ARMSME

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը՝

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն երեկ հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար  Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար եւ անդրադարձ կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերին:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաև երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Պարոն Խանդուզին իր խոսքում նշել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մշտապես եղել են թափանցիկ եւ գտնվել են բարձր մակարդակի վրա, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցության շարունակականությանը եւ ընդլայնմանը:

Կողմերն ընդգծել են հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը և փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում:

Հիշեցնենք, որ Իրանից ժամանած պատվիրակությունը երեկ հանդիպում էր ունեցել նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։

Կիսվել նյութով