ARMSME

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան` Նորա Արիսյանին՝ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ առկա է հայ-սիրիական տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, սակայն անհրաժեշտ է, որպեսզի հայ և սիրիացի գործարարներն ավելի իրազեկված լինեն ու բացահայտեն միմյանց կարողությունները, որպեսզի հնարավորություն ունենան ձևավորել արդյունավետ գործակցություն ու ստեղծել ամուր գործարար կապեր։

Երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների թվում նախարարը, մասնավորապես, նշել է արդյունաբերության (այդ թվում՝ թեթև արդյունաբերության), գյուղատնտեսության ու առևտրի բնագավառները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նորա Արիսյանը նշել է, որ պատմականորեն Հայաստանի և Սիրիայի միջև ձևավորվել են ամուր բարեկամական հարաբերություններ և ներկայում Սիրիայի թե՛ պետական և թե՛ գործարար շրջանակները մեծապես հետաքրքրված են Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության մակարդակի բարձրացմամբ։

Նորա Արիսյանը նաև տեղեկացրել է, որ աշնանը նախատեսվում է սիրիացի գործարարների պատվիրակության այց Հայաստան։ Ի պատասխան՝ նախարար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հայ- սիրիական գործարար կապերի ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև hայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցեր։

Կիսվել նյութով

Տեքստ