ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Քարտային վճարում, թե՞ կանխիկ գումար

Վճարային քարտերն իրենց տեղը գտան մեր կյանքում: Դրանք հայտնվեցին, քայլ առ քայլ «ամրացան», դարձան մեր կյանքի անփոխարինելի մասը: Դրանց շնորհիվ հնարավոր է վճարել ցանկացած ծառայության համար, կարող եք գնումներ կատարել, թե իրական կյանքում, այնպես էլ առցանց հարթակներում:

Կամաց-կամաց կանխիկ գումար սկսում ենք քիչ օգտագործել, սակայն ինչքա՞ն է այն ձեռնտու տնտեսությանը: Այս հարցն այնքան էլ պարզ չէ, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից:

Հարկ է նշել, որ թե’ քարտային, թե’ կանխիկ վճարումներն ունեն իրենց դրական ու բացասական կողմերը:

Անկանխիկ վճարումների դրական ու բացասական կողմերը

Դրական կողմերը

  1. Հարմարավետություն. Կարող եք Ձեզ մոտ չունենալ կանխիկ գումար: Պետք չէ այն հաշվել, օրինակ, դրամարկղի մոտ, սպասել մանրի կամ փնտրել մետաղադրամներ: Քարտային վճարումներն առավել արագ են:
  2. Անվտանգություն. Քարտը կորցնելու դեպքում դրամական միջոցների կորուստը գործնականում հավասար է 0-ի: Ուղղակի անհրաժեշտ է այն միանգամից արգելափակել, այնհուհետև վերականգնել ու շարունակել օգտվել ձեր գումարներից՝ առանց կորուստների: Եթե կորցնեք կանխիկ գումարը, դրանք, կարելի է ասել, անվերադարձ «հեռացան» ձեզանից:
  3. Վերահսկողություն. Կարող եք կառավարել ձեր ծախսերն ու դրանք դարձնել վերահսկելի: Դուք միշտ, ցանկացած պահի, կարող եք իմանալ, թե ինչի վրա որքան գումար եք ծախսել:
  4. Պասիվ եկամուտ. Հնարավոր է ստանաք քեշբեք ձեր քարտին: Դա հարմար է ու արդյունավետ, եթե, օրինակ, ողջ ընտանիքն օգտվում է 1 բանկային քարտից:
  5. Օնլայն գնումներ. Վճարային քարտերի շնորհիվ կարող եք գնումներ կատարել առցանց խանութներից: Այդպես դուք էականորեն կխնայեք ձեր ժամանակն ու ինչու ոչ, երբեմն, գումարները:
  6. Հիգիենա. Ի տարբերություն կանխիկ թղթադրամների և/կամ մետաղադրամների, քարտից օգտվում է միայն 1 մարդ՝ քարտապանը, ինչը բացառում է տարատեսակ հիվանդություններով վարակվելու շանսը:
  7. Քեշբեք. Դուք ամեն տեղ վճարում եք քարտի օգնությամբ, իսկ ձեր վճարած գումարների մի մասը ձեզ հետ է վերադառնում գումարի կամ բոնուսային միավորների տեսքով:
  8. Հարմարավետություն ճանապարհորդելիս. Չկան սահմանափակումներ արտերկում քարտային վճարումներ կատարելիս, իսկ կանխիկ գումարի դեպքում այն պետք է փոխառել տվյալ երկրի դրամական միավորի:
  9. «Պարտք» առանց միջնորդավճարների. Եթե ձեր գումարները սպառվեկ են, իսկ աշխատավարձ ստանալուն դեռ շատ կա, բանկը կարող է ձեզ տրամադրել գումարային միջոցներ առանց միջնորդավճարների՝ մինչև հստակ նախատեսված ժամկետները:
  10. Գումար հավաքելու հնարավորություն. Աշխատավրձ ստանալուն պես կարող եք գումարի 10%-ը փոխանցել դեպոզիտային կամ այլ հաշիվների:

Բացասական կողմերը

  1. Ծախսելու սովորություն. Սա ավելի շատ հոգեբանական հարց է: Քարտով գնումներ կատարելիս, կարելի է ասել, չես զգում, թե որքան գումար ես ծախսում:
  2. Սպասարկման վճար. Քարտի տարեկան սպասարկման վճարը, տոկոսադրույքները վերաթողարկման դեպքում, կանխիկացման տոկոսադրույքները, տուգանքները, ծանուցումները և այլն:
  3. Խարդախություն. Խարդախությամբ զբաղվողները կարող են իմանալ ձեր քարտի տվյալներն ու այն ծառայեցնել իրենց: Իհարկե, նրանց նման «նվեր» մատուցելու շանսերը ավելի քիչ կլինեն, եթե ամեն ինչ անեք անվտանգ ու ապահովության սահմաններում: Այս ամենի հետ մեկտեղ, բնական է, որ քարտից գողացված գումարները վերադարձնելն ու դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանելն ավելի հեշտ է, քան կանխիկի դեպքում:

Կանխիկ վճարումների դրական ու բացասական կողմերը

Դրական կողմերը

Առձեռն գումարն ավելի հեշտ է հաշվելը: Այս տեսանկյունից կանխիկ գումարն ունի առավելություն, քանզի մենք տեսնում և շոշափում ենք գումարն ու մոտավոր պատկերացում կազմում դրա քանակի մասին: Այստեղ արդեն չի գործում վերոնշյալ հոգեբանական սկզբունքը, քանզի, երբ նկատում ենք, որ մեր դրամապանակում գումարները «նվազում են» և մենք տեսնում ենք դա, մեր «ախորժակն» էլ է փակվում և սկսում ենք քիչ ծախսել:

Թղթադրամների առավելությունը նաև նրանում է, որ դրանցով կարելի է կատարել վճարում ցանկացած վայրում (Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությունը նոր է կարգավորում այս դաշտը) և պետք չէ փնտրել բանկոմատներ գումարները կանխիկացնելու համար: Կանխիկով վճարելու դեպքում ավելորդ միջնորդավճարներից խուսափում ենք:

Կանխիկ գումարի առավելությունը նաև նրանում է, որ դրանք կարող եք բաշխել ըստ ծախսերի՝ խուսափելով ավելորդություններից:

Բացասական կողմերը

Գողություն. Կանխիկի թերություններից կարելի է համարել գողության ու գումարների անվերադարձ կորստի ռիսկը:

Այս շարքը կարող են համալրել նաև քարտային վճարումների դրական կողմերը, քանի որ, ինչպես պարզ դարձավ, քարտային վճարման դրական կողմը կանխիկի բացասականն է և հակառակը:

Եզրակացություն

Առօրյայում, հատկապես մեր երկրում, հարմարավետության համար ցանկալի է ունենալ և’ վճարային քարտ և’ կանխիկ գումար:

Կիսվել նյութով