Հոկտեմբերի 4-ին Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լյուքսեմբուրգի Առևտրի պալատը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համատեղ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի գլխավորած պատվիրակությանը՝ սեմինար և B2B ձևաչափով հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը:
Այցի շրջանակներում Արմեն Արզումանյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախարար Ֆրանց Ֆայոյի հետ։ Նշված հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները։
Արմեն Արզումանյանը հանդիպումներ է ունեցել նաև Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի գործադիր տնօրենի, ինչպես նաև Cargolux ընկերության ներկայացուցչի հետ։
Բիզնես ֆորումին ողջույի խոսքով ելույթ է ունեցել Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի միջազգային հարցերով տնօրեն տիկին Սինդի Տերեբայը:
Միջոցառման շրջանակներում ներկայացվել է նաև Հայաստանի տնտեսության և բիզնես միջավայրի վերաբերյալ շնորհանդեսը, որից հետո հայկական գործարար պատվիրակությունը B2B հանդիպումներ ունեցել Լյուքսեմբուրգի գործընկերների հետ, որի ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Լյուքսեմբուրգի Առևտրի պալատի տնտեսական գործունեության պաշտոնական «MERKUR» ամսագիրը միջոցառման կապակցությամբ իր ամենամսյա համարում Հայաստանի մասին ծավալուն հոդված է հրապարակել։
Միջոցառման շրջանակներում գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի լյուքսեմբուրգյան ընկերությունների հետ՝ ուսումնասիրել Հայաստանում բիզնես սկսելու հնարավորությունները։