Բացահայտում չի լինի, եթե ասենք, որ ՓՄՁ-ները պետության ու տնտեսության հիմնաքարերն են։ Ինչո՞ւ են դրանց տալիս արտոնություններ, ինչո՞վ են դրանք կարևոր պետության ու տնտեսական աճի համար։ Այսօր կփորձենք ստանալ այս և շատ այլ հարցերի պատասխանները։
Չնայած անվանման մեջ առկա «փոքրին», այն իր նշանակությամբ ու դերով ընդհանրապես «փոքր» չէ։
Հասկանանք, թե ի՞նչ է ՓՄՁ-ի անբաժան մաս փոքր բիզնեսը։
Փոքր բիզնեսը դա ձեռնարկատիրության տեսակ է, որը գործարկվում է սահմանափակ ֆինանսական միջոցներով, աշխատակիցների փոքր քանակով և հիմնականում սպասարկում է միայն տեղական շուկան։
Ներկայումս փոքր բիզնեսին է «պատկանում» տնտեսության զգալի մասը։ Նրա շնորհիվ գրանցվում է տնտեսական աճ, զարգանում են ենթակառուցվաքները, ճանաչում են ձեռք բերում հայրենական արտադրության ապրանքները։ Զարգացած երկրներում փոքր բիզնեսին է բաժին ընկնում տվյալ երկրի ՀՆԱ-ի գրեթե 80 %-ը։
Եթե փորձենք մանրամասնել փոքր բիզնեսի սահմանման առկա կետերը՝
- Աշխատակիցների փոքր քանակ․ տարբեր երկրներում այս քանակը տարբեր է, բայց սովորաբար այն ունենում է մինչև 50 աշխատակից։
- Սահմանափակ եկամուտներ․ փոքր բիզնեսները սովորաբար ունենում են սահմանափակ շրջանառություն, որը բավարարում է սեփականատիրոջ և աշխատակիցների կարիքները։
- Տեղական շուկայի վրա կենտրոնացում․ հաճախ սպասարկում է փոքր համայնքներ կամ կոնկրետ ոլորտներ։
- Ֆինանսավորման աղբյուրներ․ սեփական ներդրումներ, փոքր վարկեր կամ տարատեսակ դրամաշնորհներ։
Փոքր ու միջին բիզնեսներն ունեն բազմաթիվ նմանություններ և պատական չէ, որ «հանդես են» գալիս միասին։ Թե՛ տնտեսության վրա ունեցած դրական գործոնի, թե՛ աշխատատեղերի ստեղծման, թե՛ պետական աջակցության ծրագրերի, թե՛ սպառման առումներով նման լինելով, սրանք ունեն նաև տարբերություններ, որոնցից հիմնական երեքը երկայացնում ենք ստորև՝
- Ըստ միջազգային չափանիշների միջին բիզնեսում աշխատողների թիվը 51-250 է,
- Շրջանառության տարբերությունները․ Եթե փոքրի դեպքում այս թիվը մինչև 10 միլիոն դոլար է, ապա միջին դեպքում կարող է հասնել մինչև 50 միլիոն դոլարի։
- Փոքր բիզնեսների դեպքում, նպատակներն հիմնականում լինում են կարճաժամկետ։ Դրանք կարող են լինել գոյատևման կամ զարգացման սկզբնական փուլերի հետ կապված, իսկ միջինը հիմնականում հանդես է գալիս երկարաժամկետ նպատակներով՝ մուտք նոր շուկաներ, բիզնեսի ընդլայնում և այլն։

ՓՄՁ-ները Հայաստանում
Չնայած Հայաստանի Սահմանադրությունում չկա առանձին անդրադարձ ՓՄՁ-ներին, սակայն Սահմանադրության մի շարք դրույթներ անուղղակիորեն վերաբերում են փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացմանը, տնտեսական ազատությանը և ձեռնարկատիրության աջակցությանն:
Ըստ ՀՀ օրենսդրության, փոքր բիզնես են համարվում այն ընկերությունները, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 1 մլրդ ՀՀ դրամը (~2.5 մլն ԱՄՆ դոլար), իսկ աշխատակիցների թիվը մինչև 50 է։ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունները էական դեր են խաղում երկրի տնտեսության մեջ։ Վերջին տարիների վիճակագրական տվյալները ցույց են տալիս հետևյալը՝
- ՓՄՁ-ները կազմում են երկրի բոլոր գործող ընկերությունների շուրջ 98%-ը։
- ՓՄՁ-ները ապահովում են աշխատատեղերի մոտ 65%-ը։
- ՓՄՁ-ների կողմից ստեղծված ավելացված արժեքը կազմում է երկրի ՀՆԱ-ի շուրջ 40%-ը։
(Տվյալները հիմնված են Հայաստանի վիճակագրական կոմիտեի և միջազգային կազմակերպությունների վերջին հրապարակումների վրա):
Իհարկե, կորոնավիրուսային համավարակը և տարածաշրջանային զարգացումները ազդել են ՓՄՁ-ների գործունեության վրա, սակայն պետական աջակցության ծրագրերը և միջազգային համագործակցությունը նպաստում են ոլորտի վերականգնմանը։
Պետական աջակցությունը
Հայաստանի կառավարությունը և միջազգային կազմակերպությունները մի շարք ծրագրեր են իրականացնում՝ ՓՄՁ-ների աջակցման համար՝
- Հարկային արտոնություններ, միկրոբիզնեսը (տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառությամբ) ազատվում է եկամտային հարկից։
- Վարկային ծրագրեր․ բանկերը և միջազգային ֆոնդերը տրամադրում են ցածր տոկոսադրույքով վարկեր։
- Գրանտային ծրագրեր․ Միջազգային մի շարք կառույցներ տրամադրում են աջակցություն սկսնակ բիզնեսներին։
Միջազգային փորձից տեսնում ենք, որ օրինակ ԱՄՆ-ում սպասարկման ոլորտի փոքր բիզնեսները օգտվում են ցածր հարկերից և վենչուրային ներդրումներից։ Եվրոպայում փոքր բիզնեսները օգտվում են պետական սուբսիդիաներից ու թվային հարթակների աջակցությունից։
Մեր հարևան բոլոր երկրներում պետությունը նպատակաուղղված աջակցում է ՓՄՁ-ներին։ Վրաստանում փոքր բիզնեսների համար գործում է 1% շրջանառության հարկ։ Թուրիքան, որը հետևողականորեն խթանում է փոքր բիզնեսի աճն ու զարգացումը, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ թեթևացնելով հարկային բեռը (միկրոբիզնեսի համար 1%-ից ցածր շրջանառության հարկ), ԿԲ-ի կողմից տրամադրելով ցածր տոկոսադրույքով ֆինանսական վարկեր, պետական մարմիններն աջակցում են փոքր բիզնեսներին մարքեթինգի, բրենդավորման և արտահանման հարցերում։ Կառավարությունն աջակցում է բիզնեսների ցանցային կապերի ստեղծմանը՝ հնարավորություն տալով փոքր ընկերություններին ներգրավվել միջազգային շուկաներում։ Հարավային հարևան Իրանում կառավարությունը փորձում է զարգացնել ՓՄՁ-ները մարզերում՝ տրամադրելով դրանց ֆինանսական և վարկային աջակցություն, հարկային արտոնություններ։ Ադրբեջանում նույնպես կառավարությունը տրամադրում է ֆինանսական միջոցներ, հարկային արտոնություններ, գրանտներ և տեխնոլոգիական աջակցություն։

ՓՄՁ-ների նշանակությունը պետության համար
Փոքր ու միջին ձեռնարկատիրությունները ցանկացած երկրի տնտեսության հիմքն են։ Այն ապահովում է աշխատատեղեր, խթանում է տնտեսական աճը, մեծացնում պետության հարկային մուտքերը և նպաստում նորարարություններին։
ՓՄՁ-ները ստեղծում են մեծ թվով աշխատատեղեր՝ ապահովելով բնակչության զգալի հատվածի զբաղվածությունը։ Այն հնարավորություն է տալիս ինքնազբաղվածությանը՝ մարդկանց տալով սեփական բիզնես ունենալու հնարավորություն։ Տնտեսական ճգնաժամերի ժամանակ փոքր բիզնեսները հաճախ ավելի դիմացկուն են, քան խոշոր ընկերությունները՝ զերծ պահելով տնտեսությունը կտրուկ տատանումներից։ ՓՄՁ-ներից հավաքվող հարկերը էական ազդեցություն ունեն պետության բյուջեի վրա։ Չնայած փոքր բիզնեսները հաճախ օգտվում են հարկային արտոնություններից, դրանց քանակի մեծ լինելը ապահովում է կայուն հարկային մուտքեր։ Տնտեսության տարբեր ոլորտների զարգացումը նվազեցնում է կախվածությունը մի քանի խոշոր ընկերություններից։ Փոքր բիզնեսները ավելի ճկուն են նորարարությունների ներմուծման և տեխնոլոգիական առաջընթացին արագ արձագանքելու հարցում։ ՓՄՁ-ները նպաստում են տեղական արտադրանքի զարգացմանը, ինչը նվազեցնում է երկրի կախվածությունը ներմուծումից։ ՓՄՁ-ները թույլ են տալիս ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում զարգացնել բիզնես, ինչը խթանում է համաչափ տնտեսական զարգացումը։ Սա կարևոր է հատկապես մարզային և գյուղական բնակչության համար, որոնք կարող են ներգրավվել գյուղատնտեսական, զբոսաշրջային և այլ բիզնեսներում։
Ինչպե՞ս կազմակերպել փոքր բիզնես
Փոքր բիզնեսի կազմակերպման սկիզբը բոլորի մոտ յուրովի է, սակայն կան մի քանի հիմնական կետեր, որոնց հետևելը պարտադիր է։
Այս փուլի հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե ինչպես են կազմակերպված բիզնեսի բոլոր աշխատանքները, ներառյալ պլանավորումը, ռեսուրսների կառավարումը, բիզնես մոդելը և թիմի ձևավորումը։ Ստորև ներկայացնում ենք այն կարևորագույն քայլերը և դրանց մանրամասն նկարագրությունը, որոնք պետք են փոքր բիզնեսի արդյունավետ կազմակերպման համար։
1. Բիզնես գաղափարի ձևավորում
Առաջին քայլը պլանավորումն ու գաղափարի հստակեցումն է։ Այս փուլում պետք է պարզել՝ ինչ տեսակի բիզնես եք ուզում սկսել, ինչ խնդիրներ լուծելու նպատակ ունի ձեր բիզնեսը, որ շուկայի կարիքները բավարարելու համար եք ստեղծում ձեր բիզնեսը։
2․ Բիզնես պլանի մշակում
Հաջորդիվ պետք է մշակել բիզնես պլան, որտեղ ներառված կլինեն բոլոր նպատակները, ռազմավարությունները, ինչպես նաև բիզնեսի զարգացմանն աջակցող միջոցառումները։ Բիզնեսի պլանի մշակման մանրամասներին կծանոթացնենք առաջիկա կրթական նյութում։
3. Օրենսդրական պահանջներ
Բիզնեսի կազմակերպման ժամանակ կարևոր է հետևել օրենքներին։ Ըստ գործող օրենքների և կախված գործունեության ոլորտից, կարող են պահանջվել որոշակի լիցենզիաներ։
4․ Ֆինանսական ռեսուրսների կառավարում
Ինչպես ՓՄՁ ոլորտի, այնպես էլ ցանկացած բիզնեսի հաջողության համար կարևոր է, որ ֆինանսական ռեսուրսները ճիշտ կառավարվեն։ Այստեղ պետք է նախ հաշվել նախնական ներդրումների չափը սարքավորումներ, նյութեր ձեռք բերելու, աշխատանքների համար տարածքներ գնելու կամ վարձելու ծախսերը։ Հստակ պետք է սահմանել բիզնեսի ծախսերն ոը եկամուտները։
5․ Աշխատանքային թիմի ձևավորում
ՓՄՁ-ներն հաճախ աշխատում են փոքր թիմերով՝ և՛ կամավորների, և՛ վճարովի աշխատակիցների միջոցով։ Պետք է ձևավորել թիմ՝ հաշվի առնելով ապագա աշխատակիցների փորձը։
6․ Մարքեթինգ և վաճառքի ռամավարություն
ՓՄՁ-ների համար կարևոր է ունենալ մարքեթինգային ռազմավարություն՝ հաճախորդներին գրավելու և ապրանքի կամ ծառայության ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։
7․ Որակի վերահսկում և հաճախորդների հետ կապ
Կարևոր քայլերից է նաև հաճախորդների սպասարկումն ու և որակի վերահսկումը։ Սա կարևոր է հաճախորդների վստահության ու բիզնեսի աճի համար։
Փոքր բիզնեսի կազմակերպումը պահանջում է բիզնեսի բոլոր կողմերի ճիշտ պլանավորում՝ սկսած գաղափարից մինչև ֆինանսական կառավարում ու մարքեթինգի իրականացուը։ Յուրաքանչյուր փուլ կարևոր է, քանի որ պետք է ապահովի բիզնեսի հաջող գործունեություն և մշտական աճ։
Վիճակագրություն
Համախառն ավելացվածարժեքի կառուցվածքն ըստ տնտեսական գործունեության տեսակների ու տնտեսավարողների չափերի, 2023 . թ, %
Վիճակագրական տվյալները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից։
Դերենիկ Խաչատրյան