Ժողովրդագրական տեղաշարժը և տարեցների թվի աճը Հայաստանում դառնում են արդիական խնդիրներ, որոնք պահանջում են ինտեգրված մոտեցում։ Այս առումով ընտանիքները բախվում են մի շարք խնդիրների՝ կապված 60+ տարիքի անձանց խնամքի, զբաղվածության, մենակության զգացման և բազմաթիվ այլ խնդիրների հետ։ Այս հարցերը պահանջում են ուշադրություն և լուծումներ տարբեր մակարդակներում։
Այս խնդիրներին լուծում տալու համար «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան» սկիզբ է դրել մի նախաձեռնության, որը կոչվում է «Ապրելու տարիք»։ Ասոցացիայի հիմնադիրները՝ Արթուրը և Առնոն, երկար տարիներ աշխատել են Երևանի շտապօգնությունում՝ առնչվելով տարեցների սոցիալական, հոգեբանական, առողջապահական խնդիրներին։ Երբեմն ընկերներով աջակցում էին հանդիպած կարիքավոր տարեցներին, սակայն այդ հարցի լուծում չէր։ Արդյունքում ծնվում է Ասոցիացիան հիմնելու գաղափարը, մի կազմակերպության, որի ուշադրության կենտրոնում կլինեին բացառապես տարեցները և նրանց խնդիրներին լուծումներ գտնելը։
2020 թվականին Ասոցիացիան Երևանում տարեցների համար ստեղծել է նորարարական մասնագիտացված ցերեկային կենտրոն, որտեղ տարեցներն իրենց հետաքրքրություններին համապատասխանող զբաղմունք են գտնում, օգտվում են առողջապահական ծրագրերից և ներգրավվում են համայնքային կյանքում։ Ալցհեյմերի հիվանդություն (դեմենցիա) ունեցող անձինք և նրանց խնամողներն օգտվում են ինտեգրման, գլխուղեղի առողջության և ուսուցման հատուկ ծրագրից։
«Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա»-ի փոխնախագահ Լիլիթ Մուրադյանը խոսելով նախագծի առաջնահերթությունների մասին ասում է․
— Ծրագրի առանջնահերթություններից է տարեցների համար նոր հնարավորությունների ստեղծումը, որը թույլ կտա նրանց մնալ ակտիվ, իրացնել սեփական ներուժն ու շարունակել ներդրում ունենալ հասարակական կյանքում։
Ներկայումս ցերեկային կենտրոնն ունի 35+ այցելու, որոնք այստեղ վերստին ացահայտում են իրենց ներուժը, շփվում գաղափարակիցների հետ և ուսումնասիրում նոր ոլորտներ, ինչպիսիք են մարաշի ասեղնագործությունը, կարպետագործությունը, թաղիքագործությունը, երգ ու պարը, համակարգչային (թվային) հմտություններ, մասնակցում են հայտնի գործիչների հետ հետաքրքիր հանդիպումների, էքսկուրսիաների, տարբեր մշակութային միջոցառումների, ինչպես նաև կատարում են զանազան կամավորական աշխատանքներ։
Թեև 4 տարի է ինչ կենտրոնը գործում է, արդեն իսկ հասցրել է գրանցել մի շարք հաջողություններ, որոնց թողած դրական ազդեցությունը ոգեշնչման աղբյուր է հանդիսանում մնացածի համար։
Այսպիսիններից է 87-ամյա տիկին Հասմիկի պատմությունը, ով նախկին ինժեներ է եղել Մերգելյան ինստիտուտում, իսկ հիմա կյանքը նոր շունչ է ստացել Ասոցիացիայի նորարարական ցերեկային կենտրոնում: Այստեղ սովորել է մարաշի ասեղնագործություն, նոր ընկերներ ձեռք բերել և դարձել է կենտրոնի ակտիվ անդամ՝ իր փորձով օրինակ դառնալով ուրիշների համար: Տիկին Հասմիկը նաև Ասոցիացիայի Տարեցների խորհրդի ակտիվ անդամ է։
Պատմությունները շատ են՝ արդյունքները ոգեշնչող, տարեցների զբաղվածության կենտրոնը դրական ազդեցություն է բերում համայնքին և այս կարևորագույն առաքելության շարունակականությունը ապահովելու համար ՌեԱրմենիա հարթակում սկսվել է դրամահավաք՝ աջակցելու համար «Ապրելու տարիք» նախագծին։ Հանգանակություն կատարելու և այս կարևոր ծրագրի մի մասը դառնալու համար անցե՛ք այս հղումով։
Եզրափակելով զրույցը՝ Լիլիթ Մուրադյանը իր խորհուրդն է տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են հիմք դնել նոր ծրագրի, սակայն վախենում են առաջին քայլերից․
«Առանց առաջին քայլի ճամփա չես անցնի, իսկ վախը լավ զգացում է, նայած թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե հավատում ես գաղափարիդ, ուժերիդ, տեսնում ես դրա բերելիք փոփոխությունը, ուղղակի չես թողնի, որ վախը պարալիզացնի քեզ, ընդհակառակը, այն կդառնա միջոց ավելի զգուշավոր լինելու և քայլերը վստահորեն անելու համար։
Երբ մենք էինք սկսում, գիտակցում էինք, որ հեշտ չի լինելու: Մեզ ուժ է տալիս հենց գաղափարը, գործից ստացած հաճույքը և այն մարդիկ, որոնք կիսում են Ասոցիացիայի նպատակները»։