ARMSME

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն միտված է պարտադիր դրոշմավորմամբ ապրանքների նույնականացման գործընթացի արդիականացմանն ու բարելավմանը՝ ապահովելով ապրանքների շարժի հետագծելիություն՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վերջնական սպառում։

Նախագծի հիմնական նպատակը նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի արդյունավետ գործարկումն է, այդ թվում՝ ապրանքաշրջանառության բոլոր փուլերում գործընթացների պատշաճ կազմակերպումը, հարկային հսկողության մեխանիզմների կատարելագործումը և հարկային իրավախախտումների հայտնաբերման արդյունավետության բարձրացումը։

Օրենքի ընդունմամբ կստեղծվի իրավական հիմք, որը թույլ կտա կառավարությանը սահմանել այն դեպքերը, երբ ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տվյալները պետք է հարկային մարմին փոխանցվեն էլեկտրոնային եղանակով՝ հավելվածի միջոցով։ Այս մոտեցումը հատկապես կարևոր է այն ոլորտներում, որտեղ առևտրի իրական ծավալները հաճախ չեն արձանագրվում ամբողջությամբ, մասնավորապես՝ հանրային սննդի և հյուրանոցային ծառայությունների ոլորտներում, որտեղ ապրանքներն օգտագործվում են ոչ թե առանձին վաճառքի, այլ ծառայությունների մատուցման ընթացքում։

Կսահմանվի նաև տուգանքների նոր համակարգ այն դեպքերի համար, երբ տնտեսվարողները ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ չեն տրամադրում տեղեկատվություն կամ էլ տրամադրում են փաստացի տվյալներից տարբերվող տեղեկատվություն: Այս դեպքում յուրաքանչյուր խախտման դեպքում սահմանվում է 30 հազար դրամ տուգանք։ Տուգանքների հանրագումարը մեկ ստուգման ակտով չի կարող գերազանցել՝ առաջին խախտման դեպքում 300 հազար դրամը, մեկ տարվա ընթացքում խախտման առաջին կրկնման դեպքում՝ 3 միլիոն դրամը, իսկ երկրորդ և հետագա կրկնությունների դեպքում՝ 10 միլիոն դրամը։

ՀԴՄ կիրառող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքներ վաճառելիս, պարտավոր են նույնականացման միջոցները սկանավորել, և տվյալները ՀԴՄ-ի կամ դրան միացված համակարգերի միջոցով փոխանցել հարկային մարմնի միասնական շտեմարան։ Ընդ որում, այդ նույնականացման միջոցների տվյալները պարտադիր պետք է արտացոլվեն նաև ՀԴՄ կտրոնի վրա, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ հետևել և վերահսկել ապրանքների վաճառքը: Այս պահանջը թույլ կտա հարկային ստուգման ժամանակ տեղում պարզել՝ արդյոք տվյալ ապրանքը շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով ներկայացվել է հարկային մարմին:

Օրենսդրական փոփոխությունները միտված են ստեղծելու ավելի հստակ, արդար և թափանցիկ հարկային միջավայր, որտեղ ապահովվում է ինչպես ապրանքների վերահսկելի շրջանառությունը, այնպես էլ տվյալների ճշգրիտ և ժամանակին փոխանցումը։ Դրանք նպատակ ունեն ամրապնդել հարկային կարգապահությունը, նվազեցնել ստվերը և վերականգնել վստահությունը տնտեսվարողների ու պետական համակարգի միջև։

Կիսվել նյութով

Տեքստ