Շարունակելով ուսումնասիրել ՓՄՁ աշխարհը, այսօր պարզելու ենք, թե ինչքանով է իրավական դաշտը հարմարեցված ՓՄՁ-ների կարիքներին ու պահանջներին՝ զրուցելով «Մադիկա» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Դիանա Մովսեսյանի հետ, ով ունի 20 տարվա աշխատանքային փորձ հայկական ու միջազգային տարբեր առևտրային ընկերություններում:
Խոսելով ՓՄՁ աշխարհում ծավալվող իրադարձություններից՝ քննարկեցինք ոլորտում առկա իրավական խնդիրներն ու բացերը: Շատ հաճախ բիզնեսում սկսնակները, հանդիպելով առաջին իրավական խնդիրներին, վախենում են խիզախել և հետ են կանգնում իրենց նպատակակետից, այն ինչ իրավաբանի օգնությամբ խնդիրը կարող էր լուծվել րոպեների օգնությամբ: Այս մասին խոսելիս՝ Դիանան նշեց, որ շատ բան է կախված, թե կոնկրետ ո՞ր ոլորտում է ՓՄՁ-ն ծավալում իր գործունեությունը և հիմնականում դրանք ընդհանուր իրավաբանական խնդիրներն են, որոնցից խուսափելու համար անհրաժեշտ է անպայման ընկերության աշխատանքներում ներգրավել իրավաբանի:
Իրավաբանական աջակցությունը բիզնեսին անհրաժեշտ է իր զարգացման յուրաքանչյուր փուլում և հատկապես՝ սկսնակների համար: Ըստ իրավաբանի կան մի քանի հարցեր, որոնց պետք է յուրաքանչյուր ընկերություն պատասխանի՝ մինչ հիմնական գործունեության անցնելը, օրինակ՝ ինչո՞վ է զբաղվելու իր ընկերությունը, արդյո՞ք այն լիցենզավորվող գործունեություն է ծավալելու, թե՞ ոչ, պե՞տք է արդյոք հատուկ կարգավորել բաժնետերերի կամ հիմնադիրների իրավահարաբերությունները, գուցե ավելի ճիշտ կլինի գործել, որպես ԱՁ, իսկ որո՞նք են ԱՁ-ի առավելություններն ու թերությունները, բացել ՍՊԸ՞, թե՞ ՓԲԸ, ո՞րն է լինելու տնօրենի դերը՝ դրածո՞, թե՞ իսկապես ղեկավար մարմին, աշխատողների քանակը, աշխատանքային իրավահարաբերությունները և էլի մի շարք հարցեր, որոնց հստակ պատասխանն ունենալն արդեն գործի կեսն է: Որից հետո՝ կախված պատասխաններից, կարելի է անցնել բուն բիզնեսի գրանցմանը:
Մեր օրերում շատ հաճախ փոքր և միջին ձեռնարկատերերը սկսնակ լինելու ու փորձառության պակասի պատճառով պայմանագրեր կնքելիս և մի շարք այլ փաստաթղթերի հետ աշխատելիս ուշադրություն չեն դարձնում մի քանի կարևոր կետերի, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ: Իրավաբանի խորհրդով նախ պետք է հստակ պատկերացում կազմել, թե ի՞նչ նպատակ ունի տվյալ պայմանագիրը և ինչպիսի՞ հարաբերություններ է այն կարգավորելու: Շատ անգամ, փորձը վկայում է, որ պայմանագիր ասելիս, պատկերացնում են մի «թուղթ», որն ուղղակի անհրաժեշտ է հաշվապահությանը վճարում ձևակերպելու համար. ինչ խոսք, սա տխուր իրավիճակ է, որն ապագայում ավելի տխուր հետևանքներ է ունենալու:
Մեր զրուցակցի բացատրությամբ պայմանագիրը փաստաթուղթ է, որի կնքումը բարդ թվացող գործընթաց է, բայց այն հեշտացնում է համագործակցությունը: Պայմանագրի տեսակի մասին հստակ պատկերացում կազմելուց հետո, ծագում է մյուս հարցը՝ որո՞նք են այն էական կամ կարևորագույն պայմանները, առանց որոնց այդ կողմերը երբեք չեն մտնի տվյալ իրավահարաբերության մեջ: Եթե դա էլ է պարզ, մնում է արդեն բուն փաստաթուղթը կազմելը, այսինքն՝ ըստ էության, տվյալ պահին կազմվում է փոքր օրենք, որը պարտադիր է կողմերի համար:
Այս թեմայի մասին ևս մեկ կարևոր հավելում անելով Դիանան նշեց, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել հայերեն շարադրանքին, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ պայմանագիրը մեղմ ասած անհոդաբաշխ խոսքերի հավաքածու է ու դա շատ ցավալի է:
Այն հարցին, թե արդյոք ՀՀ օրենսդրությամբ սահմանված են բոլոր անհրաժեշտ պայմանները ՓՄՁների զարգացման համար իրավաբանը դժվարացավ միանշանակ պատասխանել. «Մի կողմից, օրենսդիրը կարծես փորձում է անընդհատ ուշադրության կենտրոնում պահել ոլորտի խնդիրները, տալ դրանց օրենսդրական կարգավորումները, օրինակ՝ 2020 թ. ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը, ըստ որի անհրաժեշտ է ապահովել ավելի բարենպաստ միջավայր, խթանել ձեռնարկատիրական մշակույթը և այլն, մյուս կողմից էլ, շատ հաճախ, ստացվում է, որ ընդունված կարգավորումներն այդքան էլ համատեղելի չեն կամ գուցե դեռ համատեղելի չեն առկա իրավիճակի հետ»:
Իսկ աշխատանքային օրենսգրքի մասին խոսելիս նշվեց՝ «կա դրական տեղաշարժ և վերջերս ՀՀ աշխատանքային օրենսգրքում, 260 հոդվածներից փոփոխվել կամ լրացվել են 122-ը, որը շատ ողջունելի է, փորձել են կարգավորվել այն հարցերը, որոնք մինչ այժմ թերի էին կամ կարգավորված չէին»։.
Դիանա Մովսեսյանը երկար տարիներ լինելով ոլորտում և ականտես լինելով մի շարք վեճերի, զրույցը ցանկացավ ամփոփել մի վեճի օրինակով, որը ծագել էր իր հաճախորդի և կապալառուի միջև, որը բարեհաջող հանգուցալուծում է ստանում:
«Մի քանի օր առաջ, ավարտին հասցրեցի մի շատ հետաքրքիր վեճ, որը ծագել էր իմ հաճախորդի, որը պատվիրատուն էր, և մյուս կողմի՝ կապալառուի միջև, որը պարտավորվել էր կատարել որոշակի աշխատանք, որոշակի ժամկետում, որոշակի վարձատրության դիմաց։ Իրավիճակը, եթե պատկերավոր նկարագրեմ, մոտավորապես հետևյալն էր. պատկերացրեք՝ Դուք պատվիրել եք սրճարանում ելակով պաղպաղակ՝ վանիլային սոուսով և վաֆլե ափսեով, իսկ Ձեզ բերում են՝ գործարանային արտադրության ելակի պաղպաղակ, վրան անհասկանալի մի սոուս և վաֆլիի փոքր կտոր, մի խոսքով, ունեք ելակով պաղպաղակ, բայց․․․
Պատվիրատուի ու կապալառուի պատկերացումները տարբերվում էին, առնվազն մի քանի էական կետերով՝
- Պատվիրատուն կարծում է, որ կապալառուն «հասկանալու հետ խնդիրներ ունի» և մոտավորապես նույն խոսքերով է արտահայտվում նրա մասին, համաձայն չէ վճարել ոչ մի լումա, քանի որ աշխատանքի արդյունքն ընդհանրապես չի համապատասխանում իր պահանջներին։
- Կապալառուի խնդիրն է ստանալ կատարված աշխատանքի դիմաց սահմանված վարձատրությունը, իսկ պատվիրատուն ցանկանում է ստանալ իր պահանջներին համապատասխան աշխատանքի արդյունք։
Հիմնական խնդիրը, որը կարողացանք պարզել երկար բանակցությունների ընթացքում, այն է, որ «աշխատանքի արդյունք» հասկացության հետ կապված կողմերի պատկերացումներն էականորեն տարբերվում են, ինչը, մեծ հաշվով վերագրում եմ կողմերի միջև պատշաճ կազմված պայմանագրի բացակայությանը։
Մեր օգնությամբ հաջողվեց գալ ընդհանուր հայտարարի, որի արդյունքում․
- սահմանվեցին աշխատանքի արդյունքին պատվիրատուի կողմից ներկայացվող պահանջները,
- սահմանվեցին կատարողի կողմից թերությունների վերացման ժամկետները,
- պայմանավորվածություն ձեռք բերվեց վճարումների իրականացման վերաբերյալ։
Արդյունքում, խուսափեցինք դատական վեճից, որն ուներ բոլոր շանսերը՝ դատական կարգով, երկարաժամկետ ու ծախսալից ճանապարհ անցնելու համար։ Սա, իհարկե, հիմա եմ ներկայացնում, որպես մի դրվագ, իրականում այն բավական ժամանակատար էր, նյարդային ու կապված էր տվյալ պատվիրատուի համար այդ պահին բավական լուրջ ֆինանսական ծախսերի հետ»:
Եզրակափակելով հարցազրույցը՝ իրավաբան Դիանա Մովսեսյանի հետ պարզեցինք, թե որքանո՞վ է իրավական դաշտը հարմարեցված ՓՄՁ կարիքներին, որոնք են ոլորտում առկա խնդիրներն ու բացերը և ինչպես կարող ենք վերացնել դրանք:
ԵՎս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ բիզնեսի բնականոն աճը ապահովելու համար իրավաբանական աջակցությունը պարզապես անհրաժեշտություն է: