Շարունակելով անդրադառնալ ձեռներեցների համար կրթական թեմաներին, այս անգամ որոշել ենք խոսել գովազդի մասին։
Ի՞նչ է գովազդը
Գովազդը շուկայագիտության (մարքեթինգային) հաղորդակցության ուղղվածություն է, որի շրջանակներում իրականացվում է ինֆորմացիայի տարածում, գովազդվող օբյեկտի նկատմամբ ուշադրություն գրավելու, հետաքրքրություն ստեղծելու կամ պահպանելու նպատակով։ Գովազդը մարդկային հասարակության մեջ ի հայտ է եկել առևտրի հետ միաժամանակ։ Առաջին գովազդային գործակալությունը ստեղծել է Վոլնա Պալմերը, 1841 թվականին՝ ԱՄՆ֊ի Ֆիլադելֆիա քաղաքում։
Պալմերը, որպես այդպիսին, միանգամից չէր կենտրոնացել գովազդների վրա։ Նա համարվում էր որպես միջնորդ։ Գնում էր տարբեր թերթերից նյութ տեղադրելու հատվածներ, գովազդատուներից վերցնում այն տեքստը, որը ցանկանում էին տեղադրել թերթում և այդպես գումար էր վաստակում։
Մինչև ամերիկացի խելամիտ այս մարդը հիմք կդներ նման կարևոր երևույթին, դեռ Հին Եգիպտոսում ստրուկների վաճառքների մասին հայտարարությունները հայտնվում էին պապիրուսների վրա։ Դեռ վաղնջական ժամանակներում էլ գովազդը եղել է տարաբնույթ՝ բանավոր և գրավոր։
Բանավոր գովազդը տարածվել է գնորդներին կանչող տարբեր մարդկանց կողմից, իսկ գրավոր գովազդը` պապիրուսների, մոմե տախտակների, քարերի և շինությունների վրայի գրությունների միջոցով։
Գովազդի գործառույթները
Որպես այդպսիսին, գովազդն իրականացնում է վեց հիմնական գործառույթ՝
1. Բարձրացնում է արտադրանքների և բրենդների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը։
2. Ձևավորում է ապրանքի իմիջ։
3. Մարդկանց համոզում է ձեռք բերել ապրանքը։
4. Խթանում է արտադրանքի նկատմամբ պահանջարկը։
5. Ձևավորում է ապրանքը ձեռք բերելու անհրաժեշտություն։
6. Ամրապնդում է նախկին գնումների փորձը։
Յուրաքանչյուրի մասին խոսենք առանձին՝
1. Բարձրացնում է արտադրանքների և բրենդների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը։
Եթե ունեք ապրանք, սակայն հանրությունն իրազեկված չէ դրա մասին, ապա կարելի է ասել, որ ձեր ապրանքը «գոյություն չունի», քանզի այդ ապրանքի իրացնողը հենց պետք է լինի հանրությունը։ Այլ հարց է, թե ո՞ր սեգմենտը կգնի դա կամ կօգտագործի այն, սակայն փաստ է, որ առանց հանրության իմացության ձեր մինչ այդ կետը տարած աշխատանքը ապարդյուն էր։
2. Ձևավորում է ապրանքի իմիջը։
Բազմիցս եք լսել, որ ինչ-որ ապրանք որակային առումով ընդհանրապես չի տարբերվում իրենից 10 անգամ ցածր արժեք ունեցող և նույն խմբին պատկանող այլ ապրանքից, սակայն առաջին դեպքում այն վաճառվում է մի քանի միլիոն անգամ, իսկ 2-րդ խմբին վերագրված ապրանքների վաճառքը հազիվ է հասնում 100 հազարի։
Հենց սա է ապրանքի իմիջի ձևավորումը։ Ձևավորել ապրանքի իմիջ՝ նշանակում է խթանել այդ ապրանքների վաճառքը։
3. Մարդկանց համոզում է ձեռք բերել ապրանքը։
Ճիշտ ներկայացված գովազդով կարելի է «համոզել» մարդկանց ձեռք բերել ձեր ապրանքը։ Հաճախ եք ցանկանում ունենալ այն ինչ տեսնում եք գովազդում։ Պատրաստեք նման գովազդ, ցուցադրեք թիրախային խմբում և ձեր վաճառքների ցուցանիշները մի քանի անգամ կաճեն։
4. Խթանում է արտադրանքի նկատմամբ պահանջարկը։
Որպես վերոնշյալ 3-րդ կետի շարունակություն, հիշե՛ք պահանջարկը ծնում է առաջարկ և քանի որ այս ամենը փոխկապակցված է, ապա լավ գովազդը միանգամից կարող է «հարվածել» մի քանի թիրախի։
5. Ձևավորում է ապրանքը ձեռք բերելու անհրաժեշտություն։
Ձեր գովազդում ներկայացրեք ձեր արտադրանքի գրավիչ և դրական կետերը ու կծնվի ապրանքը ձեռք բերելու անհրաժեշտություն։
6. Ամրապնդում է նախկին գնումների փորձը։
Եթե նախկինում գովազդել եք ձեր ապրանքը և այն արդարացրել է իրեն, ապա այս գովազդը կամրապնդի գնորդների մոտ նախկինում կատարած գնման իսկությունը։
Գովազդի նշանակությունը ժամանակակից հասարակության կյանքում
Արդի ժամանակներում գովազդի նշանակությունը անհամեմատ ավելի մեծ է, քան այն թվում է։
Այն ունի՝
- տնտեսական նշանակություն՝ շահույթի ձեռքբերում
- սոցիալական նշանակություն՝ հասարակայնորեն նշանակալի նպատակների իրականացում
- քաղաքական նշանակություն՝ հանրության ղեկավարելու համակարգի օրինապահության ձևավորում
- գաղափարական նշանակություն՝ անձի աշխարհայացքի ձևավորում և զարգացում
- հոգեբանական նշանակություն՝ ներգործություն գնորդի ցանկությունների և երազանքների վրա
- կրթական նշանակություն՝ կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ ինֆորմացիայի ստացում
- գեղագիտական կամ մշակութային նշանակություն՝ գովազդում ընտրվում են բարձրաճաշակ գույներ
Գովազդի տեսակները
Ըստ նպատակի՝
- Առևտրային կամ տնտեսական գովազդի նպատակը հանդիսանում է գնորդը կամ հավանական գնորդը, ում առաջարկելով ապրանքը, կարող է ստանալ շահույթ։
- Սոցիալական գովազդն ուղղված է բարեգործական և հասարակայնորեն օգտակար այլ նպատակների իրականացմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի կարևորմանը, բնակչության անպաշտպան շերտերի պաշտպանությանը, շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին։
- Քաղաքական գովազդը հանդես է գալիս, որպես ընտրողների ձայները շահելու միջոց։
Գովազդի յուրահատուկ տեսակները
Կոնտրգովազդ, որը հերքում է անբարեխիղճ գովազդը։
Հակագովազդ, որը ոչ թե բարձրացնում, այլ նվազեցնում է ինչ֊որ ապրանքի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը կամ որակազրկում է որոշ ապրանքներ, ապրանքանիշներ։
«Specs spots»․ Այս տեսակ գովազդը նկարահանում են առանձին անհատներ, սակայն հանդիսատեսի կողմից ընկալվում են, որպես պաշտոնական գովազդ։
Մարքետինգային հաղորդակցման մեջ առանձնացնում են ATL և BTL բաղադրիչներ։
ATL գովազդի մեջ մտնում են գովազդի ավանդական տեսակները՝ ԶԼՄ֊ներով գովազդը, արտաքին և ներքին, պոլիգրաֆիական գովազդը։ Գովազդի մնացած տարբերակները մտնում են BTL հաղորդակցման մեջ ։
Գովազդի հիմնական տեսակները
- Հեռուստատեսային գովազդ. Այն իր մեջ ներառում է նաև տեսահոլովակ գովազդային բլոգում, գովազդային դադար, հաղորդագրություն վազող տողում, հեռուստատեսային հայտարարություն, վիրտուալ գովազդ:
- Ռադիոգովազդ. Հաղորդվում է ռադիոյով։
- Տպագիր․ Կարող է լինել մամուլում կամ այլ տեսքով՝ թերթիկներ, կպչուն թղթեր, այցեքարտեր։
- Համացանցային գովազդ․ Տեղադրվում է տարբեր կայքերում, սոցիալական էջերում։ Ներկայումս այն մեծ պոտենցիալ ունի և որքան իջնում են հեռուստատեսային գովազդի թվերը՝ այդքան աճում է այս տեսակին պատկանող գովազդի պոտենցիալը։
- Արտաքին գովազդ․ Այն տեղակայվում է բաց տարածություններում գտնվող ժամանակավոր կամ մշտական կառույցների վրա, ինչպես նաև շինությունների արտաքին մակերեսներին, փողոցային սարքավորումների, մայթերի վրա, ավտոլցակայաններում, ինչպես նաև տրանսպորտի տարբեր տեսակների վրա։
- Ներքին գովազդ․ Գովազդի այս տեսակը տեղադրվում է հայտարարությունների ներսում, մասնավորապես առևտրի կենտրոններում, օդանավակայաններում, կայարաններում, կինոթատրոններում, բիզնես կենտրոններում, մուտքերում, վերելակներում, սպորտի և ժամանցի վայրերում, կրթական և բժշկական հաստատություններում և այլ վայրերում։
Գովազդային կարգավորումներ
Գովազդում անխուսափելիորեն բախվում են տարատեսակ ֆինանսական և քաղաքական շահեր, բայց կան նաև փոխզիջման տարբերակներ։
Հանրության հետաքրքությունները պահանջում են սպառողին հեռու պահել կեղծ և ոչ հավաստի գովազդից։
Երբեմն գովազդ արտադրողի և տարածողների գործունեությունը լիցենզավորվում է. կարող է նաև սահմանափակվել ըստ ներկայացման ծավալի, միջոցի, վայրի և ժամանակի, արգելք է դրվում կեղծ, ոչ հավաստի, էթիկապես անընդունելի, ոչ պատշաճ գովազդի վրա։
Առանձին ապրանքների գովազդ
Շատ երկրներում օրենսդրությունն արգելում է առանձին ապրանքների (ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ) գովազդը, առանց այն գրավոր նախազգուշացման, որ տվյալ ապրանքները վնասակար են առողջության համար։
Թաքնված գովազդ
Թաքնված է համարվում այն գովազդը, որը որպես այդպիսին չի նշվում, տեղադրվում է տեղեկատվական, խմբագրական կամ հեղինակային նյութի տեսքով, պարունակում է սպամ կամ այլ ոչ գովազդային տեղեկատվություն։ Շատ երկրներում թաքնված գովազդը արգելված է։
Ճիշտ կազմակերպեք ձեր գովազդը և կստանաք այն արդյունքը, որը ցանկանում եք։