Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել էր «Buy Armenian»-ի երկրորդ համաժողովին, որի ժամանակ հայտարարել էր առաջիկայում ՓՄՁ զարգացման բանկ հիմնելու մասին։
Էկոնոմիկայի նախարարությունը նույնպես անդրադարձել է Քերոբյանի մասնակցությամբ ֆորումին`
«Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը, որի հիմնադիրներն են Լիլիթ և Նշան Օդաբաշյանները, նպատակ ունի համախմբել աշխարհասփյուռ հայությանը և հայկական ներուժը՝ միասին զարգացնելու Հայաստանի տնտեսությունը։
Նախաձեռնության շրջանակներում գործում է նաև Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ է դարձել հայաստանյան արտադրողի և տարբեր երկրներում բնակվող հայության միջև։ Առցանց վաճառքի այս հարթակում իրենց արտադրանքն են ներկայացնում առավել քան 1000 արտադրողներ, ովքեր առաջարկում են հայկական ծագման տարբեր ապրանքներ՝ սկսած սնունդից և հագուստից, մինչև տարբեր աքսեսուարներ, խաղալիքներ, հիգիենայի պարագաներ, կոսմետիկ միջոցներ, և այլն։
Համաժողովի ընթացքում Վահան Քերոբյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված ծրագրերին, աջակցության մեխանիզմներին, ինչպես նաև ՓՄՁ օժանդակության շրջանակում առաջիկայում նախատեսվող նոր նախաձեռնություններին։
Քննարկվել են հայկական բիզնեսի զարգացման ուղիներն ու հնարավորությունները, գործարարները ներկայացրել են իրենց բիզնեսի հաջողության բանաձևերը», — նշված է նախարարության կայքում։