Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը այսօր՝ նոյեմբերի 18-ին, հյուրընկալվել է Գյումրիում գործող ԲԱԼ մարքեթինգի և ստեղծարար ԼԱԲ:
Ծանոթացումից հետո ԲԱԼ ԼԱԲ-ի թիմը դեսպանին ներկայացրել է ապագայի տեսլականն ու այն նպատակները, որին ձգտում է հասնել նորաստեղծ ընկերությունը, մասնավորապես՝ Գյումրին դարձնել թվային քաղաք:
Ջոն Գալագերն ու ընկերության հիմնադիր Միշա Պողոսյանը մտքեր են փոխանակել իրականացվող ծրագրերի մասին: Դեսպանը մեծ գոհունակություն է հայտնել հատկապես ընթացքի մեջ գտնվող «Թվային Անտառ» ծրագրից:
«Մենք շատ մտահոգ ենք բնակլիմայական խնդիրներով և այս հրաշալի ծրագիրը կարող է օգնել այդ հարցում: Այն իր դրական ազդեցությունը կունենա 2 պատճառով: Նախ այս ուղղությամբ կզարգանան տեխնոլոգիաները, բայց առաջնային պատճառը կլիմայի փոփոխության հիմնախնդիրն է: Այս ծրագիրն ամենակարևորներից է և այն ցույց կտա Հայաստանի արժեքներն ու նորարարությունները: Ծրագիրն ունի մեծ պոտենցիալ», — նշել է դեսպանը:
Հանդիպումը եզրափակվել է Գալագերի Հայաստանի մասին մտքերով: Դեսպանը նշեց, որ մեկ ու կես տարի է ինչ նշանակվել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, իսկ Գյումրիում եղել է 1 տարի առաջ, —«Այն ժամանակ ևս քաղաքը ակտիվ էր, իսկ հիմա այն ավելի է ակտիվացել: Անչափ հաճելի է տեսնել, որ քաղաքում իրականացվում են նման նախագծեր»: