ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Իմփաքթ Հաբ Սյունիքը` Գորիսում

Աշխարհի 60-ից ավել երկրում տեղակայված շուրջ 107 Իմփաքթ Հաբերին միացավ նաև Իմփաքթ Հաբ Սյունիքը, որը բացվեց Գորիսում։ Այն Հայաստանում գործող թվով 2-րդ Իմփաքթ Հաբն էր։ Առաջինը տեղակայված է մայրաքաղաքում։

Երևանում գործող Իմփաքթ Հաբի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանն armsme.am-ի հետ զրույցում ներկայացրեց Գորիսում գործող հաբից մանրամասներ`

«Իմփաքթ Հաբ Երևանում, երբ վերջին 5 տարիներին զբաղվում էինք սոցիալական ձեռներեցության զարգացմամբ, հասկացանք, որ մարզերում ևս նման ծրագրերի ու կառույցի անհրաժեշտություն կա և երբ արդեն կարող էինք հանգիստ լինել Իմփաքթ Հաբ Երևանի կայուն գործունեության համար, որոշեցինք մարզերում ևս Իմփաքթ Հաբեր բացել։ Առաջին մարզը, որը ընտրեցինք, եղավ Սյունիքը: Ունեցանք հստակ աջակցող կառույցներ՝ «ԱԿԲԱ» Ֆեդերացիան և Եվրոմիությունը»։

Նրա խոսքով ընտրվել է հենց Գորիս քաղաքը, քանզի այն լոգիստիկ տեսանկյունից ամենահարմարն էր՝ մարզի տարբեր քաղաքներից և գյուղերից այստեղ գալու առումով։

Գևորգ Պողոսյան. Իմփաքթ Հաբ Երևանի և Իմփաքթ Հաբ Սյունիքի գործադիր տնօրեն

«Այս պահին Հաբի տարածքն ամբողջությամբ գործում է։ Որպես կառույց, Իմփաքթ Հաբ Սյունիքի նպատակը մարզում բոլոր շահառուներին, բոլոր կառույցներին, որոնք կապ ունեն ձեռնարկատիրական էկոհամակարգի հետ իրար կապելն է», — ասում է տնօրենը, հավելելով, որ մարտահրավերները շատ են և դա էլ այն պատճառներից մեկն է, որ որոշումը կարողացան հստակ կայացնել ու ցույց տալ, որ կոնֆլիկտային տարածքներում և նման ռիսկային գոտիներում, ինչպիսին Սյունիքի մարզն է այսօր, կարելի է և պետք է իրականացնել ակտիվ գործունեություն, մարզն ու ձեռնարկատիրական էկոհամակարգն ուժեղացնելու համար:

Իմփաքթ Հաբ բացելն այնքան էլ պարզ գործ չէ։ Այն իրենից ենթադրում է մեծ ջանքեր ու բարդ գործընթացներ:

Ինչպես նշում է տնօրենը, լիցենզավորման համար նրանք կարողացել են իրականացնել հստակ վերլուծություն, որով ցույց են տվել, որ Սյունիքի մարզը պատրաստ է նման կառույց ունենալուն, որ այս մարզում կա ձեռնարկատիրական, ինչպես նաև սոցիալական ձեռներեցության պոտենցիալ:

«Կան հստակ աջակցող կառույցներ, որոնք կարող են ապահովել Իմփաքթ Հաբ Սյունիքի առաջիկա տարիների կայունությունը»։

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանում գործող Իմփաքթ Հաբերի թիվը դարձնել երեք: Հերթը Գյումրիինն է և այնտեղ աշխատանքները կմեկնարկեն արդեն գալիք տարի, իսկ հիմա պետք է կայունացնել Իմփաքթ Հաբ Սյունիքի աշխատանքները:

Արփա Հակոբյան. Իմփաքթ Հաբ Սյունիքի գործառնական աշխատանքների համակարգող

Իմփաքթ Հաբ Սյունիքի գործառնական աշխատանքների համակարգող Արփա Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ավելի մանրամասն խոսեց կառույցի գործունեության մասին`

«Մենք ունենք երկու գործունեություն. մեկն անհատների ծրագրերին զարկ տալն ու բիզնես մոդելներին աջակցելն է, իսկ մյուսը` co working space-ը։ Այսինքն կարող եք վարձակալությամբ ունենալ գրասենյակ։

Համայնքը զարգացնելու և ամրացնելու համար, ինչը շատ կարևոր է, ունենալու ենք համայնքային միջոցառումներ, որոնք նախատեսված են բոլոր տարիքի, սեռի անձանց համար։ Մենք բաց ենք և հրավիրում ենք Սյունիքի անհատներին, որպեսզի կարողանանք ստեղծել համայնք։ Մենք ավարտեցինք SEES նախագիծը և ապագայում` արդեն մյուս տարի, շեշտը դնելու ենք գյուղատնտեսական ծրագրերի վրա, որը նպաստելու է Սյունիքից չհեռանալուն»:

Կիսվել նյութով