ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը՝

Նոյեմբերի 4-ին Երևանում կայացել է Տնտեսական համագործակցության հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար Դանիյար Ամանգելդիևի համանախագահությամբ։ Նիստին մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Արմեն Արզումանյանը, այլ պետական գերատեսչությունների պաշտոնյաներ։

Նիստի բացմանը նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև տնտեսական համագործակցությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում, սակայն առկա է փոխգործակցության մեծ ներուժ, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։ Այս համատեքստում կողմերը դիտարկել են համագործակցության հնարավորությունը հատկապես ինտենսիվ այգեգործության և ձկնաբուծության ոլորտներում։

«Մեր նպատակն է ամրապնդել երկկողմ տնտեսական կապերը մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացումն ապահովելու նպատակով։ Մեր առաջնահերթությունն է համատեղ հեռանկարային ներդրումային նախագծերի իրականացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, փորձի փոխանակումն ու բարենպաստ պայմանների ստեղծումը հայ և ղրղզական գործարար շրջանակների միջև», — նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ Հայաստանը հետաքրքրված է ղրղզական շուկայով, հատկապես հիդրոէներգետիկայի և արևային էներգետիկայի ոլորտներում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղրղզստանը Չինաստանի հետ հարևան երկիր է՝ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ Ղրղզստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները կօգնեն խորացնել նաև Չինաստանի հետ տնտեսական կապերը։

Իր ելույթում Դանիյար Ամանգելդիևը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, համատեղ իրականացնել տրենդային նախաձեռնություններ, կայուն և նորարարական նախագծեր տնտեսության ոլորտում՝ ի շահ երկու երկրների զարգացման։

Միջոցառման ավարտին ստորագվել է նիստի արձանագրությունը, որի կետերի իրականացումը կնպաստի Հայաստանի և Ղրղզստանի տնտեսական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այցելել են նաև ինտենսիվ այգի։

Այսօր առավոտյան արդեն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է ՝

«Վաղ առավոտյան հանդիպել ենք ղրղզական պատվիրակությամ և Սպայկա ընկերության հետ` նախանշելու հայ֊ղրղզական մասշտաբային գյուղատնտեսական համագործակցության պարամետրերը»:

Возможно, это изображение 6 человек, люди сидят и в помещении

Կիսվել նյութով