ARMSME

Թիմը՝ բիզնեսի հաջողության գրավական

Բոլորն իրենց կյանքում գեթ մեկ անգամ առնչվել են թիմ բառի հետ՝ առավել ևս իրականացրել թիմային աշխատանք, գոնե դպրոցում։ Դպրոցական տարիներից մինչև կայուն բիզնես ունենալու բարդ ճանապարհն, ուզենք, թե ոչ, երբեմն ուղեկցվում է թիմային աշխատանքներով։ 

Բիզնեսի համար թիմն առավել կարևոր է։ Այն դրա սիրտն ու շարժիչ ուժն է։ Եթե նույնիսկ ունեք փայլուն գաղափարներ, բայց չունեք թիմ, հաջողության հասնելը շատ բարդ է լինելու, եթե ոչ անհնարին։ 

Ինչո՞ւ է թիմն այդքան կարևոր

Մանրամասն ներկայացնենք, թե ինչո՞ւ է թիմն այդքան կարևոր բիզնեսի համար՝

  • Տեսլականի իրագործում․ Լավ թիմը կարողանում է ղեկավարի գաղափարները վերածել իրականության, գտնել լուծումներ ու հաղթահարել դժվարությունները։
  • Արդյունավետության ապահովում․ Թիմում յուրաքանչյուրն իր դերն ունի, իսկ ճիշտ աշխատելով ու համագործակցելով կարելի է հասնել գրագետ կազմակերպված և արդյունավետ աշխատանքի։
  • Հաճելի մթնոլորտ․ Եթե թիմում կա փոխադարձ հարգանք ու աջակցություն, դա կխթանի արտադրողականությանն ու ստեղծարարությանը՝ ձևավորելով հաճելի աշխատանքային մթնոլորտ։
  • Հարմարվողականություն․ Մշտական մրցակցության ու անընդհատ փոփոխվող ու վերաձևակերպվող շուկայի պայմաններում թիմային աշխատանքը կարևոր գրավական է։
  • Նորարարություններ․ Երբ թիմում կան տարբեր մտածողության տեր մարդիկ, որոնք աշխատում են միասին, կամա, թե ակամա ստեղծվում են նոր գաղափարներ։

Ինչպե՞ս ստեղծել լավ թիմ

Լավ թիմ ստեղծելու համար կարևորագույնը քայլը մարդկանց ճիշտ ընտրություն կատարելն է, ըստ նրանց անձնական ու մասնագիտական որակների։ Նրանց համար, իհարկե, պետք է ստեղծել նպաստավոր աշխատանքային միջավայր ու ապահովել դրա շարունակական զարգացումը։ 

Ահա մի քանի կարևոր քայլ նոր թիմ ձևավորելու համար՝

1. Սահմանել հստակ տեսլական ու նպատակներ

Նախ և առաջ, պետք է պարզ լինի, թե ինչի համար եք ստեղծում թիմ։ Ի՞նչ խնդիրներ պետք է լուծի այն և ինչ նպատակների պետք է հասնի։ Երբ բոլորն հստակ իմանան իրենց դերը, թիմն ավելի լավ կաշխատի։

2. Մարդկանց ճիշտ ընտրություն

Ցանկալի է, որ թիմի անդամները լինեն՝

  • Պրոֆեսիոնալ – ունենան անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ,
  • Համախմբված – ունենան թիմային աշխատանքի մշակույթ,
  • Պատասխանատու – սիրեն այն ինչ անում են ու դրան մոտենան պատասխանատու ձևով,

Ցանկալի է նաև, որ թիմակիցներն ունենան նաև նույն սկզբունքներն ու նպատակները։

3. Թիմում դերերի ճիշտ բաշխում

Յուրաքանչյուրը պետք է հստակ իմանա իր դերը, պատասխանատվությունն ու լիազորությունները, որպեսզի խուսափեք կրկնվող խնդիրներից։

4. Կաշկանդվածության բացառում

Թիմում պետք է լինի բաց ու ազատ շփում։ Ղեկավարը կամ տնօրենը պետք է լսի իր աշխատակիցներին, որոնք պետք է կարողանան ճիշտ արտահայտել իրենց գաղափարներն ու խնդիրները։ Ցանկալի է պարբերաբար կազմակերպել անցանց կամ առցանց հանդիպումներ՝ քննարկելու ընթացիկ հարցերը։ Այդ հանդիպումներն ու քննարկումները կօգնեն թիմակիցներին դառնալ ավելի անկաշկանդ։

5. Մոտիվացիա ու զարգացման հեռանկար

Հիշե՛ք՝ լավ թիմերը միշտ աճում են։ Պետք է խրախուսել աշխատակիցներին, թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական առումներով։ Ցանկալի է նրանց տալ աճի ու ինքնակրթվելու հնարավորություն՝ մասնակցելու վերապատրաստումների, դասընթացների ու վեբինարների։

6. Վստահության ու աջակցման մշակույթ

Հաջողելու ու լավ թիմ ունենալու առանցքային գործոններից է թիմում վստահության մթնոլորտը։ Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ թիմակիցները չվախենան սխալվելուց ու սովորեն իրարից։ Պետք է հիշել, որ խնդիրներ առաջանալու դեպքում պետք է ոչ թե մեղադրել միմյանց, այլ հասկանալ դրանց առաջացման պատճառները։

7. Թիմային ոգի

Երբ թիմի անդամները զգում են, որ նույն նպատակի համար են աշխատում, մոտիվացիան ու նվիրվածությունը մեծանում է։ Հաճախ կազմակերպեք թիմային միջոցառումներ, կոլեկտիվ հանդիպումներ ու կիսվեք ձեր գրանցած հաջողություններով։

Հիշե՛ք, որ լավ թիմ ստեղծելը շարունակական գործընթաց է։ Այն պահանջում է նվիրվածություն։

Սպորտից մինչև տեխնոլոգիաներ ու բիզնես

Հաջողակ թիմերի օրինակները բազմազան են։ Ֆուտբոլում նվիրական երկրպագուները կհիշեն հանրահայատ մարզիչ Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնան»։ Իսպանացին ստեղծեց այնպիսի թիմ, որը 4 տարում 14 տիտղոս նվաճեց։ Պեպը կառուցել էր թիմ, որտեղ բոլորը կիսում էին իր փիլիսոփայությունն ու առաջնորդվում էին նույն սկզբունքներով։ Գվարդիոլան ու «Բարսելոնան» հաջողեցին, քանի որ կար ամուր թիմային ոգի, աջակցություն ու վստահություն միմյանց հանդեպ։

SpaceX-ի մասին չխոսելը կլիներ աններելի: Մասկն հավաքել էր մարդկանց, որոնք նորը սովորելու ցանկություն ունեին և հստակ գիտեին, թե ինչ և ինչպես պետք է անեն։ 

Zoom-ն էլ իր հաջողությամբ արտացոլում է հարմարվողականության գաղափարը։ Համավարակի ծանր ու բարդ օրերին Zoom-ի թիմն արագ հարմարվեց նոր պայմաններին՝ սպասարկելով միլիոնավոր օգտատերերի, չնայած լուրջ տեխնիկական խնդիրներին։ Աշխատակիցները ներդրեցին ուժերը՝ ոչ միայն բիզնեսը փրկելու, այլևիրենց ծառայությունը բարելավելու համար։

Բերված օրինակներում պարզ արտացոլվում է վերոնշյալ պարբերբությունների միտքը՝ մթնլորոտ, հարմարվողականություն, նորարարություն։

Հիշե՛ք, որ հենց թիմն է ձևավորում ձեր ընկերության մշակույթը և հենց նրանից է կախված, թե ինչպես մարդիկ կընկալեն ու կընդունեն ձեզ։ 

Մի՛ մոռացեք միանալ մեր տելեգրամ ալիքին սեղմելով այստեղ:

Կիսվել նյութով