Soft skill-երը կամ «փափուկ» հմտությունները ցանկացած գործում կարևոր են: Մի քանի անգամ կարևոր է, որ նման հմտությունների տիրապետի ղեկավարը:
Շարունակելով կրթական նյութերի շարքը, այսօր ներկայացնելու ենք մի քանի հմտություն, որոնք կօգնեն բոլորին՝ հատկապես ղեկավարներին:
Ճկունություն
Ղեկավարը այն մարդն է, որի որոշումներից կախված է ընկերության մասնաճյուղի կամ երբեմն ընկերության ճակատագիրը: Այդ պատճառով շատ կարևոր է, որպեսզի անընդհատ փոփոխվող պայմաններում ղեկավարը լինի ճկուն և կարողանա արագ արձագանքել ստեղծված ցանկացած իրավիճակի:
Օրինակները բազմազան են: Ստեղծված տեխնիկական խափանումներից մինչև աշխատանքի թերացում կամ ֆորս մաժորային իրավիճակներ: Ղեկավարը պարտավոր է ճիշտ արձագանքել բոլոր իրավիճակներին և կարողանա ջրից «չոր» դուրս գալ:
Աշխատավայրում տրամադրություն զգալու/ստեղծելու ունակություն
Ղեկավարը ճիշտ կկարողանա ղեկավարել իր անձնակազմը միայն այն դեպքում, երբ նա հասկանա, թե ինչն է ուրախացնում իր թիմին և թե ինչ խնդիրներ ունեն իր թիմակիցները:
Բնական է, որ բոլորը աշխատանքից զատ ունեն նաև անձնական կյանք: Շատերն են աշխատանքից հետո իրենց ժամանակը տրամադրում ընտանիքին, ընկերներին և այլն: Բոլորի մոտ կյանքը տարբեր է, ինչն էլ ստեղծում է տարբեր տրամադրություններ աշխատավայրում:
Անչափ կարևոր է, որպեսզի ղեկավարը կարողանա զգալ այդ տրամադրությունները՝ փորձելով ցրել բացասականը և միայն դրականը թողնել աշխատավայրում: Պակաս կարևոր չէ նաև ղեկավարի տրամադրությունը, սակայն ցանկալի է, որպեսզի նա անկախ ամենից միշտ բարձր տրամադրությամբ ներկայանա աշխատանքի՝ իր դրական էներգիան փոխանցելով աշխատակիցներին:
Ոգեշնչելու ունակություն
Բարդ ժամանակներում աշխատակիցներին հարկավոր է ավելի շատ ուշադրություն, քան սովորական շրջաններում:
Ճգնաժամային շրջաններում, բազում հանդիպումներ են տեղի ունենում ղեկավարների և աշխատակիցների միջև և ղեկավարները ներկայացնելով իրականությունը երբեմն չեն կարողանում ճիշտ ներկայացնել իրականությունն ու հատում են թույլատրելի՝ «կարմիր» գծի սահմանը: Իրականությունը լսելուց հետո, բնականաբար, քչերը կցանկանան շարունակել աշխատել նման ռիսկային պայմաններում, այդ պատճառով աշխատակիցներին ոգեշնչելու ունակությունը անչափ կարևոր է: Պետք է հիշել, որ ավելորդ հույսեր ներշնչելն իհարկե սխալ է, սակայն առանց ոգեշնչման կկորցնեք ձեր լավագույն մասնագետներին, ինչն անհետևանք չի մնա:
Հեռատեսություն
Իհարկե, ղեկավարն էքստրասենս չէ և չի կարող ունենալ ապագան տեսնելու և կանխորոշելու կամ մտքեր կարդալու ունակություններ, սակայն միաժամանակ նա պետք է ունենա «հոտառություն», լինի լավ վերլուծաբան, որը լավ գիտի իր թիմի ուժեղ և թույլ կողմերը և կարող է հաշվարկել տարբեր գործոններ, որոնք կարող են հաջողություն բերել թիմին: Նման հմտություններով օժտված ղեկավարն իրեն ապահովագրում է իրադարձությունների չհաշվարկված ու չպլանավորված զարգացումներից:
Մեկ առաջադրանքից մյուսին անցնելու ունակություն
Հաճախ է լինում, երբ բոլոր աշխատակիցները իրենց հարցերով շեղում են ղեկավարին: Հնարավոր է, որ լինեն այնիսի դեպքեր, երբ բոլորը սպասում են նրա պատասխաններին, այդ պատճառով կարևոր է, որ ղեկավարը կարողանա արագ պատասխանել հարցերին և մեկ առաջադրանքից մյուսին անցնի: Կարևոր է, որ այդ ընթացքում նա չկորցնի պատասխանների որակը և հիշի, թե այդ ընթացքում ինչ է քննարկել աշխատակիցների հետ:
Կարևոր է արագ կողմնորոշվել նաև այն դեպքերում, երբ օրինակ ղեկավարը դուրս է եկել երկար քննարկումներից ու բանավեճերից և պետք է հանդիպի լրագրողների հետ: Պարզ է, որ նրանց հետ պետք է արդեն լինել ավելի բարեհամբույր:
Արդեն պարզ է, որ ղեկավար լինելու համար զուտ աշխատանքային իրավունքներն ու պարտականություններն իմանալը քիչ է: Ցանկացած աշխատանքում պետք է տիրապետել մի շարք «փափուկ» հմտությունների:
Մի մոռացեք միանալ մեր տելեգրամին սեղմելով այստեղ: