ARMSME

Օգտագործելով կրթությունը՝ հզորացնել համայնքները. «Հմտությունների դպրոց»

Ըստ Շիրակի Մարզպետարանի հրապարակած տվյալների, 2021 թ.-ի դրությամբ Շիրակի մարզը աղքատության մակարդակով Հայաստանի Հանրապետությունում դեռ մնում է առաջատար՝ 48,4%: Առկա խնդիրներից գլխավորն է կրթության ցածր մակարդակը՝ հատկապես գյուղերում և մարզկենտրոնից հեռու գտնվող բնակավայրերում:

Մեր օրերում կան բազմաթիվ հնարավորություններ և կրթական ծրագրեր, որոնք հասանելի են Գյումրիում բնակվող երիտասարդների համար, սակայն դրանք քիչ հասանելի են տարածաշրջանի գյուղաբնակների համար: 

Այս և այլ խնդիրներին լուծում տալու համար «ԱՐՄ ստրոնգ» ՀԶՀԿ-ն Գյումրիում ստեղծեց «Հմտությունների դպրոց» ծրագիրը, որը թիրախավորում է գյուղաբնակ երիտասարդներին և ընձեռնում հնարավորություն՝ ձեռք բերելու թվային ոլորտի առաջատար մասնագիտություններ: «Հմտությունների դպրոց» նախագծի գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար այսօր զրուցել ենք ծրագրի ղեկավար Լուիզա Վարդանյանի հետ: 

«Հմտությունների Դպրոց» կրթական նախաձեռնությունը սկսել է գործել 2022 թվականի նոյեմբերից և  նպատակ ունի Շիրակի մարզում կրճատել աղքատության ցուցիչը՝ թվային ոլորտի գիտելիքների և մասնագիտական մակարդակի բարձրացմամբ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Գյումրիում իրականացնել դասընթացներ՝ սոցիալական մեդիա մարքենթինգ, կայքերի ստեղծում, մարքեթինգ, վիդեոմոնտաժ և ֆոտո/վիդեո նկարահանում թեմաներով: Դասավանդվող մասնագիտությունների ընտրությունը պայմանավորված է դրանց արդիականությամբ, ծրագրի ղեկավարի համոզմամբ, առաջիկա 20 տարիների ընթացքում դրանք ունենալու են մեծ պահանջարկ և բարձր վարձատրություն, ինչպես նաև առավելություն է դիտարկվում ոլորտային ճկունությունը, որը հնարավորություն է տալիս զբաղվել այդ գործով աշխարհի ցանկացած կետից և գյուղաբնակ երիտասարդները աշխատանքի անցնելու համար չեն հեռանա հայրենի գյուղից: 

Արդեն իսկ ավարտվել է Սոցիալական մեդիա մարքեթինգ դասընթացը, որի շրջանակում 15 ուսանող՝ 3-ը հաշմանդամություն ունեցող, ձեռք են բերել նոր մասնագիտություն, իսկ դրական արդյունքներ գրանցած մասնակիցները փորձաշրջան են անցել «ԲԱԼ ԼԱԲ»-ում: Ուսանողներից 2-ը, ստանալով անհրաժեշտ մասնագիտական գիտելիքները և հմտությունները, աշխատանքի հրավեր են ստացել «ԲԱԼ ԼԱԲ»-ի կողմից և հնարավորություն են ունեցել իրենց ստացած գիտելիքները փոխանցելու բիզնեսում սկսնակ կանանց:

Իրականացնելով նման մասշտաբային դասընթացներ՝ «ԱՐՄ ստրոնգ» ՀԶՀԿ-ն բախվել է մի շարք խնդիրների, որոնք առաջին հայացքից կարող էին անլուծելի թվալ, բայց ծրագրի ղեկավարի խոսքով մոտիվացիան այնքան մեծ էր, որ դժվարությունները ոչինչ էին թվում: Ամենամեծ խնդիրներից էր գյուղաբնակ երիտասարդների տրանսպորտացիայի ապահովումը, սակայն, ստանալով ֆինանսավորում, այս կարևոր նախաձեռնությունը ըդլայնում է իր տարածքային ազդեցությունը և հասանելի է դառնում ավելի մեծ թվով երիտասարդների համար: 

Խնդիրներ են առաջացել նաև մասնակիցներին անհրաժեշտ տեխնիկայով ապահովելու հարցում. խոսելով այդ մասին՝ Լուիզա Վարդանյանը նշեց, որ հաշվի առնելով դասավանդվող մասնագիտությունների ոլորտային առանձնահատկությունները՝ հիմնական աշխատանքներն իրականացվելու են համակարգիչների միջոցով: Ծրագիրը մասնակիցներին ապահովում է նաև անհատական համակարգիչներով, որոնք ձեռք բերելու հարցում մեծ օգնություն են ստացել «ԲԱԼ թվային մարքեթինգի և ստեղծարար ԼԱԲ»-ի կողմից: 

Հաղթահարելով խոչընդոտները և ապահովելով կայուն ընթացք՝ պետք է մտածել ապագայի մասին: Նախաձեռնությունը միանգամից դրական արձագանքների արժանացավ և ընդունվեց հանրության կողմից, հետևաբար պետք էր այն զարգացնել: Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ են մեծաքանակ ռեսուրսներ, որոնք կազմակերպությունը իր միջոցներով պիտի ապահովի, քանի որ դրամաշնորհային ծրագիրը, որի ֆինանսավորմամբ իրականացվում էր ողջ գործընթացները, ավարտվում է նոյեմբերին: 

Ըստ նախնական պլանների, ապագայում դասընթացներն իրականացվելու են շարժական թվային լաբի ձևաչափով: Այն շրջելու է Շիրակի մարզի հեռավոր և սահմանամերձ գյուղերում, հենց այնտեղ, մասնակիցներին փոխանցելու է մասնագիտական հմտություններ, իսկ դասընթացի ավարտին առաջադիմությամբ աչքի ընկած 1 մասնակցի նվիրվելու է համակարգիչ՝ հետագայում տվյալ ոլորտում հեռավար աշխատելու համար: Այս ամենը կյանքի կոչելու համար կազմակերպությունը մոտ ապագայում սկսելու է դրամահավաք ՌեԱրմենիա հարթակում, նախաձեռնությանը աջակցելու համար կարող եք հետևել նրանց՝ սոցիալական էջերում: 

Նվիրաբերելով գումար՝ կփոխեք մարդկային կյանքեր և մի շարք երիտասարդների հնարավորություն կընձեռնեք՝ քայլել ժամանակին համընթաց ու օգտագործել իրենց ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի զարգացման ու հզորացման առանց հայրենի գյուղը լքելու։ 

Այս ծրագրի շնորհիվ բազում տաղանդավոր երիտասարդներ կբացահայտեն իրենց կարողություններն ու հնարավորությունները՝ դառնալով ապագա կերտողներ՝ մնալով և շենացնելով իրենց տունը։

Կոնտակտային տվյալներ՝ ֆեյսբուք, ինստագրամ

Կիսվել նյութով