ARMSME

Հեղափոխական լուծում՝ Գյումրիի զբոսաշրջության համար

Գյումրիում զբոսաշրջության զարգացումը կարելի է նկատել անզեն աչքով: Այդ մասին փաստում են ոչ միայն քաղաքի ակտիվ կյանքն ու բազում ոլորտների աշխուժացումը, այլ նաև թվերը։ Հայաստանն 2019 թվականին ընդունել է շուրջ 1 միլիոն 900 հազար զբոսաշրջիկ, որոնց ճնշող մեծամասնության համար Գյումրին անպայման այցելվող վայրերի ցանկում էր։ Ճիշտ է, կորոնավիրուսային շրջանում այս թիվը նվազեց, սակայն այս տարի կրկին մոտեցանք այդ ցուցանիշին։

Մեծ է նաև ներքին զբոսաշրջիկների թիվը։ Մարդիկ նախընտրում են իրենց հանգստյան օրերն անցկացնել Գյումրիում։ Գումարենք նաև մի շարք կարևոր միջոցառումներ ևս ու ստանում ենք զբոսաշրջային մեծ հոսք՝ դեպի Հայաստանի 2-րդ քաղաք։

Գյումրի․ Սուրբ «Յոթ Վերք» եկեղեցի

Գյումրեցիները կհամաձայնվեն, որ այլ քաղաքներում ապրող իրենց հարազատները բազմիցս հարցնում են թե ու՞ր գնալ Գյումրիում։ Հարցին պատասխան տալու համար երեկ գործարկվել է urgnalgyumrium.am կայքը, որի գլխավոր նպատակը Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը նպաստելն ու զբոսաշրջիկների կյանքը «հեշտացնելն» է:

Մեկ հարթակում ամփոփված են Գյումրիի և հարակից տարածքների բացահայտված ու չբացահայտված տեսարժան վայրերը, հայտնի ու անհայտ սննդի կետերն ու գիշերակացի համար նախատեսված հյուրանոցները, հյուրատները, օրավարձով տներն ու B&B-երը։

Կայքի բացման նորությանը դրական արձագանքեցին թե’ հայրաքաղաքի, թե’ Հայաստանի այլ քաղաքի բնակիչները: Հնչեցին բազմաթիվ դրական կարծիքներ կայքի վերաբերյալ։

Գաղափարի իրականացնողները՝ ԲԱԼ ԼԱԲ-ի հիմնադիր տնօրեն Միշա Պողոսյանն ու ՎԵՆՏԵ ընկերության համահիմնադիր Նարեկ Թամազյանն ունեն նույն կարծիքը: Երկուսն էլ նշում են, որ սա անհրաժեշտություն էր ու առանց այս կայքի զբոսաշրջիկները բախվում էին բազմաթիվ խնդիրների:

Մասնավորապես, Թամազյանը նշում է՝ «Սա անհրաժեշտություն էր, քանզի Գյումրի այցելողները չունեին ընդհանրացված հարթակ, որտեղ կար հստակ տեղեկություն: Այո, կան ալտերնատիվ տարբերակներ, սակայն այնտեղ ինֆորմացիան հստակ չէ, թարմացված չէ և այլն: Մենք ուշադրության ենք դարձրել յուրաքանչյուր դետալին»:

Կայքի պարզությունն ու աշխատանքի հարմարավետությունն առաջինն է, ինչը կնկատի այցելուն: Հարթակում ամեն ինչ դասավորված է ըստ քաղաքի կենտրոնից՝ Վարդանանց հրապարակից ունեցած հեռավորության: Բոլոր վայրերում նշված են ինֆորմացիայի աղբյուրները, հեռախոսահամարները, քարտեզների վրա տեղադրված են հստակ հասցեները:

Կարևոր է նշել նաև, որ հատուկ բաժին կա ծնողների համար, ովքեր կարող են կայքի օգնությամբ գտնել երեխաների համար ժամանցի հետաքրքիր վայրեր։

Միշա Պողոսյանը հավելում է՝ «Ապագայում ծրագրում ենք ընդլայնվել»:

Ապագայում ծրագրված է նմանատիպ կայք պատրաստել նաև Հայաստանի այլ քաղաքների համար, իսկ urgnalgyumrium․am-ը շուտով հասանելի կլինի նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով ևս։

Իր բնույթով այս կայքը եզակի է և կարող է հեղափոխական լուծում դառնալ ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի զբոսաշրջային կյանքում:

Դերենիկ Խաչատրյան

Կիսվել նյութով

Տեքստ