7 տարի առաջ Երևանում ստեղծվեց Իմփաքթ Հաբ Երևանը, որը նպատակ ունի աջակցելու սոցիալական ազդեցության ծրագրերին և ձեռնարկություններին, որոնք խթանում են Հայաստանի դրական զարգացումը:
Տարիներ շարունակ մեծ փոփոխություններ ու դրական ազդեցություններ բերելով համայնքին՝ հիմնադիրները հասկանում են, որ շատ հաճախ մարզերի ներկայացուցիչները լոգիստիկ առումով չեն կարողանում հասնել մայրաքաղաք ու մասնակցել առկա ծրագրերին և որոշում են ընդլայնվել։
Նախորդ տարում բացվեց Իմփաքթ Հաբ Սյունիքը, որն այժմ ակտիվ աշխատում է Սյունիքի տարբեր քաղաքներում և համայնքներում սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղությամբ, նկատելով մեծ ներուժ Գյումրիում, որտեղ առկա է հզոր ստարտ-ափ էկո համակարգ որոշվում է հաջորդ Իմփաքթ Հաբը բացել այստեղ՝ Հայաստանի երկրորդ քաղաքում։
Իմփաքթ Հաբ «թեկնածու» Գյումրին բացվել է «Կրելաբ» հարթակին համատեղ, որի նպատակն է Շիրակի մարզի տարբեր համայնքների կանանց փոխանցել հմտություններ՝ վերաբերող թվային դիզայնին․ գույն, մտածելակերպ և այլն։ Դառնալով այս ծրագրի մի մասը՝ մասնակիցները հնարավորություն կունենան միավորված աշխատելու Տավուշի և Կոտայքի Կրելաբերի մասնակիցների հետ և միևնույն բրենդի տակ արտադրելու ապրանքանիշ, որն էլ կդառնա կենտրոնի կայունության աղբյուր։
Կրելաբ կենտրոնները բացվել են «Կանանց հզորացում հանուն մարզերում սոցիալական նորարարության և ստեղծարարության զարգացման» ծրագրի շրջանակում՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ։
Իմփաքթ Հաբ «թեկնածու» Գյումրին նպատակ ունի ձևավորել մեծ գործարար համայնք, որը պատրաստ է դրական ազդեցություն ու փոփոխություններ բերել համայնքին, այս մասին խոսելիս Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանն ասում է․ «մեր փորձից ելնելով վստահ ենք, որ համայնք ստեղծելու համար պետք է ապահովել անհրաժեշտ միջավայր ու պայմաններ, որը հիմնված է լինելու համայնքի անդամների կարիքների վրա։ Հաշվի առնելով մեր կուտակած փորձը, կազմել ենք այնպիսի անդամակցությունների պայմաններ, որոնք հետաքրքիր կլինեն հենց Գյումրիում գործող ստարտափների և անհատների համար»։
Ապագայի պլանների մասին խոսելիս Գևորգը նշեց, որ ակնկալվում է, որ Իմփաքթ Հաբ «թեկնածու» Գյումրին կդառնա ամբողջությամբ կայուն կառույց առնվազն 2-3 տարի հետո և կունենա սեփական զարգացման մեծ ծրագրերը, կբերի նոր հնարավորություններ և միջազգային հարթակի հասանելիություն կտա գյումրեցիներին․ նրանք այսուհետ հասանելիություն կունենան 25,000 անդամներով լի և 110 Իմփաքթ Հաբերով լցված միջազգային հարթակի, որտեղ նրանք կկարողանան գտնել գործընկերներ, մենթորներ և մի շարք անվճար դասընթացներ։