ARMSME

Հայ-չինական կապերն ամրապնդվում են

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Արմեն Արզումանյանը օրեր առաջ ընդունել են ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը:

Հանդիպման նպատակն էր քննարկել տնտեսության ոլորտի տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման, ինչպես նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը։ Երկուստեք ընդգծվել է, որ ավիաչվերթների իրականացումը կնպաստի ոչ միայն Հայաստանում և Չինաստանում զբոսաշրջության զարգացմանը, այլև երկկողմ գործարար կապերի ամրապնդմանը։

Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվել է առավել ակտիվացնել ցուցահանդեսների կազմակերպումը։ Առաջարկվել է նաև դիտարկել բժշկական զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։

Կողմերը պայմանավորվել են առավել մանրամասն ուսումնասիրել Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունները և քայլեր ձեռնարկել քննարկման ընթացքում արծարծված հարցերն առավել իրատեսական հիմքերի վրա դնելու ուղղությամբ։

Կիսվել նյութով