ARMSME

Հայաստանի տնտեսությունն էապես կախված է Ռուսաստանից․ Կառլեն Խաչատրյան

Այսօր զրուցել ենք ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի
Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի հետ
«ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության
վրա» թեմայով։


Տնտեսագետի խոսքով ռուս-ուկրաինական պատերազմն ու դրանով
պայմանավորված Ռուսաստան-Արևմուտք տնտեսական դիմակայություն ու
աշխարհաքաղաքական վերադասավորումները հսկայական մարտահրավերներ են
մեր երկրի տնտեսության համար։


«Առանց այն էլ Հայաստանի տնտեսությունը հետպատերազմյան խնդիրները չէր
հաղթահարել, 2020թ-ի տնտեսական անկումից 2021-ին այդպես էլ չկարողացանք
լիարժեքորեն վերականգնվել ու 2021թ․-ի տնտեսական տարին փակեցինք՝
չհասնելով անգամ 2019-ի վիճակին ու մեր տնտեսության ներքին խնդիրները
չլուծած ստիպված ենք բախվել արտաքին շոկերին, որոնց ազդեցությունը կարող է
իրապես ծանր լինել», — ասում է մեր զրուցակիցը։


Խաչատրյանի խոսքով Հայաստանի տնտեսությունն էապես կախված է Ռուսաստանից և գաղտնիք չէ, որ այդ երկրին է ընկնում մեր արտաքին առևտրաշրջանառության 30%-ը։ Այդ ամենից բացի, Հայաստանում ներդրումների «առյուծի բաժինը» հենց Ռուսաստանինն է, և այնտեղից են գալիս տրանսֆերտների մոտ 40 %-ը։ Հաշվի առնելով այդ ամենը, Ռուսաստանի տնտեսական խնդիրները չեն կարող ազդեցություն չունենալ մեր երկրի տնտեսության վրա։ «Որպես բացասական ադզեցություն պետք է նաև նշել Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալների հնարավոր կրճատումը՝ պայմանավորված ռուսական սպառողների գնողունակության անկմամբ և ռուբլու փոխարժեքի տատանումների հետևանքով մեր ապրանքների թանկացմամբ։ Բացասական ազդեցություն կունենա նաև եկող տրանսֆերտների ծավալների նվազումը, ինչը Հայաստանի շուկայում սպառման ծավալների նվազման կհանգեցնի՝ իր հետ բերելով լուրջ սոցիալական խնդիրներ», — հավելեց նա։

Տնտեսագետի համոզմամբ դրական դրսևորումներից է ռուսաստանցիների հոսքը
Հայաստան, ովքեր անկախ նրանից թե զբոսաշրջիկի կարգավիճակով
ժամանակավոր են գալիս, թե երկարաժամկետ պլաններ ունեն և փորձում են
հաստատվել Հայաստանում, ամեն դեպքում գնումներ են կատարում, որոշակի
ծառայություններից օգտվում՝ խթանելով առևտրի, սպասարկման ոլորտների աճը։
Զրուցեցինք նաև Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին, որոնք
Խաչատրյանը համարում է աննախադեպ, թե՛ իրենց բնույթով, թե՛
մասշտաբայնությամբ։


«Որքան էլ, որ Ռուսաստանը փորձել էր նախապատրաստվել հավանական
քայլերին, ակնհայտ է նման ծավալի պատժամիջոցներն անսպասելի էին ռուսական կողմի համար։ Այս պահին պատժամիջոցների հետևանքով ռուսական բիզնեսները փորձում են արևմուտքի հետ իրենց գործարար կապերը չկորցնելու և արտադրական շղթաներն ու մատակարարման ուղիները չոչնչացնելու համար այլընտրանքային ճանապարհներ որոնել՝ այդ թվում և երրորդ երկրների միջոցով դա իրականացնել։ Սա մեր երկրի համար որոշակի հնարավորություն է յուրօրինակ միջնորդի դեր կատարել ռուսական և արևմտյան բիզնեսների համար։ Եվ առաջին հայացքից թվում է, թե դա զարգացնելու է մեր տնտեսությունն ու դրական խթաններ հաղորդի գործարար միջավայրի բարելավման համար, սակայն, եթե Ռուսաստան-Արևմուտք տնտեսական դիմակայությունը երկարատև լինի, էլ ավելի կոշտ ու ծայրահեղ դրսևորումներ ստանա, չի բացառվում, որ պատժամիջոցների աշխարհագրությունը կարող է ընդլայնվել և այդ այսպես կոչված միջնորդ երկրները ևս պատժամիջոցների տակ հայտնվեն։ Անշուշտ դա լրջագույն խնդիրներ կառաջացնի մեր տնտեսության համար։ Բայց սա իրականում հավանական սցենար է, ուստի մենք պետք է փորձենք որոշակի ռազմավարություն մշակել և պատրաստ լինենք նման զարգացումների։ Հակառակ պարագայում, եթե կրկին պետք է ընթացս էպիզոդիկ որոշումներով առաջնորդվենք, ապա որևէ դրական տեղաշարժ սպասել չենք կարող», — ասում է նա։

Ըստ տնտեսագետի՝ Ռուբլու գնի տատանումները ևս բացասաբար կանդրադառնան մեր տնտեսության վրա։ Խաչատրյանը շեշտեց, որ ռուսական փոխարժեքը որոշակի տուրբոլենտ փուլ մտավ և դա բնական էր, քանի որ իրադարձություններն արագ զարգացան և պատերազմը շատերին, այդ թվում ՌԴ քաղաքացիներին, անակնկալի բերեց։


«Պատերազմները միշտ հսկայական անորոշություններ են իրենց հետ բերում, ինչն
էլ մարդկանց դրդում է ինչ-ինչ քայլերի, ստիպում որոշակի վարքագիծ որդեգրել։ Եվ
սկզբնական փուլում ռուբլու գահավիժումը հենց այդ ցայտնոտային իրավիճակով,
մարդկանց բացասական սպասումներով, ապագայի անորոշություններով պետք է
պայմանավորել։ Հետագայում Ռուսաստանի կենտրոնական բանկի
քաղաքականության, Ռուսաստանի կառավարության կողմից պատժամիջոցների
հակազդելու, ինչպես նաև դրանց ազդեցությունը մեղմելու քայլեր ձեռնարկվեցին,
ինչը իրավիճակը մասամբ կայունացրեց։ Ռուբլու արժեզրկումը, ինչպես արդեն
նշեցի, հանգեցրեց ռուսական շուկայում հայկական արտադրանքի
մրցունակության նվազման։ Բանն այն է, որ ռուբլու փոխարժեքի նվազման
արդյունքում մեր արտադրանքը ռուբլով արտահայտված էապես թանկացավ, ինչն
էլ փոքրացրեց դրանց պահանջարկն ու սպառման ծավալները։ Բացի այդ,
Ռուսաստանից եկող տրանսֆերտները ևս դրամային արտահայտությամբ
նվազեցին, ինչը հանգեցրեց տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության
սպառման ծավալի կրճատման», — ասաց տնտեսգետը։

Ամփոփելով խոսքը, Կառլեն Խաչատրանն ասաց՝ «Դժվար է կանխատեսել ապագայում ռուբլու փոխարժեքի վարքագիծը, բայց Ռուսաստանի մոտեցումներն ու վարած քաղաքականությունը հուշում է, որ համապատասխան քայլեր են ձեռնարկվում ռուբլու դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։ Տարբեր երկրների հետ առանձին ապրանքների մատակարարման դիմաց բացառապես ռուբլով վճարելու պահանջը, ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ հաշվարկներում և վճարումներում դոլարից
աստիճանաբար հրաժարվելու առաջարկը հենց այդ տրամաբանության մասին են
վկայում»։

Կիսվել նյութով