ARMSME

Մեկնարկել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագիրը

Հոկտեմբերի 31-ին Երևանում կայացել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (𝐈𝐀𝐃𝐀𝐀𝐌) ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։

IADAAM ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ։ Այն համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։

Ողջունելով ծրագրի մեկնարկը՝ Արման Խոջոյանը նշել է, որ այն նոր էջ կբացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար՝ նպաստելով Կառավարության կողմից ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների իրականացմանը, ոռոգվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված նորարարարական կայուն մեխանիզմների ներդրմանը, ֆերմերների որակյալ ուսուցման ծրագրի միջոցով վերջիններիս գյուղատնտեսական փորձի համապատասխանեցմանը ներկայիս պահանջներին և բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակման ընդլայնմանը։

«Ծրագիրը հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից, որի արդյունքում ոռոգման համակարգերի արդիականացումը և բարելավումը կբարձրացնեն գյուղատնտեսության արդյունավետությունը՝ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը», — ընդգծել է Արման Խոջոյանը։

IADAAM ծրագրում տեխնիկական աջակցության բաղադրիչն իրականացվում է «Ագրո քընսալթինգ Եվրոփ»-ի գլխավորած «Ավենյու քընսալթինգ գրուպ»-ի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ մասնակցությամբ կոնսորցիումի կողմից, որը հանդես է գալիս որպես ծրագրի օպերատոր՝ նպատակ ունենալով ինստիտուցիոնալ աջակցություն տրամադրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ թիրախային ոլորտներում գյուղատնտեսական քաղաքականության և բարեփոխումների մշակման գործում։

Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի նպատակները, հիմնական բաղադրիչները և դրա դերը կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության դիմացկունության բարձրացման գործում:

Կիսվել նյութով