Մարտի 8-ի մասին ընկալումներն ու վերաբերմունքը տոնին տարբեր են: Աշխատավոր կանանց միջազգային օրից՝ կանանց միջազգային օրվա վերափոխված տոնը լուրջ ճանաչում ունի ամբողջ աշխարհում։ Այս օրը երջանկություն է պարգևում աշխարհում միլիարդավոր կանանց։ Նյութն, իհարկե, չի լինելու Ցետկինի, ցույցերի ու տոնի առաջացման մասին։ Այստեղ խոսելու ենք իգական սեռի համար այս կարևոր օրվա, դրա ընկալման, նվերների ու իհարկե բիզնեսի վրա դրա ազդեցության մասին։
Հայերիս ընկալման մեջ «բարեբեր-լուսավոր» խորհուրդ ձևավորած օրը բոլորի մոտ չէ, որ միանշանակորեն է տպավորված։ Պարզ է, որ բոլորի ընկալումները տարբեր են լինելու օրվա մասին։ Մեր անցկացրաց հարցման հիման վրա պարզեցինք, որ կանայք հիմնականում այս օրն ասոցացնում են գեղեցկության, կանացիության, ուշադրության կենտրոնում լինելու հետ։ Ոմանք էլ ոչ մի արտասովոր բան չեն նկատում՝ համարում են սովորական, երբեմն էլ տարբեր պատճառներով ուռչացված տոն։
Անցկացրած հարցման ընթացքում պարզեցինք նաև, որ չնայած արդեն «հայտնի» նվերներից զատ կանայք ու աղջիկները ցանկանում են նաև ստանալ գրքեր, ձեռագործ իրեր, ուղղակի մարդակային լավ հարաբերություններ։ Չնայած տոնին մեծամասամբ վերաբերվում են շատ լավ, բայց հարցման մասնակիցների շուրջ 18%-ը դրան չեզոք է վերաբերվում՝ համարելով այն ուղղակի սովորական օր։
Որոշները համարում են, որ կնոջ դերն ու կարևորությունը հասարակությունում ևս մեկ անգամ ընդգծելու և գնահատելու լավ առիթ է մարտի 8-ը։
Մարտի 8-ը պակաս կարևոր չէ նաև տղամարդկանց համար։ Նրանք են հակառակ սեռին, իրենց վերաբերմունքով և անակնկալներով, պարգևում հաճելի պահեր։ Ծաղիկներից, օծանելիքներից, զարդերից զատ ոմանք փորձում են ուրախություն պարգևել նաև այլ միջոցներով, որոնք էլ իրենց դրական ազդեցությունն են ունենում բիզնեսի վրա։ Ինչպե՞ս։
Մանրածախ առևտրով զբաղվող վերոնշյալ ծաղիկների սրահները, օծանելիքների և կոսմետիկական միջոցներ վաճառող մասնագիտացված խանութները, զարդերի և աքսեսուարների վաճառքով զբաղվող ոսկերչական տներն այդ շրջանում ունենում են մեծ պահանջարկ՝ հետևաբար նաև մեծ շահույթ։
Այս շրջանում «բում է» ապրում նաև ծառայությունների ոլորտը։ Լեփ-լեցուն ռեստորաններ ու սրճարաններ, գեղեցկության սրահներ, առաքման ծառայություններ։
Նկատելի աճ է ապրում նաև զբոսաշրջության ոլորտն, ընդ որում, աճ նկատվում է, թե՛ ներգնա, թե՛ արտագնա տուրիզմի պարագայում, հետևաբար աճում են նաև հյուրանոցային ու հյուրատնային բիզնեսների եկամուտները։
Ուշագրավ է, որ այս շրջանում լուրջ մրցակցություն է սկսվում մարքեթինգային ընկերությունների շրջանում՝ հատկապես սոցիալական էջերի առաջխաղացմամբ զբաղվող ընկերությունները փորձում են անընդհատ կազմակերպել արշավներ ու յուրօրինակ ձևով ներկայացնել իրենց հաճախորդի ապրանքը կամ ծառայությունը։

Ինչո՞ւ է մարտի 8-ը լուրջ անդրադառնում բիզնեսի վրա
Չինաստանից օնլայն առաքանիների պատվերներն այս օրն ավելանում է 30%-ով։ Բրազիլիայում ռեստորանների ու սրճարանների հաճախելիությունն աճում է 20%-ով, իսկ Ռուսաստանում ծաղիկների վաճառքն աճում է 6-7 անգամ։
Չնայած վիճակագրությունները տարբեր են ըստ երկրների և ոլորտների, ընդհանուր առմամբ, Մարտի 8-ը զգալի ազդեցություն ունի բիզնեսի վրա՝ խթանելով ծաղիկների, նվերների, մանրածախ առևտրի, ռեստորանների և ծառայությունների ոլորտների վաճառքները։ Բիզնեսները հաճախ օգտագործում են այս օրը հատուկ առաջարկների և ակցիաների միջոցով իրենց վաճառքները մեծացնելու համար։
Կարելի ասել, որ տոներն ընդհանուր առմամբ մեծ դեր ունեն բիզնեսների զարգացման գործում։ Օրինակ ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան տոներին, 2022 թվականի տվյալներով վաճառքները կազմել են 886,7 միլիարդ դոլար, իսկ ողջ աշխարում, այդ մեկ օրում, շուրջ 30%-ով աճում են վաճառքները։
Շրջանառությունը մեծացնում է նաև հայերի կողմից հակասական ձևով ընկալվող Հելոուինը։ Ճիշտ է, այս տոնի ընթացքում, ի տարբերություն, Սուրբ Ծննդի, անհամեմատ փոքր է վաճառքների թիվը, կազմելով ընդամենը 10 միլիարդ դոլար, բայց համեմատության համար նշենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կազմում է մոտ 8,19 միլիարդ դոլար, ինչից կարող եք հետևություն անել, որ 10 միլիարդ դոլարն այդքան էլ փոքր թիվ չէ իրականում։
2023 թվականին Հայաստանում Ամանորի և Սուրբ Ծննդյան առցանց գնումները կազմել են ընդհանուր էլեկտրոնային առևտրի 35%-ը։
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել բիզնեսը նախատոնական օրերին
Բիզնեսը, պետք է կառչի հնարավոր բոլոր տարբերակներից ու եկամուտ ստեղծի։ Տոներն էլ, ամենևին, բացառություն չեն։ Տոներն համարվում են յուրօրինակ «գործիքներ»՝ ծառայելով բիզնեսին դրա տարբեր տեսանկյուններից։ Օրինակ, այդ շրջանում գեղեցիկ նվերը կամ լավ մատուցած ծառայությունը կարող են հանրաճանաչ դարձնել ձեր բիզնեսը, իսկ գնորդին կամ ծառայությունից օգտվողին պարգևելով հաճելի զգացողություն՝ ամրապնդել հիշողության մեջ։ Բայց ինչպե՞ս ճիշտ պատրաստվել տոներին՝ ծառայեցնլով դրանք բիզնեսի աճի համար։ Ապրանքների ու ծառայությունների մեծ մասը կարող են լավ նվերի տարբերակ հանդիսանալ, նույնիսկ, եթե ձեր ապրանքը կամ ծառայությունն այդքան էլ հայտնի, տարածված կամ «ընդունված» նվերներ չեն հասարակության մեջ։
Պատրաստե՛ք պատշաճ նախագիծ
Տոներին մոտենալիս կարևոր է նախապես պլանավորել բոլոր քայլերը՝ սկսած թիրախային լսարանի ընտրությունից՝ մինչև նվերների պատրաստում։ Տոնական արշավների կամ ակցիաների պլանավորումը պետք է սկսել հետևյալ հարցերից՝
- Որոշեք, թե կոնկրետ ո՞ր տոներին եք «պատրաստվում»։
- Հասկացեք, թե ո՞ւմ համար եք կազմակերպելու ձեր արշավը։
- Ի՞նչ եք տրամադրելու։
- Ի՞նչ ձևաչափով եք հայտարարելու արշավի կամ ակցիայի մեկնարկի մասին։
Այս քայլերը հասկանալուց հետո, ճշգրտեք ձեր նպատակը։ Այն կարող է լինել նոր հաճախորդներ ներգրավումը, վաճառքի ծավալների աճը, բրենդի դիրքերի ամրապնդումը, նոր ապրանքի մուտքը շուկա և այլն։
Հիշե՛ք մեկ կարևոր փաստ․ օրինակ, մարտի 8-ին գնում են նվերներ կանանց ու աղջիկների համար, ոչ թե կանայք ու աղջիկներն են գնում նվերներ՝ սեփական կարիքները բավարարելու համար։
Եթե արդեն ունեք տոներին առաջ արշավներ իրականացնելու փորձ, անպայման համեմատություններ անցկացրեք դրանց միջև, դիտարկեք մրցակիցներին, առաջարկեք նորարարություններ։ Թարմացրե՛ք ձեր վաճառասրահը։ Հաճախորդը պետք է հասկանա, որ ակցիան նվիրված է կոնկրետ տվյալ տոնին ու տարբերվում է այլ ակցիաներից, որոնք սովորաբար առաջարկում եք ողջ տարվա ընթացքում։
Ամփոփելով նյութը ցանկանում ենք հիշեցնել, որ աղջիկներին ու կանանց պետք է ուշադրություն նվիրել ոչ միայն մարտի 8-ին կամ տոն օրերին՝ այլ միշտ։ Եղեք գնահատված։