Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է հունիսի 23-24-ին Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների պարտատոմսերի 18-րդ կոնգրեսի շրջանակում կայացած «Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկա» թեմայով պանելային քննարկմանը։
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել «Cbonds» ընկերությունների խմբի հիմնադիր Սերգեյ Լյալինը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին, Վահան Քերոբյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանում այս միջոցառումն անցկացնելու համար։ Նա ներկայացրել է Հայաստանի տնտեսության և ֆինանսական շուկան զարգացնելու հնարավորությունները և կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Նախարարը նաև ներկայացրել է տնտեսական ցուցանիշները՝ նշելով որ կա դրական դինամիկա, աճել է արտահանումը, բավական ակտիվ է աշխատանքի շուկան։
«Հայաստանի ֆինանսական շուկան մեծ չէ, բայց ունի զարգանալու լավ հնարավորություններ և ներուժ։ 2018 թվականից հետո, երբ փոփոխվեց կառավարման համակարգը, հնարավոր դարձավ վարել շահութաբեր բիզնես։ Այսօր շատ կարևոր խնդիր է ֆինանսների հասանելիությունը, կորպորատիվ արժեթղթերի շուկայի զարգացումը, վենչուրային ֆինանսավորումը», — նշել է նախարարը և հավելել, որ անցած տարի Հայաստանի կառվարությունը ներդրումներ է արել մի քանի ներդրումային հիմնադրամներում, դառնալով համաներդրող, և տեսանելի է, որ ներդրումային հիմնադրամները բավականին ակտիվ աշխատում են ու պատրաստ են դառնալ համաֆինանսավորող։
Նախարարը նաև նշել է, որ Հայաստանն ունի մեծ սփյուռք, որի ներկայացուցիչներից շատերը պատրաստակամություն են հայտնել ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ պետական և մասնավոր հատվածներում։ Ըստ Վահան Քերոբյանի՝ կա մեծ ներուժ, հնարավորություն և ցանկություն, որը պետք է օգտագործել։
«Հայաստանի կառավարությունը մեծ բարեփոխումներ է իրականացնում, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, և արդյունքում Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել, ինչի մասին են վկայում նաև միջազգային ինդեքսները։ Մենք բաց ենք և պատրաստ նոր բարեփոխումների՝ երկիրն ավելի գրավիչ դարձնելու ներդրումների ներգրավման և ֆինանսական հատվածի զարգացման համար։ Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում ձևավորվի պարտատոմսերի շուկան և գործեն վենչուրային հիմնադրամները», — ասել է Վահան Քերոբյանը։
Ելույթից հետո նախարարը պատասխանել է իրեն ուղղված հարցերին։
«Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկա» թեմայով պանելային քննարկմանը մասնակցել են Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը, Հայաստանի ֆոնդային բորսային գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը և «Արմբրոկ» ներդրումային ընկերության ակտիվների և բրոկերային ծառայությունների ղեկավարման տնօրեն, գործընկեր Աշոտ Մինասյանը։
Պանելային քննարկման մոդերատորն էր «Եվրո-Ասիական Բիրժաների» ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանդին Սարոյանը։
Ամենամյա կոնգրեսը, որն այս տարի անց է կացվում Հայաստանում, համախմբում է ոլորտի արհեստավարժ մասնագետներին՝ հնարավորություն ընձեռելով քննարկել ոլորտի արդիական մի շարք հարցեր, տեղական պարտատոմսերի շուկաների արդի միտումները, կիսվել միմյանց հետ մտքերով և նոր հաստատել կապեր։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ 170 մասնակիցներ։