ARMSME

Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է. Ովքե՞ր են պարտք տալիս Հայաստանին

Հայաստանը բյուջեի դեֆիցիտը փակելու համար պարբերաբար պարտք է վերցնում արտաքին աշխարհից։ Մեր երկրի «մշտական» վարկատուներից են Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, բազմաթիվ  օտարերկրյա պետություններ և միջազգային կառույցներ։

2022 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին վարկերն ու փոխառությունները կազմել են 4 մլրդ 266 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ նվազել է մոտ 215 մլն դոլարով կամ  4.8%֊ով։

 ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ արտաքին վարկերի մոտ 79%֊ը միջազգային կազմակերպություններից ստացված փողերն են, մնացածը՝ օտարկերյա պետություններից ստացված վարկերն ու փոխառություններն են։

Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է։ Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ Հայաստանը Համաշխարհային բանկին պարտք է 1 մլրդ 633 մլն դոլար, որը կազմում է Հայաստանի արտաքին վարկերի 38.3%֊ը։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (IBRD) բաժին է ընկնում պարտքի 19.2%֊ը,  իսկ ՀԲ֊ի կազմում գտնվող մյուս կառույցին՝ Զարգացման միջազգային ընկերակցությանը (IDA)՝  19.1%֊ը։

Հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն (ADB) է (17%)։ Հաջորդում են  Արժույթի միջազգային հիմնադրամն (IMF, 8.8%) ու Ռուսաստանի Դաշնությունը (7.7%):

Օտարկերյա պետություններից համեմատաբար խոշոր վարկատուներից են նաև Գերմանիան ու Ճապոնիան։

Նախորդ տարիների տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ Համաշխարհային բանկը  Հայաստանի խոշորագույն վարկատուն  է ոչ միայն այսօր, այլ նաև՝ անցած տարիներին։ 

Ստացված վարկերն ու փոխառությունները Հայաստանը մարում ու սպասարկում է ըստ կոնկրետ ժամանակացույցի։ 

Նյութի աղբյուրը՝ ejc.am

Կիսվել նյութով

Տեքստ