ARMSME

Դրամաշնորհ՝ տնամերձ տնկարաններ հիմնելու նպատակով

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում՝ ցանկանում է ավելացնել համայնքներում տնամերձ տնկարանների քանակը։ Այս եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ.-ի մարտի 1-ից՝ ապահովելով ակտիվ ներկայություն երեք թիրախային համայնքներում՝ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում։ Տարբեր մարզերում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը աշխատել է ընտանիքների հետ, ովքեր զբաղվում են տնամերձ տնկարաններով: 

Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ Հայաստանի համայնքների համար ստեղծել կանաչ քաղաքաշինության մոդել, որն ուղղված է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը և կլիմայի փոփոխության հարմարվողականությանը։ Ծրագրի շրջանակում փոքր դրամաշնորհների միջոցով նախատեսվում է թիրախային երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ և Շիրակ, հիմնել 150 տնամերձ տնկարաններ, որոնք կմատակարարեն տարեկան մինչև 200,000 տնկի՝ հիմնադրման երրորդ տարվանից սկսած ինչպես համայնքապետարաններին, անպես էլ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամին։ Նախորդ տարվա ընթացքում, հիմնադրամին հաջողել է համագործակցել 126 տնամերձ տնկարան ունեցող շահառուների հետ։ 

Դիմումատուներին ներկայացվող պահանջները՝ 

Ծրագրին կարող են դիմել ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի բնակիչները/ անհատները, ովքեր ունեն տնամերձ հողատարածք։ Առավելություն կտրվի այն դիմումատուներին, ովքեր չունեն այլ եկամտի աղբյուր և այն ընտանիքներին ովքեր ստանում են նպաստ (հաշվառված են որպես սոցիալապես անապահով ընտանիքներ)։

Փոքր դրամաշնորհին դիմելու համար, դիմումատուների տնամերձ հողատարածքը պետք է բավարարի հետևյալ չափանիշներին.

  • հողատարածքը պետք է գտնվի շահառու մարզերի համայնքներում (Լոռի, Տավուշ և Շիրակ մարզեր),
  • տնամերձը պետք է լինի առնվազն 600-650մ2․ Հողակտորը ցանկալի է լինի ոչ քարքարոտ, ցանկապատված և ջրով ապահովված, 
  • յուրաքանչյուր մասնակից տնկանյութի աճեցման համար պետք է տրամադրի նվազագույնը 200-250մ2 հողակտոր,
  • տնամերձ հողատարածքները պետք է լինեն ծովի մակարդակից 1300-1800մ բարձրության վրա։

Տնամերձ տնկարաններին ներկայացվող ծառաթփատեսակների պահանջները

Տնամերձ հողակտորներում կարող են աճեցվել ինչպես անտառտնկման համար նախատեսվող ծառաթփատեսակներ, այնպես էլ կանաչապատման համար տնկանյութ։ Աճեցվող տնկանյութը պետք է համապատասխանի ներկայացվող չափանիշներին: Դրանք են՝

  • Անտառտնկման համար նախատեսված ծառատեսակների տնկանյութի վերգետնյա մասը պետք է ունենա 20-60սմ բարձրություն, արմատավզիկը ունենա 2-3մմ տրամագիծ, լավ զարգացած արմատային համակարգ՝ /հարուստ մազարմատներով/ վերգետնյա մասի 1/3 ի չափով, իսկ թփատեսակները՝ 
  • 30-60սմ վերգետնյա բարձրություն, թուփը պետք է լինի լավ զարգացած և կազմված լինի 2-3 զարգացած ճյուղերից, ունենա լավ զարգացած արմատային համակարգ/հարուստ մազարմատներով/: 
  • Կանաչապատման համար նախատեսված ծառատեսակները պետք է ունենան 1.5-2մ վերգետնյա բարձրություն, լավ զարգացած արմատային համակարգ/ հարուստ մազարմատներով/ վերգետնյա մասի 1/3ի չափով, արմատավզիկը ունենա 1-2սմ տրամագիծ, իսկ թփատեսակները 50-100սմ վերգետնյա զանգվածի բարձրություն, թուփը պետք է լինի լավ զարգացած և կազմված լինի 2-3 զարգացած ճյուղերից, ինչպես նաև ունենա լավ զարգացած արմատային համակարգ /հարուստ մազարմատներով/:

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվելու է բույսերի սերմեր, կտրոններ (պատվաստ) և խորհրդատվություն ծրագրի ամբողջ ընթացքում: Ծրագրի ամբողջ ընթացքում պարբերաբար իրականացվելու են այցելություններ և մշտադիտարկումներ:

Փոքր Դրամաշնորհի ծավալը

Յուրաքանչյուր տնամերձ տնկարանի (տնամերձ տնկարանից մեկ անձի/ներկայացուցչի), «ԵՄ-ն Շրջակա միջավայրի համար.Կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակում կտրամադրվի առավելագույնը 224.388 ՀՀ դրամ՝ վերոնշյալ ծրագրի շրջանակում ծառատեսակներ աճեցնելու, համապատասխան գործիքներ գնելու և խնամքի համար։ 

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Կիսվել նյութով