Մարտի վերջին Հայաստանում գնաճը հասել է 7,4 տոկոսի, հաջորդ ամիս, ամենայն հավանականությամբ, կրկին ավելի բարձր գնաճ կտեսնենք, քանի որ աճում են սննդամթերքի եւ էներգակիրների գները: Այդ մասին “Կոմերսատ”-ում հրապարակված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ արդեն բարձրացել են գազի, էլեկտրաէներգիայի սակագները, ինչը կհանգեցնի այլ ապրանքների գների աճին։ Քերոբյանը հիշեցրել է, որ գնաճը զսպելու նպատակով ԿԲ-ն մարտին 1,25 տոկոսով բարձրացրել է բազային տոկոսադրույքը, ընդհանուր առմամբ, այն 8 տոկոսից հասցնելով 9,25 տոկոսի: Սակայն, այդ գործիքը, ինչպես նշել է նախարարը, միաժամանակ դանդաղեցնում է տնտեսությունը։ Դրա համար էլ Հայաստանի կառավարությունը դիմել է նոր սարքավորումների, արտադրությունների համար կոնվեյերային գծերի ձեռք բերման համար վարկերի, գործնականում, ամբողջական սուբսիդավորման քայլի։ “Ընդհանուր առմամբ, մենք շատ կարեւոր խնդիր ենք լուծում Հայաստանի տնտեսության կառուցվածքի փոփոխության համար, քանի որ այն երկար ժամանակ, առաջին հերթին, աճել է սպառման հաշվին, իսկ այժմ մենք ցանկանում ենք արդյունաբերությունը դարձնել տնտեսության աճի հիմնական հիմքը”, — հաղորդել Է նա:
Այս փուլում շեշտն այդ իմաստով դրված է մետալուրգիայի, քիմիայի, դեղագործության, սննդամթերքի արտադրության, թեթև արդյունաբերության վրա, որն այժմ անվանում են նորովի՝ կրեատիվ արդյունաբերություն։ “Այստեղ մեզ հաջողվում է աշխատուժի վաճառքից անցում կատարել սեփական բրենդների ստեղծմանը եւ արտադրողականության ավելացմանը”, — նշել է նախարարը:
Խոսելով մետալուրգիայի մասին՝ Քերոբյանն ընդգծել է, որ երկրում առկա են պղնձի եւ մոլիբդենի, ոսկու, արծաթի, ցինկի խոշոր հանքավայրեր: Եվ այդ իմաստով պետությունը մտադիր է խորացնել այդ մետաղների արտադրությունը ։ “Հայաստանի համար դա շատ մեծ շուկա է, ինչպես նաեւ մետաղի ջարդոնի, սեւի եւ ալյումինի մշակումը։ Արդեն մեծ հաջողություններ կան, բայց դեռ շատ անելիքներ ունենք”, — ասել է պաշտոնյան։
Իսկ քիմիական արդյունաբերությունը, ըստ նրա, զարգացած է եղել Հայաստանում խորհրդային տարիներին, որտեղ ակտիվորեն զբաղվում էին կաուչուկի արտադրությամբ, իսկ նման տեղերն աշխարհում շատ քիչ են։ “Մենք կցանկանայինք վերածնել այդ արտադրությունները: Բացի այդ, մենք մինչեւ հիմա ունենք էներգիայի մեծ աղբյուրներ, դա, առաջին հերթին, արեւային էներգետիկան է: Ընդհանուր առմամբ, մենք ունենք տարածաշրջանում ամենաէժան էլեկտրաէներգիան, մեր խնդիրն է գտնել նոր հնարավորություններ դրա սպառման ավելացման համար”, — հավելել է նա։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2022թ. մարտին 2021թ. մարտի համեմատ գրանցվել է 7,4 տոկոս գնաճ (2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ 5,8 տոկոս գնաճի դիմաց), որը պայմանավորված էր պարենային ապրանքների 12,3 տոկոսով, ոչ պարենային ապրանքների 4,8 տոկոսով թանկացմամբ եւ ծառայությունների սակագների 3.3 տոկոսով բարձրացմամբ:
2022 թվականի առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը արձանագրվել է 7%-ի մակարդակում՝ նախորդ տարվա 5,2% գնաճի դիմաց ։ Ընդ որում, պարենային ապրանքները տարեկան կտրվածքով թանկացել են 11,7 տոկոսով, ոչ պարենային ապրանքները՝ 5,5 տոկոսով ՝ ծառայությունների սակագների 2,5 տոկոսով բարձրացման դեպքում