ARMSME

Հանդիպում-քննարկում կահույքի, կոշիկի և կաշվե իրերի արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են կահույքագործության ոլորտում նախատեսվող ռազմավարական նախաձեռնությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրողների կողմից հումքի մեծաքանակ ներմուծման և փոքր ծավալներով արտահանման, ոլորտի արտադրողականության մակարդակի բարձրացման, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցեր։

Փորձագետների կողմից ներկայացվել են ոլորտի զարգացման հիմնական նպատակները, որոնցից են՝ կահույքի արտադրության չիրացված հզորությունների օգտագործումը, հայկական բարձրարժեք և յուրօրինակ արտադրանքի ստեղծումն ու կայուն որակի պահպանումը», — նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում կոշիկի և կաշվե իրեր արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ։

Այդ հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են կոշիկի և կաշվե իրերի արդյունաբերության զարգացման ռազմավարության ծրագիրը և ոլորտի զարգացմանն ուղղված պետության կողմից նախատեսվող աջակցության գործիքները։

Մտքեր են փոխանակվել արտահանման շուկաների ընդլայնման, որակյալ և բարձրարժեք կաշվե արտադրանքի նկատմամբ պահանջարկի բարձրացման, ինչպես նաև հայկական նոր բրենդների ստեղծման ու զարգացման վերաբերյալ։

Կիսվել նյութով

Տեքստ