ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է աջակցության ծրագիր՝ ջերմատնային տնտեսությունների զարգացման համար։
Ծրագրի հիմնական նպատակն է՝ նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։
Ծրագիրն ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։
Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները՝
- յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 15.0 մլրդ դրամի չափով (որը համապատասխանում է շուրջ 20 հա մակերեսով ջերմատան կառուցմանը), հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում․
- յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․
- տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի`
- ա. տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 10 տոկոսային կետով,
- բ. տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով,
- գ. տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով.
- յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի ոչ ավելի, քան ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի չափը.
- վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է․
- շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս․
- շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով․
- ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է.
- վարկի առավելագույն հանրագումարի շրջանակում յուրաքանչյուր շահառու պետք է վարկավորվի միայն մեկ ֆինանսական կառույցի կողմից։
Ծրագրին մասնակցության ընթացակարգը.
շահառուն վարկ ստանալու նպատակով, մինչև ջերմատան կառուցման աշխատանքների սկսելը, դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին (ՑԱՆԿ).
ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում շահառուն վարկի ստացման համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
ա․ անձը հաստատող փաստաթղթի պատճենը․
բ․ անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որում ամրագրված է, որ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների է։ Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրված լինելու դեպքում ներկայացվում է նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը։ Ընդ որում, հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը պետք է կազմի վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հաշված՝ առնվազն 10 տարի։ Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար․
գ․ ծրագրի պահանջներին համապատասխանող ջերմատան նախագիծը․
դ․ նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ.
ե․ համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին.
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։,