ARMSME

Ի՞նչ կարող է տալ համագործակցությունը ձեր բիզնեսին

Շարունակելով բիզնեսի համար կրթական նյութեր պատրաստելը, այսօր խոսելու ենք բիզնեսում համագործակցությունների մասին։

Հասկանանք, թե ի՞նչ է համագործակցությունը։

Համագործակցությունը բիզնեսում դա 2 և ավելի կողմերի փոխգործակցության համակարգ է՝ միավորված հատուկ նպատակի շուրջ։ Համագործակցությունը հիմնված է յուրաքանչյուր կողմի հետաքրքրությունների վրա։ Դրանց յուրահատկությունների, համագործակցությունների տեսակների, հնարավոր ուղիների և շատ ամենի մասին խոսելու ենք այս նյութում։

Ինչպիսի՞ն կարող է լինել համագործակցությունը

Փոխգործակցական հարաբերություններ գտնելու պատճառը հիմնականում միայնակ ցանկալի արդյունքին չհասնելն է։ Դրանք կարող են լինել օրինակ ֆինանսական խնդիրները, փորձի պակասը, այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալելու հետաքրքրությունը կամ աշխարհագրական խնդիրները։

Փոխգործակցության հարաբերությունները կարելի է բաժանել 2 մակարդակի։ 1-ինի դեպքում հարաբերությունները փաստացիորեն կան, սակայն պայմանագրով գրանցված չեն, իսկ 2-րդ դեպքում դրանք գրանցված են իրավաբանորեն։

1-ին դեպքը հաճախակի հանդիպում է, երբ մի քանի ընկերություններ աշխատում են նույն նախագծի վրա։ Այդ շրջանակում իրականացվում է հետաքննություն, փորձի փոխանակում, նոր լուծումների քննարկում և այլն։

Եթե համագործակցության հիմնական նպատակը յուրաքանչյուր կողմի համար շահույթ ապահովելն է, ապա գործընկերությունը ձևակերպվում է իրավաբանորեն՝ փաստաթղթերով։ Կազմվում է պայմանագիր, որում որոշվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվության ձևերը, գույքի ձևավորման և շահույթի բաշխման կարգը:

Փոխհամագործակցության տեսակները որոշելը կախված է աշխատանքային փոխհարաբերությունների տեսակներից և նպատակներից, որոնք հետապնդում են բիզնեսները։

Փոխհամագործակցության դրական և բացասական կողմերը

Բիզնես համագործակցության մի շարք դրական կետերից կարել է առանձնացնել ավելի լայն հնարավորությունները, էֆեկտիվության բարձրացումը, շահույթի առավելագույն բարձրացումը, ռիսկերի նվազեցումը, առողջ մրցակցության ապահովումը, ընդհանուր ֆոնդերի ստեղծումը, գիտելիքների և հմտությունների փոխանակումը և այլն։

Բացասկան կողմերից գլխավորը բիզնեսի ղեկավարման բարդությունն է։ Տարաձայնությունների դեպքում կողմերը կդժվարանան որոշում ընդունելուց և ղեկավարելուց, ինչը կարող է, մեղմ ասած, լավ չանդրադառնալ բիզնեսի վրա։

Որտեղ և ինչպե՞ս գտնել գործընկերների

Ներկայիս աշխարհում բիզնեսմեններն ունեն մի շարք գործիքներ, որոնց շնորհիվ կարող են այլ գործընկերների ուշադրությունը հրավիրել սեփական բիզնեսի վրա։ Նրանք չեն սահմանափակվում միայն թեմատիկ միջոցառումներին ժամանելով։ Կարելի է օգտագործել ավելի նոր ու թարմ մեթոդներ, այդ թվում՝ համացանցը։

Ճիշտ ու գրագետ համագործակցության արդյունքում նպատակներին հասնելն ավելի հեշտ է։

Համագործակցության օրինակներ

Արդի աշխարհում յուրաքանչյուր օր կնքվում են համագործակցության միլիոնավոր պայմանագրեր։ Դրանցից կարող ենք թվարկել շատերը։ Մարզահագուստ արտադրող ընկերությունները և համաշխարհային սպորտի դեմքեր՝ Nike + Կրիշտիանու Ռոնալդու, Adidas + Մուհամեդ Սալահ, Puma + Անտուան Գրիզման, Jordan + Կիլիան Մբապե, սնունդ և զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ընկերություններ՝ Lays + Pepsi, սպորտային իրադարձություններ և գարեջուր՝ Heineken + Չեմպիոնների լիգա, երգչուհի Ռիհաննայի և Armani jeans-ի և շատ ու շատերի միջև։

Մեր նյութը կամբողջացնի հետևյալ աֆորիզմը՝ «Եթե դուք չեք հավատում համագործակցությանը, ապա նայեք, թե ինչ տեղի կունենա մեկ անիվը կորցրած կառքի հետ», — Նապոլեոն Հիլ։

Կիսվել նյութով