2016 թվականին Գյումրիում հիմնադրված «gHost Services» ծրագրավորման ընկերությունը, չնայած իր առջև դրած մեծ ծրագրերի, ժամանակի ընթացքում բախվել է մասնագետների սակավության խնդրի, քանի որ նախատեսվում էր ՏՏ ծառայություններ մատուցել ամենաթարմ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Այդ իսկ պատճառով, պահանջարկի աճից ելնելով, 2017 թվականին հիմնադրվում է «Տեխնո-կրթական Ակադեմիան»։ Կազմակերպության ծավալած գործունեության մանրամասների և հաջողության գաղտնիքների մասին զրուցել ենք ընկերության տնօրեն՝ Կարեն Նիկողոսյանի հետ։
Կարենի խոսքով՝ «կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունը դարձել է վեբ ծրագրավորումը։ Այս տարիներին «Տեխնո-կրթական Ակադեմիայում» անցկացվել են դասընթացներ շուկայում ամենապահանջված ուղղություններով՝ PHP, JavaScript, Python, React.js, Node.js, React Native և այլն»։
«Տեխնո-կրթական Ակադեմիան» իր գործունեության 6 տարիների ընթացքում աշխատել է ուսանողական շուրջ 50 խմբերի հետ և կադրային բազա հավաքել ոչ միայն իր համար՝ արդեն իսկ աշխատանքի ընդունելով տասնյակ ուսանողների, այլև առաջատար մասնագետներ է պատրաստել այլ կազմակերպություների համար։
Կարեն Նիկողոսյանը պատմում է՝ «թեև կազմակերպության առաջխաղացումը բավականին արագ է ստացվել, սակայն այդ ճանապարհին հանդիպել են նաև շատ խոչընդոտների, որոնք պայմանավորված են եղել ինչպես 2020 թվականի պատերազմական իրավիճակով ու տարածված համաճարակով»։
Բացի ծրագրավորման լեզուներից, ուսանողներն այստեղ հնարավորություն են ունենալու սովորել UI/UX դիզայն, QA (որակի թեստավորում), HR management (մարդկային ռեսուրսների կառավարում) և թվային ոլորտում մեծ պահանջարկ վայելող այլ մասնագիտություններ, որոնք դեռ պլանավորման փուլում են։
«Որակ և նորարարություն․ սրանք են այն բառերը, որոնք կբնոշորեն Տեխնո-կրթական Ակադեմիային, իսկ ապացույցը մեր շրջանավարտներն են, որոնք այսօր շուկայում պահանջված մասնագետներ են»,- նշում է Կարենը։
«Դասընթացների հիմքում ընկած է այնպիսի կրթական մոդել, որը համապատասխանում է միջազգային կրթական ստանդարտներին և ունի ապացուցված արդյունավետություն։ Մեզ մոտ դիմորդներն անցնում են նախնական քննություն՝ կազմված տրամաբանական հարցերից, ապա հարցազրույցի փուլը հաղթահարելուց հետո ընդգրկվում են ուսումնական խմբերում։ Յուրաքանչյուր ամիս ուսանողները հանձնում են գիտելիքները ստուգող քննություն, որն ավելի հստակ պատկեր է տալիս տվյալ մասնակցի առաջադիմության վերաբերյալ։ Նշեմ նաև, որ մեր ուսանողները դասընթացի ավարտին հանձնում են ավարտական աշխատանքներ, որոնք ոչնչով չեն զիջում իրական պատվերներին»։
Զրույցն ավարատելով Կարենը նշում է՝ «տեխնոլոգիական անընդհատ զարգացող աշխարհում կարևորը ժամանակին համընթաց քայլելն է՝ ձեռք բերելով պահանջված ու մրցունակ մասնագիտություն»։
Ընկերության բոլոր նորություններին կարող եք ծանոթանալ` www.g-tea.am կայքում։