Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայտնի էր դարձել, թե որքան գումար են վճարել 1000 խոշոր հարկ վճարողները՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին:
Ի լրումն, ՊԵԿ-ը ներկայացրել է նոր տեղեկություններ՝
2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։ Հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8%-ով:
Հարկային եկամուտները 2022թ․ առաջին 9 ամիսներին շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2%-ով գերազանցել են 2021թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչը վերջին տարիներին արձանագրված ամենաբարձր աճի տեմպն է, ընդ որում՝ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 172 մլրդ դրամ, ինչը 39․7 մլրդ դրամով կամ 30%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից,
ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի՝ ըստ նորմատիվների բաշխման արդյունքում ներմուծման մաքսատուրքերի գծով մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 21․6 մլրդ դրամով կամ 35%-ով։
2022թ․ 9 ամիսների ընթացքում հարկային եկամուտների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները, որին բաժին է ընկնում հարկային եկամուտների շուրջ 8%-ը։