ARMSME

Երեխաներին անմոռանալի պահեր պարգևող մրցույթ․ «Չոչի մրցույթ 2022»

«Չոչի մրցույթը»-ը՝ «Հայ ծնողների ակումբ»-ի կազմակերպած մրցույթն է, որին կարող են մասնակցել 6-14 ամսական երեխաները:

Այս ուրախալի միջոցառումն արդեն իրականացվել է երկու անգամ՝ բազում երեխաների և ծնողների պարգևելով անմոռանալի զգացումներ:

Առջևում «Չոչի» երրորդ մրցույթն է: Միջոջառման նպատակը առողջ ապրելակերպն է, իսկ
«Չոչորդների» նպատակը՝ մրցույթում հաղթելն է, ինչի համար անհրաժեշտ է հաղթահարել 5 մետր երկարությամբ «չոչուղին»:

Բոլոր «չոչորդներին» սպասվում են մրցանակներ, տարատեսակ նվերներ, մասնակցության վկայականներ և հուշանվեր՝ «Ես չոչորդ եմ 2022» մակագրությամբ:

Հաղթող մասնակիցները կստանան նաև հատուկ մրցանակներ:

Մրցանակներ են շնորհվելու նաև «Ամենափոքր չոչորդ» և «Ամենաակտիվ քույր/եղբայր» անվանակարգերում:

Այս տարվա մրցույթի հաղորդավարը սիրված դերասան, երգիչ Ներսես Ավետիսյանն է, իսկ երաժշտական հաճելի միջավայրը ապահովելու է DJ JOKEY-ը:

«Չոչի մրցույթ 2022»-ին ավելի մանրամասն ծանոթանալու համար զրուցել ենք նախաձեռնության իրականացնող Աստղիկ Զաքարյանի հետ:

Աստղիկը գաղափարի առաջացման մասին պատմեց՝

«Մեր կազմակերպությունը պարբերաբար տարբեր միջոցառումներ է կազմակերպում և որպես օրենք, սովորաբար դրանք լինում են այնպիսի միջոցառումներ, որոնք մինչ այդ չեն եղել՝ նորություն են, որովհետև մենք միշտ փորձում ենք մեր միջոցառումներով լրացնել բացերը, որոնք մենք տեսնում ենք մեր իրականության մեջ: Երբ քննարկում էինք մեր հերթական միջոցառումը, մենք երկու կարևոր կետ էինք ուզում առանձնացնել: Մեկն այն էր, որ ուզում էինք, որպեսզի մանկահասակ երեխաները նույնպես մասնակցեին նման միջոցառումների, քանի որ դրանք հիմնականում կազմակերպվում էին ավելի մեծ տարիքի երեխաների համար: Եվ երկրորդը, որը մեզ համար ավելի կարևոր կետ էր, այն էր, որ միջոցառումը լինի ընտանեկան, որովհետև, ցավոք, ցանկացած միջոցառում Հայաստանում վերածվում է մայրիկների միջոցառման, իսկ մենք կարևորում ենք ընտանիքի դերը, դրա համար էլ մեր ակումբը ծնողների ակումբ է, ոչ թե մայրիկնեի: Այդպես ծնվեց այդ միտքը, երկար քննարկումների արդյունքում, որ լինի փոքրիկ բալիկների համար, որտեղ կլինեն նաև ընտանիքիներ և եկանք այդ մտքին, որ կարելի է չոչի մրցույթ կազմակերպել, որն ամբողջովին լրացնում է այդ երկու բացերը»։

Նման միջոցառումների ընթացքում կարևոր է հաշվի առնել նաև ռիսկերը։ Մեր մյուս հարցը վերաբերում էր հենց ռիսկերին, ինչին, մրցույթի կազմակերպիչը տվեց հստակ պատասխան՝

«Այս միջոցառման հետ կապված ռիսկերը հիմնականում նույնն են, քանի որ, մենք՝ որպես ընկերություն, միշտ բյուջեի խնդիր ենք ունենում և դիմում ենք ընկերությունների, որպեսզի հովանավորեն և կարողանանք իրականացնել միջոցառումը, ծախսերի խնդիրը լուծենք: Սա ամենամեծ ռիսկն էր, իսկ մնացածը մասշտաբով ավելի փոքր են, նույնիսկ եղանակը, որովհետև միշտ վախենում ենք, որ կարող է վատ եղանակ լինի՝ անձրև, քամի, ցուրտ, իսկ մասնակիցները փոքրիկներն են և դա կարող է խնդիր առաջացնել: Այսինքն ռիսկեր կան և դրանք այնպիսին են, որ երևի բոլոր միջոցառումների ժամանակ էլ լինում են: Մեր միջոցառումը յուրահատուկ է, բայց իր ռիսկերով չի տարբերվում»։

Հիշեցնենք, որ «Չոչ» մրցույթը այս տարի կանցկացվի հուլիսի 31-ին։ Մրցույթի գրանցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվել նյութով