ARMSME

Տեղի է ունեցել ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 26-ին մասնակցել է «Ֆրանչայզինգի զարգացման խորհրդատվություն Հայաստանում» միջոցառմանը, որն իրականացվել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի ֆինանսավորմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համատեղ ջանքներով։

Ծրագիրը նպատակ ունի գնահատել Հայաստանում ֆրանչայզինգի շուկայի հնարավորությունները և նպաստել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ներդրումների և առևտրի ընդլայնմանը։

Միջոցառմանը մասնակցում էին պետական գերատեսչությունների, մասնավոր հատվածի և շահագրգիր այլ մարմինների ներկայացուցիչներ։

Ռաֆայել Գևորգյանը՝ ողջունելով մասնակիցներին և ընդգծելով միջոցառման կարևորությունը՝ վստահություն է հայտնել, որ ֆրանչայզինգի ոլորտի զարգացումը Հայաստանում կարող է նպաստել նաև ներդրումների ավելացմանն ու մրցակցության զարգացմանը։

Միջոցառման ընթացքում միջազգային փորձագետների կողմից ներկայացվել է ֆրանչայզինգի պատմությունը, հիմնական տարրերը, տեսակներն ու այս ոլորտում ներդրումների առանձնահատկությունները։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտի առկա վիճակն ու կանխատեսվող հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունը։

Կիսվել նյութով

Տեքստ