Սյունիքի մարզը Հայաստանի հարավային դարպասն է, որը հայտնի է իր յուրօրինակ լանդշաֆտներով և բերրի հողերով։ Մարզի ամենահայտնի վայրերից մեկն է Մեղրին՝ քաղաք, որն առանձնանում է իր տաք կլիմայով և հարուստ գյուղատնտեսական ավանդույթներով։ Տեղական բարիքները աչքի են ընկնում իրենց քաղցրությամբ և բնական աճեցման մեթոդներով։ Այս քաղաքը ոչ միայն գյուղատնտեսական նշանակության կարևոր կենտրոն է, այլև նպաստավոր միջավայր նորարար ձեռնարկությունների և փոքր ու միջին բիզնեսների զարգացման համար։
Տարածաշրջանում աճող մրգերն ու պտուղները պարունակում են բոլոր անհրաժեշտ վիտամիններն ու միկրոէլեմենտները, որոնք էլ դարձել են մեր այսօրվա հերոսի՝ Նարինեի բրենդի՝«Նազանի»-ի հիմքը։
Նարինեն շոկոլադագործ է Մեղրիից, ով զբաղվում է չրային շոկոլադապատ կոնֆետների արտադրությամբ և օգտագործելով տեղական ու բարձրորակ բաղադրիչներ՝ միավորում է ավանդական հայկական մրգերի համը ժամանակակից պահանջներին համապատասխան մշակման հետ։
Մեր օրերում սպառողներն ավելի շատ են ուշադրություն դարձնում արտադրանքի որակին ու ծագմանը։ «Նազանի»-ն այս առումով ծառայում է որպես օրինակելի մոդել՝ առաջարկելով ԵԱՏՄ չափանիշներին համապատասխան արտադրանք։
Այս ձեռնարկությունը ակնհայտ դրական և կարևոր ազդեցություն ունի նաև համայնքի զարգացման վրա։ Բիզնեսը աշխատատեղեր է ստեղծում տարածաշրջանում, ներգրավում տեղի բնակիչներին և նպաստում գյուղատնտեսական արտադրության ակտիվացմանը, իսկ Նարինեի ոգեշնչող օրինակը՝ որպես երիտասարդ ձեռնարկատեր, մոտիվացիա է մարզերում բնակվող երիտասարդների համար, թե ինչպես կարող են ստեղծել իրենց ապագան հայրենի բնակավայրում՝ օգտագործելով տեղական ռեսուրսները և չլքելով այն։
«Նազանի»-ն դարձել է Մեղրիի մշակութային ու տնտեսական ներուժի վառ արտահայտությունը։ Շոկոլադապատ չրային կոնֆետները ոչ միայն առանձնանում են իրենց յուրահատուկ համով, այլև խորհրդանշում են Մեղրիի բարիքները, արևոտ հողը և մարդկանց հոգատար աշխատանքը։ Այս պատմությունը ոչ միայն ձեռնարկատիրության հաջող օրինակ է, այլև ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պահպանել ազգային արժեքները՝ դրանք դարձնելով ժամանակակից աշխարհին համահունչ։
Նարինեի նախաձեռնությունը խոստանում է դառնալ երկարատև բիզնես, որը կընդլայնի իր վաճառքի սահմանները ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում՝ միավորելով ավանդույթներն ու նորարարությունը։