ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Ռուսների և ուկրաինացիների ներգաղթի ազդեցությունը Գյումրու հյուրատնային բիզնեսի վրա

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, այդ երկրներից բավականին մեծ թվով մարդիկ ժամանեցին Հայաստան։ Մայրաքաղաքում նրանց շարժը երևում է անզեն աչքով։

Առհասարակ նրանց ներհոսքը մեր երկիր չէր կարող հետք չթողնել տնտեսության վրա։ Երևանում միանգամից գրանցվեց բնակարանների գների աճ։ Աճեցին նաև վարձակալան հիմունքներով տրվող տների, հյուրանոցային համարների և հյուրատների գները։

Երևանում իրավիճակը պարզ է։ Իսկ ի՞նչ է կատարվում Գյումրիում։

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար զրուցել ենք Գյումրիի կենտրոնական հատվածում տեղակայված հյուրատների հետ։  

Central հյուրատան տնօրեն Վիլենա Աթանեսյանը նշեց,  որ որոշակի ակտիվություն զգացվում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից ժամանած հյուրերի կողմից, սակայն այս շրջանում սլավոնական երկրներից հոսք միշտ էլ եղել է, և նա մեծ տարբերություն չի զգում և հավելում  է՝  «Նույնիսկ հետկորոնավիրուսային շրջանում ունեինք այցելուներ նշված երկրներից, ներհոսք կա, իսկ հյուրատան գները չեն փոխվել»։

Central հյուրատուն

«Լոֆթ» հյուրատան տնօրեն Ամալյա Թումասյանը նշեց, որ շարժ նկատվում է, սակայն այն առավել ակտիվ էր մեկ ամիս առաջ, քան հիմա։

«Այցելուների շարժ կար, ավելի շատ Ռուսաստանից, քան Ուկրաինայից», — ըստ Ամալյայի նրանք կամ լքում են երկիրը, կամ տեղափոխվում են այլ քաղաքներ՝ հիմնականում Երևան։ Հյուրատունը բարձրացրել էր գները, սակայն դա այդ վիճակում թողնելով ընդամենը մեկ շաբաթ՝ նվազեցրել է այն վերադարձնելով նույն գնին, հետագայում ավելի իջեցնելով այն։

«Լոֆթ» հյուրատուն

«ԿԱԶԱ» Գյումրի հյուրատան և համանուն հիմնադրամի Գյումրու կենտրոնի համակարգող Աստղիկ Նիկոլյանի համոզմամբ ևս, հիմա շարժն ավելի պասիվ է քան մեկ ամիս առաջ։ «Իհարկե ունեցել ենք այդ երկրներից ժամանած հյուրեր, սակայն նրանց թիվն այդքան էլ  մեծ չէ։ Հյուրատուն գալիս են մի քանի օրով՝ հիմնականում Երևան մեկնելուց առաջ»։

Հյուրատան տնօրենը նշեց, որ գնային քաղաքականությունը չեն փոխել, նույնիսկ երկարաժամկետ գիշերակացի համար առավել հարմար գին և պայմաններ են առաջարկել։

«ԿԱԶԱ» Գյումրի հյուրատուն

Ընդհանրական պատկեր ստացանք, երբ զրուցեցինք Ռուսաստանից Հայաստան ժամանած ՏՏ ոլորտի մասնագետներ Սերգեյ Եժովի և նրա ընկերոջ՝ Վլադիմիր Տոկարևի հետ, ով չցանկացավ հրապարակեինք իր լուսանկարը։

2-ն էլ բնակվում էին Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։ Տեղափոխվել են Հայաստան սկսված պատերազմի պատճառով։

Սերգեյ Եժովի քաղաքական հայացքները չէին համընկնում Ռուսաստանի վարած քաղաքականության հետ, այդ պատճառով որոշել է հեռանալ  երկրից։ Ինչպես նշում է նա սկզբնական շրջանում դիտարկել է մի շարք տարբերակներ, սակայն Հայաստանը դրանցից լավագույնն էր, քանի որ ամենապարզ և հասանելին  էր։

Սերգեյ Եժով

«Դիտարկել եմ  նաև Վրաստանի և Թուրքիայի տարբերակները, բայց Թուրքիայում ամեն ինչ շատ թանկ արժեր։ Վրաստան տեղափոխվել ցանկանում էի, բայց այնտեղ՝ Թիֆլիսում, 1000 դոլարից էժան չես կարող բնակարան գտնել»,— ասում է Սերգեյը։ Հավելելով ընկերոջը Վլադիմիրը նշեց, որ ինքը հարմար գնով բնակարան գտել է հենց Գյումրիում, տեղափոխվել է այստեղ, ապա հասկացել, որ Գյումրին իդեալական վայր է։

Մեր զրուցակիցները վարձակալել են բնակարաններ և գոհ են դրանց գներից։ Նրանք չեն ցանկացել մնալ հյուրատներում, քանի որ դեռ երկար են պատրաստվում մնալ քաղաքում։ Մատչելի բնակարան, հարմար քաղաք ու պահանջները բավարարված են՝

«Այս քաղաքը, աշխատելու համար հիանալի տարբերակ է, քանի որ այստեղ կարողանում ես կենտրոնանալ աշխատանքիդ վրա, այստեղ  հանգիստ է, լուռ է, ամեն ինչ շատ մոտ է`հարմար և մատչելի, մարդիկ էլ բավականին ընկերասեր են», — ասում է Վլադիմիր Տոկարևը։

 «Հայաստանն ու Գյումրին գերազանցեցին մեր սպասելիքները», — ասում են նրանք ու այս պահին չեն մտածում քաղաքից հեռանալու մասին։

Հիշեցնենք, որ ըստ վիճակագրական տվյալների փետրվար-մարտ ամիսներին Հայաստան են այցելել 156459 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը հե՛նց Ռուսաստանից և Ուկրաինայից։

Կիսվել նյութով