ARMSME

«Ներդրումների մասին» օրենքի նոր նախագիծ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը e-draft հարթակում հրապարակել է «Ներդրումների մասին» օրենքի նախագիծ:

Այն ուղղված է ներդրումների համար ժամանակակից, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմք ստեղծելուն՝ փոխարինելով 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը։

«Ներդրումների մասին» օրենքի նախագծի նպատակն է ամրագրել ներդրումային հարաբերությունների արդի պահանջներին համապատասխանեցված, պարզ, թափանցիկ և կանխատեսելի իրավական հիմքեր՝ ապահովելու ներդրողների իրավունքների պաշտպանությունը, ներդրումների ազատությունը և խթանումը՝ ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնել իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցունակությունը, ներդրումային գրավչությունը և խթանել կայուն ու ներառական տնտեսական աճ։

Օրենքի հիմնական դրույթները՝

 – Օրենքը տարածվելու է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների վրա։ Նախատեսում է իրավունքների և պարտականությունների հավասար ռեժիմ։
– Սահմանվում է, որ «ներդրում» համարվելու են միայն այն «ներդրումները», որոնք ունեն «ձեռնարկատիրական ռիսկի բնույթ» և ուղղված են «եկամուտ ստանալուն»։ Նշվում է, որ պասիվ ներդրումները և վարկերը՝ առանց կառավարման մասնակցության, չեն կարգավորվում օրենքով։
– Ամրագրվում են ներդրողների պաշտպանության երաշխիքներ,
– Նշվում է պետության հետ անհատական ներդրումային համաձայնագիր կնքելու հնարավորությունը՝ մրցութային հիմունքներով։
– Առանձին բաժին նվիրված է ներդրումային գործունեության դադարեցմանը՝ ներառյալ ակտիվների օտարումը, ձեռնարկության լուծարումը և կապիտալի դուրսբերումը։

Նոր փոփոխությունները՝

 – Օրենքը ներառում է ավելի հստակ իրավական ձևակերպումներ։ Օրինակ՝ ներդրումային օրենսդրության մեջ առաջին անգամ հստակ տարանջատվում են «ներդրող» և «ձեռնարկատեր» հասկացությունները, ներդրումների շարքում ավելացվում են թվային ակտիվներն ու կրիպտոարժույթները։
– Շեշտը դրվում է ներդրումների «կայուն» բնույթի վրա․ կարճաժամկետ և պորտֆելային ներդրումները օրենքի շրջանակում չեն։
– Ներառվում են խոշոր ներդրումային ծրագրերի համար իրավական ռեժիմի կայունության սկզբունքները, սակայն առանց դրանց իրագործման հստակ մեխանիզմների։

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։ Նախագծի մշակման փուլում հաշվի են առնվել միջազգային ներդրումային համաձայնագրերի դրույթները, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) ներդրումային օրենսդրության լավագույն պրակտիկաները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջարկությունները։

Կիսվել նյութով

Տեքստ