Քայլելիս հաճախ են լինում դեպքեր, երբ մի քանի մետր տարածքում հանդիպում ենք բազմաթիվ գործող բիզնեսների: Ոմանք վաճառում են միրգ, ոմանք առաջարկում են տարադրամի փոխանակում, ոմանք ցանկանում են ինչ-որ ծառայություն մատուցել, ձեզանից աջ գտնվող խանութում վաճառում են հագուստ, իսկ ձախակողմյան հատվածի փոքրիկ արտադրամասը զբաղվում է ինչ-որ իրերի արտադրությամբ:
Այս ամենն առաջին հայացքից կարող է թվալ անհեթեթություն, սակայն մի քանի վայրկյան մտածելուց հետո, անխոս, կարող ենք պատկերացնել քաղաքային բանուկ հատվածի առօրյա:
Վերոնշյալ հատվածը մեր այսօրվա խոսելիք թեմայի հակիրճ բնութագրումն է:
Շարունակելով կրթական կարևոր նյութեր պատրաստելը, այսօր խոսելու ենք բիզնեսի տեսակների մասին:
Բիզնեսն ըստ տեսակների լինում է՝ արտադրական, առևտրային, ֆինանսական, միջնորդային, ապահովագրական:
Արտադրական բիզնես
Սա բիզնեսի տեսակ է, որն հիմնականում վերաբերվում է արդյունաբերական արտադրությանը, ինչպես նաև մարդկային գործունեությանը՝ արհեստներից մինչև բարձր տեխնոլոգիա, որի ընթացքում հումքը մեծ մասշտաբով վերածվելու է պատրաստի արտադրանքի:
Առևտրային բիզնես
Առևտրային բիզնեսն իրականացվում է համապատասխան առևտրային կազմակերպությունների միջոցով: Այս առևտրային կազմակերպությանն են վերաբերվում առևտրային հիմնարկները՝ խանութները, սուպերմարկետները, ապրանքային բորսաները և այլն, ինչպես նաև տարբեր գնումնամիջնորդային գործունեությունը, որոնք ապրանքը գնում են անմիջապես արտադրողից և վաճառում են առևտրային հիմնարկներին և միաժամանակ ստանում սեփական շահույթը: Ինչքան շատ են արտադրողների և առևտրային կազմակերպությունների միջև միջնորդները, այնքան թանկ են սպառողի կողմից ձեռք բերված ապրանքները:
Ֆինանսական բիզնես
Այս տեսակ բիզնեսը համարվում է յուրահատուկ, քանի որ վաճառվում և գնվում է առանձնահատուկ ապրանք՝ ազգային և օտարերկրյա աժույթ, արժեթղթեր կամ ակցիաներ, մուրհակներ, բաժնետոմսեր և այլն: Ֆինանսական բիզնեսում որոշակի ժամանակով, վարկի տեսքով գումար է «վաճառվում» գնորդին, որն արդյունքում վերադարձնում է վարկատուին ամբողջ գումարը և վճարում նաև դրա օգտագործման համար որոշակի տոկոս, որն էլ իր հերթին ապահովում է ապրանքի ինքնատիպ գինը և վարկային կազմակերպության համապատասխան շահույթը: Օտարերկրյա արժույթի, արժեթղթերի վաճառքն ու կրկնավաճառքը, եթե ունենում է հաջողակ վարում, ապա այս դեպքում, նունյպես, սեփականատերը շահույթ է ստանում: Այս բիզնեսը կարող է իրականացվել տարբեր հաստատությունների և հիմնարկների միջոցով՝ առևտրային բանկերի, վարկային միությունների, ներդրումային և լիզինգային ընկերությունների, ֆոնդային բորսերի, ապահովագրական և վստահեցնող ընկերությունների:
Միջնորդային բիզնես
Այս տեսակ բիզնեսի էությունը գործարքով հետաքրքրված կողմերի միացումն է՝ որոշակի վարձատրման կամ գործարքի տոկոսների դիմաց, օրինակ՝ Անշարժ գույքի գործակալությունը:
Հետևություն անելով այս բիզնեսի տեսակի անվանումից կարող ենք հստակ ասել, որ այն գործում է միջնորդների օգնությամբ:
Ապահովագրական բիզնես
Ապահովագրային բիզնեսը ֆինանսական բիզնեսի հատուկ ձև է։ Ապահովագրական ընկերությունը գնորդներին վճարում է ապահովագրական դեպքի փոխհատուցում ավելի վաղ ներդրված ապահովագրական մուծումներից։ Սովորաբար ապահովագրական դեպքի վնասը քիչ հավանական է, իսկ վճարը գերազանցում է ապահովագրման վճարին։ Ինչպես նաև ապահովագրությունը գործում է որոշակի ժամանակի ընթացքում։ Օրինակ՝ տասը մարդ ապահովագրել են իրենց մեքենաները վթարից մեկ տարով՝ վճարելով 100-ական դոլար ապահովագրական գումար։ Եթե այդ տարվա ընթացքում միայն մեկ մարդ է վթարի ենթարկվում և ստանում 300 դոլար, ապա տարվա վերջին մնացած 700 դոլարը հանդիսանում է ապահովագրական ընկերության մաքուր շահույթը։
Հիշեք, ինչ որ բիզնեսով զբաղվելուց առաջ կշռադատված որոշում կայացրեք, հստակ իմանալով, թե որտեղ եք ուզում ձեզ տեսնել՝ չմոռանալով ձեր հնարավորությունների մասին։