SIA-ն (Social Impact Award) միջազգային ծրագիր է, որն աջակցում է վաղ փուլի սոցիալական ձեռներեցներին սոցիալական մարտահրավերներին հակազդող նորարարական բիզնես լուծումների մշակման և իրականացման գործում։ Արդեն շուրջ 16 տարի այն օգնում է SIA-ի անդամ տարբեր երկրների երիտասարդներին՝ իրենց գաղափարը բիզնեսի վերածելու ու համայնքներում դրական փոփոխություններ բերելու գործում։
«Սոցիալական ձեռներեցությունն ավելի դրական է, քան զուտ շահադիտական բիզնեսը, քանի որ դրանով դուք փոփոխություններ եք բերում համայնքին՝ դեպի լավը փոխելով աշխարհը։
SIA-ն իրականացվում է 20 երկրում՝ Լատինական Ամերիկայից մինչ Աֆրիկա, Հնդկաստանից մինչ Հայաստան ու Եվրոպա։ Ամեն երկիր այս ծրագիրը տեղայնացնում է, քանի որ յուրաքանչյուր երկրում իրականությունները, պահանջները, լեզուն, մշակույթը տարբեր են։ Ծրագրի մեկնարկին ժյուրիներն ընտրում են 10-15 լավագույն մասնակցի, որոնք անցնելով ինկուբացիոն փուլ, հստակ սովորում են, թե ինչպես գաղափարը դարձնել բիզնես։ Ինկուբացիայի ավարտին, նրանք իրենց եռամսյա աշխատանքը ներկայացնում են ժյուրիին, որն էլ ընտրում է 3 լավագույնին։ Ծրագրի ավարտին, նրանք որպես հաղթողներ, ստանում են մրցանակներ՝ այդ թվում փոքր դրամական պարգևներ 1000-1500 եվրոյի շրջանակում», — ծրագրի մասին պատմում է SIA-ի հայաստանյան համակարգող Նաիրի Մելքոմ Մելքոմյանը։

Ծրագրի բոլոր հաղթողները նոյեմբերին անցկացնում են միջազգային հավաք՝ ամեն տարի տարբեր երկրում։ Նրանք մասնակցում են աշխատարանների, ծանոթանում տարբեր ոլորտների մասնագետների հետ, զարգացնում միջազգային կապերը։
«Այս հավաքը հանգեցնում է նրան, որ, օրինակ Գերմանիայից ու Կոնգոյից ժամանած երիտասարդները բացահայտում են, որ ունեն նույն խնդիրներն իրենց համայնքներում ու կարող են համագործակցել՝ դրանք լուծելու համար»։
Քանզի SIA-ին մասնակից յուրաքանչյուր երկիր ունի իր համակարգողը, յուրաքանչյուր տարի 1 անգամ նրանք հավաքում են SIA-ն իրականացնող երկրներից մեկում։ Այս անգամ այդ հավաքն ընդունում էր Հայաստանը՝ Գյումրին։
Աշխարհի տարբեր ծայրերից 26 ներկայացուցիչ ժամանել էր Գյումրի։ Այցի ընթացքում նրանք քննարկել են տարաբնույթ սոցիալական հարցեր, զարգացրել կապերը, ծանոթացել քաղաքին ու զարմացել Գյումրու մշակույթով ու հայկական խոհանոցով։

Էրիկ Ուեյլը, որը Մեքսիկայում իրականացվող SIA-ի համակարգողն է, զարմացած էր միջոցառման անցկացման բարձր որակի համար։
«Միջոցառումը հիանալի էր ու իրոք հետաքրքիր էր ինձ համար։ Այս քաղաքը մարդկանց է փոխանցում իր մշակույթը, ինչն հիասքանչ է։ Սնունդը նույնպես գերազանց էր։ Որպես մեքսիկացի, կարող եմ ասել, որ այստեղ հիանալի վայր է սնունդը վայելելու համար։ Մարդիկ շատ բարեհամբույր են։ Ինձ շատ լավ եմ զգում այստեղ, քանզի մարդիկ պատրաստ են օգնելու, հյուրընկալելու։ Չգիտեմ, նրանք ծափահարությունների են արժանի։ Շնորհակալ եմ բոլորից»։
Իսկ միջազգային հավաքը Գյումրիում անցկացնելը կախված էր մի շարք հանգամանքներից՝
«Գյումրին հարմար է տրանսպորտային տեսանկյունից ու ունի իր յուրահատուկ տեղն ու դերը հայկական մշակույթում, որն այստեղ հստակ ընդգծված է։ Մենք կարողացանք փոխանցել Գյումրվա կոլորիտը՝ ստեղծելով փայլուն մթնոլորտ», — նշում է Մելքումյանը։
Հայաստանյան ծրագրի համակարգողի խոսքով, հավաքը Գյումրիում կազմակերպելը լավ առիթ էր Երևանից դուրս միջոցառումներ անցկացնելու համար։
Իր տպավորություններով է կիսվել նաև միջոցառման միջազգային համակարգող Մարտա Կանարկիևիչը։ Նա 2-րդ անգամ էր մասնակցում միջազգային հավաքի՝ SIA-ի շրջանակում։ Ըստ նրա, 1-ին անգամ Մոնտենեգրոյում մասնակցած հավաքի համեմատ, Գյումրիում իրականացված հավաքն ավելի բարձր նշաձող էր սահմանել։

«1-ին անգամ եմ Հայաստանում։ Իմ տպավորություններն անչափ դրական են։ Մարդիկ բարի են ու միշտ պատրաստ են օգնության հասնելու։ Ես ինձ շատ ապահով էի զգում Հայաստանում։ Գյումրին ավելի հավանեցի քան Երևանը։ Այն անչափ հարմար քաղաք է, քանի որ 2-3 օր մնալուց հետո հստակ հիշում էի սուրճ խմելու վայրերը, ռեստորանները։ Քաղաքը մեծ չէ, բայց ճարպարապետությունն ու մշակութային կոթողները հիանալի են։ Շատ լավ տպավորություններ ունեմ Գյումրիից։ Սնունդը հրաշալի էր։ Ամեն ինչ շատ լավ էր։ Տպավորված եմ»։
Դրական մթնոլորտը, ուրախ տրամադրությունն ու լավ տպավորությունները մասնակիցները իրենց հետ կհասցնեն իրենց երկրներ՝ պատմելու Գյումրիի ու Հայաստանի մասին, իսկ կուտակած փորձը կփոխանցեն մյուսներին՝ համայնքային փոփոխություններ բերելու ու աշխարհն ավելի լավը դարձնելու համար