ARMSME

Գաթայի փառատոն․ հայկական ավանդույթների համն ու հոտը

Հայաստանում տարիներ շարունակ անցկացվում են մի շարք փառատոններ, որոնք տեղական մշակույթը հասանելի են դարձնում զբոսաշրջիկներին: Դրանցից մեկը Գաթայի ամենամյա փառատոնն է, որը նվիրված է հայկական ազգային հրուշակեղենի և սովորորույթների տարածմանը: 

Արդեն ավանդույթ դարձած Գաթայի փառատոն-ը այս տարի ևս կնշվի Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում, սեպտեմբերի 21-ին։ 2013 թվականից սկսած այս ազգային տոնը անցկացվում է Արենի համայնքի Խաչիկ գյուղում, որը հայտնի է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով և առատ բերք ու բարիքով։

Հարուստ մշակութային ժառանգություն ունեցող Խաչիկի բնակիչները հայտնի  են իրենց հյուրընկալությամբ և առատաձեռնությամբ, տեղական հայտնի քաղցրավենիքներից է գաթան, որը այստեղ պատրաստում են յուրաքանչյուր տանը և ամենքն իր իսկ բաղադրատոմսով։ 

Սահմանամերձ Խաչիկը ամեն տարի ավելի ու ավելի մեծ ոգևորությամբ է պատրաստվում գաթայի փառատոնին, որը վերածվում է իսկական տոնի և նշվում մեծ շուքով։ Փառատոնի անցկացման վայրը տարիներ շարունակ անփոփոխ է եղել, «Արփա» բնապահպանական հիմնադրամի այցելուների ծրագրի ղեկավար Մերի Գալստյանը նշում է․ «Խաչիկը կտրված է ընդհանուր մարզի կենտրոնական հատվածներից և երբ գյուղի բնակիչները հյուրեր են ունեցել, թխել են գաթա ու փոխանցել նրանց, որ ճանապարհին ուտեն, քանի որ Խաչիկը Արենիին կապող ճանապարհը բավականին երկար է, իսկ գաթան համարվել է երկարակյաց քաղցր հաց»։

Փառատոնը կարևոր է ոչ միայն գյուղի մշակութային կյանքի ակտիվացման և սերնդեսերունդ փոխանցվող ավանդույթների հանրայինացման առումով, այլև այն մեծ իրադարձություն է ձեռնարկատիրությամբ զբաղվող գյուղացիների համար, որոնք կարողանում են իրացնել իրենց կողմից պատրաստված արտադրանքները ի շնորհիվ այդ տոնին գյուղ այցելող հազարավոր հյուրերի և տիրող ակտիվության։ 

Տեղական արտադրանքի տոնավաճառ, համերգային ծրագրեր, ավանդական երգ ու պար, արվեստի և արհեստի գործերի բազմաթիվ ցուցահանդեսներ և իհարկե, 2017 թվականին Դյուցազնագրքում գրանցված ամենամեծ գաթայի պատրաստումը, որի տրամագիծը այս տարի լինելու է 4 մետր։ Այն համարվում է փառատոնի գլխավոր զարդը։

«Գաթան խորհրդանշում է ընտանիքի միասնությունը, քանի որ պատրաստման գործում մասնակցություն են ունեցել ընտանիքի բոլոր անդամները, սկսած գաթա հունցելուց մինչև թոնիրի վառման արարողություն», ասում է «Արփա» բնապահպանական հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանը։

Գաթայի փառատոնը կազմակերպում է «Արփա» բնապահպանական հիմնադրամը Արենիի համայնքապետարանի հետ և համատեղ Հ․Հովնանյան ընտանեկան հիմնադրամի։

Գաթայի փառատոնը հատկապես կարևոր է տեղի ձեռներեցների համար, ովքեր կարող են իրենց արտադրանքը ներկայացնել և վաճառել լայն լսարանին։ Փառատոնը հարթակ է դառնում փոքր բիզնեսի համար՝ թույլ տալով մասնագետներին ոչ միայն պահպանել ավանդույթները, այլև զարգացնել իրենց բիզնեսը՝ ամրապնդելով տարածաշրջանի տնտեսությունը։ Այսպիսով, գաթայի փառատոնը ոչ միայն պահպանում է մշակութային ժառանգությունը, այլև աջակցում է տեղական բիզնեսներին՝ նպաստելով նրանց աճին և բարգավաճմանը:

Կիսվել նյութով