ARMSME

Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

Ապրիլի 29-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ Ֆինանսների նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, Կադաստրի կոմիտեից, ինչպես նաև լիզինգային շուկայի առաջատար հանդիսացող ֆինանսական կառույցներից, ՎԶԵԲ և ՄԹ Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել և վերլուծվել են ՓՄՁ զարգացման խորհրդի անդամների կողմից ներկայացված՝ լիզինգային գործարքների և իրավաբանական անձանց լուծարման գործընթացի պարզեցման հետ կապված առաջարկները։

ՓՄՁ խորհրդի կողմից ներկայացված առաջարկներով նախատեսվում էր լիզինգային գործընթացներում որոշակի առանձնահատկություններ սահմանել՝ կապված Ֆիզիկական անձանց գույքի` հետագայում լիզինգով տրամադրման նպատակով օտարման և գույքի որոշ տեսակների կադաստրային գրանցման վերաբերյալ։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև 5 տարի և ավելի անընդմեջ գործունեություն չիրականացրած և հարկային պարտավորություններ չունեցող իրավաբանական անձանց համար լուծարման պարզեցված կարգի սահմանումը, որը հնարավորություն կտա իրավաբանական անձանց առանց տվյալ ոլորտում մասնագիտական գիտելիքների առկայության և ավելորդ վարչարարությունից զերծ մնալով, իրականացնել գործունեության լուծարում։

Հաշվի առնելով այն, որ նշված հարցերը կարիք ունեն առավել խորը և բազմակողմանի դիտարկման, նիստի ընթացքում որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ, որի շրջանակում կքննարկվեն խնդիրների լուծման բոլոր հնարավոր տարբերակները և դրանց իրավական ձևակերպումները, և արդյուքնում կմշակվեն օրենքի նախագծեր, որենք կներկայացվեն կառավարության դիտարկմանը։

Կիսվել նյութով

Տեքստ