Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն առաջին արբանյակն է դուրս բերել Երկիր Մոլորակի ուղեծիր։
«2022թվականի մայիսի 25-ին՝ ժամը 22։35-ին, ԱՄՆ Կանավերլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։ Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում», — հավելել է Փաշինյանը, նշելով, որ ՀՀ առաջին արբանյակի արձակման հետ կապված բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկություն չի հրապարակվել:
Նշվում է նաև, որ Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։



