Ծովը երբեք չի հանդարտվում։ Քամուց ծնված ալիքները, շարժվելով դեպի ափ, իրենց ճանապարհին ավերում են ամեն ինչ։
Նման խնդիրների բախվել ու շարունակում են բախվել աշխարհի մի շարք երկրներ։ Օրինակ Նիդերլանդները, որի 26%-ը ծովի մակարդակից ցածր է, իսկ 29%-ը ընդամենը 1 մետր բարձրության վրա, ամեն տարի «պայքարում է» ծովի դեմ՝ կառուցելով պաշտպանական շինություններ կամ «չորացնելով» այն։ Մայրաքաղաք Ամստերդամը, Ռոտերդամը և այլ քաղաքներ կառուցված են նախկին ծովեզրյա տարածքների վրա։
Իսկ ծովի ալիքների ուժը «մեղմացնելու» համար կան հատուկ միջոցներ, որոնք անվանվում են տետրապոդներ: Սրանց կարելի է հանդիպել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում և այլուր։
Crelab Shirak-ում նման միջոցների պաշտպանական դերն հաշվի առնելով, մի խումբ երիտասարդներ, արվեստագետ Հրաչյա Վարդանյանի գլխավորությամբ համադրել են «տետրապոդի» ու թալիսմանի գաղափարներն ու իրականացրել «Տետրալիս» նախագիծը։
«Նախագիծը «տետրալիս» անվանումը ստացել է տետրապոդ ու թալիսմանի բառերի համադրումից։ Մարդիկ ունենում են թալիսմաններ, որոնք պաշտպանում են իրենց` կյանքի դժվարություններից ու փորձություններից։ Քանի որ տետրապոդն էլ ունի պաշտպանական նշանակություն, այն իր անվանումը ստացել է այդտեղից», — ասում է նախագիծն իրականացնող թիմի անդամ Գոհար Հակոբյանը, որը զբաղվել է տետրապոդեր ստանալու համար նախատեսված կաղապարների պատրաստմամբ։

Նախագծի ղեկավար Հրաչյա Վարդանյանն իր խոսքում կարևորեց այս ծրագիրն այն իմաստով, որ այն հնարավորություն է տալիս մարդկանց, վեր կանգնելու իրենց մասնագիտացումներից։
«Երբ մենք համատեղում ենք տարբեր որակավորում, տեխնոլոգիական, ստեղծագործական մտածողության տեր մարդկանց և նրանց առջև խնդիր ու վերջնաժամկետ ենք դնում՝ կարող ենք ակնկալել լավ արդյունքներ։ Impact Hub-ը տարածք ու գաղափար է տրամադրել մարդկանց իրար հետ աշխատելու։ Յուրաքանչյուրն ունի բաց կողմեր։ Որպեսզի նա կարողանա իրականացնել իր գաղափարը, նա պետք է գտնի այդ մասնագետներին, իսկ այս դեպքում Impact Hub-ը յուրաքանչյուրին արդեն տվել է այդ հնարավորությունն, իսկ նրանց խնդիրը ընդհանրական գաղափար գտնելն է ու երբ թիմում կան մենթորներ, որոնք ընկալում են մեծ գաղափարը, արդեն ծրագրի հաջողությունն առանց կասկածների է»։
Իսկ նախագծի իրականացման ընթացքի ու տարբեր որակավորումներ ու մասնագիտացումներ ունեցող մարդկան հետ աշխատելու դրական կողմերի մասին, Վարդանյանը նշեց՝
«Ընթացել է ստեղծագործական աշխատանք։ Մեր առջև խնդիր է դրված եղել, որպեսզի տարբեր մասնագիտացում ու որակավորում ունեցող մարդկանց համար մեկ ընդհանրական գաղափար գտնենք ու աշխատենք մեկ նախագծի շուրջ։ Որպեսզի հասնեինք կիսելի գաղափար ունենալու կետին, որոնք կարող էին մարդիկ որդեգրել, պետք էր խորամուխ լինել յուրաքանչյուրի մտածողության մեջ ու անհնարին կլիներ աշխատանքը, եթե թիմի անդամներից մեկը նախագծի հետ հարազատություն չզգար։ Այսինքն, շղթան կքանդվեր ու աշխատանքային ընթացքն հիմնականում միտված էր մեր գաղափարն ամենօրյա աշխատանքային ռիթմով սնուցելուն ու արդյունք ստանալուն։
Գործընթացներն ավելի հեշտանում են, երբ տարբեր մասնագիտացում ունեցող մարդիկ են ներառված։ Մեր հիմնական նպատակը միավորող գաղափար գտնելն էր։ Այսինքն, մարդիկ պետք է ընդհանրական նպատակակետ ունենան, որը կապահովի մասնագիտական զարգացումը, բայց ոչ միայն տեխնոլոգիական ու գիտելիքահեն զարգացումն, այլ ավելի գաղափարական ու փիլիսոփայական մտածողության հետ կապված կոնցեպտ պետք է մշակվի, որը կարող է դառնալ այն խարույկը, որի շուրջ մարդիկ հավաքվում են ու կարող են նոր բան ստեղծել», — նշեց նա, իսկ խոսքի ավարտին նախագծին բարի ընթացք մաղթեց ու հույս հայտնեց, որ շարունակականությամբ, այն ավելի մեծ որակների կհասնի։
Նախագծի իրականացման գործում ներգրավվածություն են ունեցել Տիգրան Գևորգյանը (3D մոդելավորող), Գոհար Հակոբյան, Աննա Մխիթարյան (կավագործներ), Վարուժան Դիլոյան (2D անիմատոր), Էմիլյա Ալեքսանյան (կայքերի պատրաստում), Նատալյա Դավթյան (գորգագործություն)։

Crelab-ը, հանդիսանալով Impact Hub-ի կարևոր նախաձեռնություններից մեկը և լինելով սոցիալական ձեռնարկատիրություն, համայնքային կյանքում փոփոխություններ բերելու նպատակով տարածում է որակյալ կրթություն ստանալու առաքելությունը, ինչի համար անհրաժեշտ են միջոցներ։
«Միջոցներ ունենալու համար որոշվել է հիմնել ձեռնարկատիրություն։ Ներգրավում են դեռահասներ, ուսանողներ, կանայք։ Մենք իրենց տալիս ենք մասնագիտություն, լավագույններին ներգրավում ենք բիզնես պրոցեսների մեջ և ստեղծում ենք այնպիսի պրոդուկտներ, որոնք պետք է ամբողջ շրջափուլի ընթացքում՝ գաղափարից մինչև իրականացում ու վաճառք, տեղի ունենան Crelab-ի ներսում՝ առանց արտաքին ազդեցության։ Նման նախագծերում կարևոր է ունենալ բարձրակարգ դասընաթացներ՝ արդյունք ունենալու համար։ Որպեսզի դասընթացներն ունենային որակյալ ամփոփում՝ տեսանելի լինեին ուսանողների ջանքերը, նրանց ստացած գիտելիքները, նրանք պետք է ամփոփիչ աշխատանքներ հանձնեին ու որպեսզի այն լիներ և՛ վերահսկելի, և՛ որակյալ, և՛ ուսուցողական ու հնարավորություն տար ուսանողներին շփվելու այլ մարդկանց հետ, կապեր հաստատելու, այլ փորձառություններ ունենալու, որոշվեց, որ դիպլոմային աշխատանքները նույնպես լինեն յուրահատուկ։ Հրավիրվեցին տարբեր ոլորտներում կայացած մասնագետներ։ Արդյունքում, ուսանողները բաժանվեցին խմբերի ու յուրաքանչյուր խմբում կային տարբեր դասընթացներով անցած մարդիկ։ Խմբերը բաժանվել են պատահականության սկզբունքով ու գաղափարը նրանում էր, որ 1 խմբում լինեին տարբեր դասընթացների մարդիկ», — պատմում է Crelab Shirak-ի գործարար և ստեղծարար բաժնի պատասխանատու Միշա Պողոսյանը։

Ըստ նրա, տետրալիսի հաջողության գրավականը ոչ միայն ուսանողների տարբերվող ու ստեղծարար մտածողությունն էր, այլ նաև նախագծի ղեկավարի հմտությունը, փորձառությունն ու ձիրքը՝ ամեն ինչ այլ տեսանկյունից տեսնելու։
Impact Hub Armenia-ն տարատեսակ ծրագրերով աջակցել է բազում սոցիալական ձեռնարկատերերի, բայց սեփականն ունենալը դեռ չէր հաջողվել։ CRELAB Shirak-ը դարձավ 1-ինը։ Վստահաբար, այն դրական փոփոխություններ կբերի Գյումրիին ու Շիրակի մարզին, իսկ տետրալիսի մասին ավելին կարող եք իմանալ այստեղ։