Մայիսին Հայաստան է այցելել 116 հազար զբոսաշրջիկ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ «Գիտության և գործարարության օրեր» համաժողովի հանդիսավոր բացման շրջանակում։
Նշելով, որ չի հաջողվել գերազանցել նախաքովիդյան մակարդակը, նախարարը նկատել է, որ զբոսաշրջությունը վերականգնվում է լավ տեմպերով: Միաժամանակ, նա անդրադարձել է միջազգային այցելուներին, որոնք արդեն մի քանի ամիս Հայաստանում են։ Չնշելով ճշգրիտ թիվը՝ Քերոբյանը նշել է, որ դրանք մի քանի տասնյակ հազար են։ Նախարարը նշել է, որ վերջիններս արդեն որոշակի ճշգրտումներ են մտցրել տնտեսության մի շարք ոլորտներում, այդ թվում ՝ ծառայությունների ոլորտում, անշարժ գույքի հատվածում և այլն:
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 249 361 զբոսաշրջիկ, ինչը 2.9 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Ողջ 2021 թվականին Հայաստան է ժամանել 870 308 զբոսաշրջիկ տարեկան 2,4 անգամ աճով (2020-ին 80,2 տոկոս անկման դիմաց)։ Հիմնականում, Հայաստանում իրենց հանգիստը նախընտրում են կազմակերպել ՌԴ քաղաքացիները՝ 350.5 հազար զբոսաշրջիկ, Իրանի՝ 91.1 հազար զբոսաշրջիկ, Վրաստանի՝ 70.6 հազար զբոսաշրջիկ, ԱՄՆ-ի՝ 31.6 հազար զբոսաշրջիկ, Ուկրաինայի՝ 22.3 հազար զբոսաշրջիկ, Հնդկաստանի՝ 17.9 հազար զբոսաշրջիկ, Ֆրանսիայի ՝ 14.3 զբոսաշրջիկ, Բելառուսի ‘ 7.2 հազար զբոսաշրջիկ։
Զբոսաշրջիկների նախընտրած ուղղություններից մեկը Գյումրին է։ Հիշեցնենք, որ նախկինում հրապարկված նյութերից մեկում արդեն անդրադարձել էինք այս թեմային և զրուցել Ռուսաստանի քաղաքացիների հետ, որոնք Հայաստան են այցելել ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով և նշել Գյումրիում մնալու առավելությունները։ Այդ նյութը կարող եք ընթերցել այստեղ։