ARMSME

ԵՄ-ն և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը աջակցում են Հայաստանին

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ՝

Հոկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացվել է կառուցողական աշխատաժողով «Ազգային որակի ենթակառուցվածքի (NQI) ռազմավարության» ազգային քաղաքականության տեսլականի ներկայացմամբ՝ կանոնակարգող մարմինների հետ կոնսենսուսի ձևավորման և արդյունավետ քննարկման նպատակով։ Ներկայացված ռազմավարության տեսլականի հիմնական նպատակն ուղղված է որակի ենթակառուցվածքի 2023-2033 թթ․ կայուն զարգացմանը՝ համակարգի բաղադրիչ  ոլորտներում համապատասխան արդյունավետ գործառույթների նախատեսմամբ և իրականացմամբ: Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից:

Աշխատաժողովին մասնակցում էին էկոնոմիկայի և կանոնակարգող շահագրգիռ նախարարությունների, որակի ենթակառուցվածքի համակարգի հաստատությունների («Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ,  «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ, Շուկայի վերահսկողության տեսչական մարմին)  և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ավելի քան հիսուն ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին ներկա պահին Հայաստանում որակի ենթակառուցվածքի ոլորտում առկա թույլ և ուժեղ կողմերը, ռազմավարության տեսլականը և դրա հետ կապված նպատակները, միջոցառումներն ու արդյունքները որակի ենթակառուցվածքի համակարգի յուրաքանչյուր բաղադրիչի համար, որոնք պետք է ուղղված լինեն ամբողջ համակարգի շարունակական և կայուն զարգացմանը, միջազգային գործընթացներին ինտեգրմանը, շուկայի կարիքների բավարարմանը, սպառողի իրավունքների պաշտպանությանը, հասարակության իրազեկմանը:

Աշխատաժողովն անցկացվել է «Հայաստանում որակի ենթակառուցվածքի աջակցություն» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում՝ UNIDO-ի կողմից։

«Հայաստանում Որակի ենթակառուցվածքի աջակցություն» ծրագրի նպատակն է նաև զարգացնել չափագիտության ներուժը’ Հայաստանի Հանրապետությունում շահագրգիռ կողմերին կայուն և միջազգայնորեն ճանաչված ծառայություններ մատուցելու համար։

Կիսվել նյութով

Տեքստ