Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝
Նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն հունիսի 28-ին ընդունել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։
Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն ողջունել են հյուրերին և բարձր գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև կարևորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:
Այս համատեքստում Մարչին Փշիդաչը տնտեսության և բիզնեսի առաջընթացի համար կարևորել է կապիտալի շուկայի զարգացման և վենչուրային ֆոնդերի ծրագրերի ուղղությամբ համատեղ քայլերը և նշել, որ այդ ֆոնդերը տնտեսական աճ ապահովելու կարևոր գործոններից են, և այս ոլորտում փորձի փոխանակումը կարող է կարևոր ներդրում լինել Հայաստանում ոլորտի զարգացման համար:
Լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝ եվրասիական շուկա մուտք գործելու համար։ Միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել նման հարթակ հանդիսանալ հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:
Երկու կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրների տնտեսական զարգացման միտումները, դիտարկել երկրների տնտեսությունների առավելությունները, ներուժ ունեցող ոլորտները և դրանց համադրման հնարավոր ուղիները։
Կարևորվել է նաև Սփյուռքի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հարցերի լայն շրջանակ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին զբոսաշրջությանը, ավիացիային, ՏՏ ոլորտին, տնտեսության վրա համաճարակի ազդեցությանը և հետևանքներին։
Անդրադարձ է կատարվել այս տարի նախատեսված հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:
Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանը հույս են հայտնել, որ առաջիկայում Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերն ու առևտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագարծակցությունը։