ARMSME

Գինեգործությունը՝ հանուն ամուր սահմանների․ «Խաղողություն»

«Հայաստանի Գինիներ» հասարակական կազմակերպության և անդամագրված գինեգործական ընկերությունների ջանքերով հովանոցային «Wines of Armenia» ապրանքանիշի ներքո առաջ են մղում հայկական գինիները տեղի և միջազգային ամենատարբեր հարթակներում:

«Հայաստանի Գինիներ» ՀԿ-ն իր գործունեության ընթացքում սահմանել է մի քանի նպատակներ՝

  • ոլորտի շահերի ու խնդիրների համատեղ ներկայացում և առաջ մղում,
  • գինեգործության ոլորտի կայուն և համագործակցային զարգացում,
  • հայկական գինիների որակի և իմիջի խթանում,
  • մասնավոր և պետական ​​հատվածի միջև երկխոսության հաստատում,
  • գինու զբոսաշրջության զարգացում ՀՀ-ում

Ելնելով երկրում տիրող իրավիճակից՝ ՀԿ-ն ս/թ նոյեմբերի 4-ին, ժամը 19:00, Best Western Plus Congress Hotel-ում պատրաստվում է իրականացնել «Խաղողություն» խորագրով միջոցառում, որի մանրամասների մասին խոսել ենք «Հայաստանի Գինիները» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լիլիթ Գրիգորյանի հետ։

Ծրագրի անվանման մասին տնօրենն ասաց․ «Նախաձեռնությունն անվանել ենք «Խաղողություն», որպեսզի Խաղաղությանը հաղորդենք ոլորտային նրբերանգ և իմաստավորում: Կարգախոսն է՝ «Խաղաղությունն՝ ի գո՛րծ»։

Այս միջոցառումն ունի բարեգործական միտում։ «Հայաստանի գինիներ» ՀԿ-ն տևական ժամանակ կարևորում է Գմբեթ 2 նախաձեռնության գաղափարը և տարեսկզբին արդեն իսկ փոքր ֆինանսական ներդրում է ունեցել Վայոց Ձորում Գմբեթ 2-ի կառուցման գործում, իսկ հիմա ժամանակն է ավելի մասշատաբային քայլեր ձեռնարկելու։ Նախաձեռնության կարևորության մասին խոսելիս Լիլիթը հավելում է․ «Դրանով հնարավորություն կտրվի մարտիկներին ամուր պահել մեր պաշտպանությունը՝ հակառակորդի՝ սահմանին պաշտպանությունը ճեղքել փորձելու կամ դիվերսիոն հարձակում իրականացնելու դեպքում թշնամու հարձակման ամենահավանական ուղղություններով։ Ամեն նմանատիպ կետը կհանդիսանա ամրոց մեր զինվորների, ինչպես նաև կամավորների և աշխարհազորի համար»:

Բացի Գմբեթ 2-ի հանգանակությունից, սպասվող միջոցառման ընթացքում նաև իրականացվելու է 30 անվանական կուպաժայի գինու շշի աճուրդ, որի գումարը ուղղվելու է դեռ չհրապարակվող օգնության ֆոնդերից մեկին: Ինչպես նաև մասնակիցները հենց տեղում խառնելով մի քանի խաղողի սորտի գինիներ կստեղծեն նոր համադրություններ։ Դրանում ներկաներին կօգնեն մեր նախաձեռնության կողքին կանգնած Հայաստանի 2 լավագույն գինեգետները (սոմելյե):

«Խաղողության» նպատակն է հանրությանը ծանոթացնել Հայաստանում և Արցախում ծնունդ առած, ինչպես նաև ՀՀ տնտեսության կայուն զարգացման համար շարունական աշխատանքներ տանող գինեգործներին։ Ծրագրի ընթացքում կներկայացվեն՝ 28 գինեգործական ընկերություն, 5 գինեգործական մարզ, 40 հայկական խաղողի սորտի գինի և 2023-ի բերքից՝ 100 տեսակ մոնոսորտ «նորածին» գինիներ։

Լիլիթն ավարտելով զրույցն ասում է՝ ««Հայաստանի գինիներ» ՀԿ-ի անդամ հանդիսացող բոլոր ընկերությունները հավատացած են, որ ցանկացած ոլորտ այսօր ավելի քան երբևէ պետք է իր ներուժը միավորի և միասնական ուժերով ապրեցնի ու իրականացնի 2 Հանրապետության, բայց 1 Ազգի երազանք: Օգնել ինքներս մեզ և նրանց ովքեր ամենամեծ կորստի ցավն են ապրում հնարավոր է միայն, եթե թուլանալու փոխարեն լծվենք «Ի Գործ»»: 

Միջոցառման առցանց հղումը «Հայաստանի գինիներ» ՀԿ սոց. էջից՝

https://fb.me/e/3Xc5vlni

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել`

tomsarkgh.am կայքից` https://bitly.ws/WdCH

Idram հավելվածից` https://idram.app.link/idram

TelCell հավելվածից` https://telcellwallet.page.link/Wines-of-Armenia

Կիսվել նյութով