ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել է «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է հանրության լայն շրջանակներին իրազեկել հայկական արտադրության մասին և ներկայացնելով որակյալ ու մրցունակ Made in Armenia ապրանքատեսակը կամ ծառայությունները՝ բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը։
Նախագծի արդյունքում ակնկալվում է, որ հայկական արտադրության մասին ավելի լայն իրազեկվածությունը կնպաստի տեղական արտադրողների վաճառքի ծավալների ավելացմանը։ Այս նպատակով իրազեկման արշավին զուգահեռ աշխատանքներ են իրականացվում սուպերմարկետների ցանցերի և խանութների հետ, որպեսզի հայկական արտադրության ապրանքներն ունենան ուշադրություն գրավող ցուցանակներ, որոնց միջոցով սպառողը կարող է ավելի հեշտ գտնել հայկական ապրանքները խանութների դարակաշարերում։ Այս պահի դրությամբ նախագծին միացել են 2 սուպերմարկետի ցանցեր, սննդի և հագուստի խանութներ։
«Մեր գործընկերները սիրով են միացել արտադրողին աջակցելու մեր այս նախաձեռնությանը։ Հուսով եմ՝ սա լավ օրինակ կծառայի մյուս սուպերմարկետների ցանցերի և խանութների համար, և նրանք նույնպես կմիանան այս նախաձեռնությանը։ Կարծում եմ բոլորիս պետք է համախմբի այն գաղափարը, որ ամուր պետության հիմքում կայուն տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում՝ զարգացած տեղական արտադրությունը», — նշել է ծրագրի համակարգող Գայանե Անտոնյանը։



