ARMSME

Անի Իսպիրյանն ընդունել է ներդրումների միջազգային փորձագետ Դեքլան Մըրֆիին

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հունիսի 6-ին ընդունել է ներդրումների միջազգային փորձագետ Դեքլան Մըրֆիին՝ Հայաստանում ներդրումային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։

Հանդիպման սկզբում Անի Իսպիրյանը բարձր է գնահատել միջազգային գործընկերների պատրաստակամությունը աջակցել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը։

Այնուհետև նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է Հայաստանի ներդրումային ոլորտի ներկա վիճակը և ընդգծել, որ այս ոլորտում իրականացվող քաղաքականությունը միտված է հնարավորինս նպաստել նոր ներդրումների ներգրավմանն ու ներդրումային տեսանկյունից Հայաստանի գրավչության բարձրացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեքլան Մըրֆին ներկայացրել է ներդրումների ոլորտում տարբեր երկրների փորձն ու այս ուղղությամբ որոշ երկրներում պետության կողմից վարվող քաղաքականությունն ու ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումները։

Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը, նոր ներդրումների ներգրավման հարցում մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը, ոլորտում իրականացվող հարկային քաղաքականությանն ու գործող օրենսդրական կարգավորումներին։

Զրուցակիցները համակարծիք էին, որ ներդրումային քաղաքականությունն առավել արդյունավետ մշակելու և կազմակերպելու նպատակով չափազանց կարևոր է պետության ու մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներդրումային ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանն ու կիրառվող գործիքակազմին առնչվող մի շարք այլ հարցեր։

Կիսվել նյութով

Տեքստ