնքին անդամակցելու համար, որից հետո էլ սկսվում է ամբողջ աշխատանքը։
Ինկուբատորի մոդելները և տեսակները
Կարելի է առանձնացնել մի քանի տեսակներ.
Տեխնոլոգիական
Տեխնոլոգիական բիզնես ինկուբատորները մասնագիտացած են գիտության և տեխնոլոգիաների ոլորտում նորարարական նորաստեղծ ընկերություններին օգնելու համար: Այս տեսակի ինկուբատորները մատուցում են տարբեր ծառայություններ, հսկողություն և ֆինանսական աջակցություն, սակայն իրենք այս ամենը ստանում են կառավարությունից։ Օրինակ՝ Չինաստանում և Հնդկաստանում գերիշխող են տեխնոլոգիական ինկուբատորները։
Ստարտափ
Ինչպես ենթադրում է անունը, ստարտափ բիզնես ինկուբատորները մասնագիտանում են բացառապես ստարտափների մեջ (այսինքն՝ արագ զարգացող և նոր զարգացող նախագծերում): Որպես կանոն, սրանք նախատեսված են զարգացման առաջին փուլերում բիզնեսին բնորոշ խնդիրներ լուծելու համար. օրինակ՝ վարձակալության տարածք գտնել, ռազմավարություն մշակել, թիմ ընտրել և այլն։
Այս ինկուբատորները սովորաբար շահույթ չհետապնդող կազմակերպություններ են, որոնք հաճախ համագործակցում են համալսարանների կամ բիզնես դպրոցների հետ, որտեղ ամենայն հավանականությամբ էլ ստեղծվում են նոր գաղափարները:
Վիրտուալ
Վիրտուալ բիզնես ինկուբատորն առաջարկում է իր ծառայություններն ու աջակցությունը բիզնեսներին հեռակա կարգով: Այսինքն՝ բիզնեսի և դրա զարգացման հետ բոլոր համագործակցությունները տեղի են ունենում առցանց, օրինակ՝ բացելով բիզնես դպրոցների թվային գրադարաններ, առցանց մարքեթինգային դասընթացներ և այլն: Նման ինկուբատորները կարող են նույնիսկ ֆիզիկական գրասենյակ չունենալ և հիմնված լինել բացառապես մեկ կայքում:
Սրանք պահանջարկ ունեն ոչ զարգացած երկրներում, ինչպիսին է Հարավային Աֆրիկան: Նույնիսկ հայտնի միջազգային ինկուբատորները կարող են հեռավար ծառայություններ մատուցել՝ ուղարկելով իրենց խորհրդատուներին ֆիզիկապես հեռավոր շրջաններ կամ կապ հաստատելով բիզնեսի ներկայացուցչի հետ հեռախոսով: Այնուամենայնիվ, սա բիզնես ինկուբատորների ամենահակասական մոդելներից է, քանի որ բիզնեսի համապարփակ և միատեսակ զարգացումը դեռ պահանջում է դրանում փորձագետների անմիջական մասնակցություն։
Սոցիալական
Այս տեսակի ինկուբատորները իրենց աջակցությունն են տրամադրում բացառապես փոքրամասնություններին կամ բնակչության առավել խոցելի շերտերին: Օրինակ՝ կանանց կամ տարբեր աղետներից տուժած երիտասարդական ստարտափներին և այլն։ Նման ինկուբատորները գործում են պետական մարմինների կամ բարեգործական հիմնադրամների հսկողության ներքո։
Աքսելերատոր և ինկուբատոր
Չի կարելի այս 2-ը շփոթել միմյանց հետ։ Որո՞նք են սրանց տարբերությունները․
- Ժամկետը․ Դուք կարող եք տարիներ շարունակ մնալ ինկուբատորում, իսկ աքսելերատորն օգնում է նախագծին կարճ ժամանակահատվածում տեղափոխվել գործող բիզնեսի փուլ։
- Ֆինանսական ներդրումները․ Աքսելերատորը ներդրումներ է կատարում ստարտափում և դրա համար ստանում բաժնետոմսեր։
- Առաջադրանքները․ ինկուբատորները հարմար են նորաստեղծ գաղափարների համար, աքսելերատորները` առավել հասունների:
Փուլեր
Ընկերության բիզնես ինկուբատորով անցնելու առաջին քայլը դիմումի ներկայացումն է. դուք պետք է պատմեք ձեր գաղափարի մասին և դա արեք այնպես, որ ձեզ հավատան։ Դրա համար բիզնես պլան մշակելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել մանրուքներին։ Օրինակ, եթե մենք խոսում ենք արտադրված ապրանքների վաճառքի մասին, բավական չէ նշել, որ վաճառքը կիրականացվի մանրածախ ցանցերի միջոցով, դուք պետք է հիմնավորեք այն պատճառները, թե ինչու մանրածախ վաճառողները կնախընտրեն ձեր ապրանքը:
Դիմումին ուղեկցող բիզնես պլանը կարող է ներկայացվել էլեկտրոնային փոստով, փաստաթղթերը կուսումնասիրվեն փորձագետների կողմից։
Բացի այդ, դուք պետք է պատրաստ լինեքն, որ ձեզանից կպահանջվի նախագծի անհատական ներկայացում՝ փորձագիտական խորհրդին:
Այն դեպքում, երբ մասնագետները համարում են, որ նախագիծը դեռևս պատրաստ չէ, ձեզ կարող են խորհուրդ տալ ցանկացած դասընթաց կամ թրեյնինգ, որն անցկացվում է նույն բիզնես ինկուբատորում: Դուք չպետք է հրաժարվեք դրանից, քանի որ, նախ, վերապատրաստման ծրագրերին մասնակցելը թույլ կտա ավելի լավ պատրաստվել ձեր գաղափարի իրականացմանը, ստանալ բաց թողնված տեղեկատվությունը, և երկրորդը, այն ձեզ հնարավորություն կտա կատարել անհրաժեշտ փոփոխությունները բիզնես պլանում և կրկին դիմել:
Եզրակացություն․ Ինկուբատորների հիմնական առավելությունն այն է, որ այստեղ կարելի է գալ միայն գաղափարով, այսինքն՝ բիզնեսի սկսնակ փուլում և ծախսելով 1-ից 3 տարի, գրանցել մեծ հաջողություններ հմուտ մասնագետների և փորձագետների շնորհիվ։